Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Վիգեն Սարգսյանը «դրսում» կադրեր փնտրում

Ապրիլ 02,2018 13:30

Վիգեն Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել 2016 թվականի հոկտեմբերի 3-ին՝ նույն տարվա քառօրյա պատերազմից վեց ամիս անց: Նշանակման օրվանից անցած մոտ 1,5 տարում Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունները վկայում են, որ նա առանձնապես մեծ հույսեր չի կապում պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների հետ:

Վիգեն Սարգսյանը նախաձեռնեց «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնց նպատակն է զինվորական դառնալու ցանկություն չունեցող մարդուն բարձր աշխատավարձով, ծառայությունից հետո ստանալիք գումարով բանակում պահել ավելի քան օրենքով ժամկետային ծառայության համար սահմանված երկու տարին: Հիմա էլ Վիգեն Սարգսյանը կառավարությանն առաջարկում է այլ բուհերում սովորող ուսանողներին հնարավորություն տալ ռազմական պատրաստություն անցնելու պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում եւ ծառայել բանակում: Ինչպես «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերը, այս մեկն էլ հիմա դրված է հանրային քննարկման:

ՊՆ համակարգում մի շարք ռազմաուսումնական հաստատություններ կան: Օրինակ՝ 1993 թվականից գործում է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը, 1994 թվականից՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ըստ պաշտպանության նախարարության՝ ռազմաուսումնական այս հաստատությունները կոչված են բանակի համար բարձրորակ սպայական կադրեր կրթելու եւ ամեն տարի կատարելագործում են ուսումնական գործընթացը: 2015 թվականի հունվարի 29-ին Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սպանվեց կուրսանտ Հայկազ Բարսեղյանը: Ըստ գործի նյութերի՝ սա խմբակային սպանություն է, մարդասպաններից մեկը՝ համալսարանի պետի տեղակալի որդին: Սա նշանակում է, որ գոյության ավելի քան 20 տարում համալսարանը չի դարձել սպայական դարբնոց, էլ ուր մնաց կատարելագործվի, պետի տեղակալի որդին սպա դառնալու համար չէ, որ բուհում է: Բուհն էլ բուհ չի:

Չի բացառվում, որ այս ողբերգությունն է պատճառը, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փորձում է բանակը համալրել ՊՆ համակարգից դուրս գործող բուհերի ուսանողներով ու «Ես եմ», «Պատիվ ունեմ» ու նման ծրագրեր է նախաձեռնում: Ես հասկանում եմ Վիգեն Սարգսյանին: Չեմ հասկանում, թե ինչու Վիգեն Սարգսյանը չի նախաձեռնում ՊՆ ռազմաուսումնական այն հաստատությունների մաքրումը, որտեղ ոչ թե սպա են կրթում, այլ սպանում են ապագա սպային:

Պաշտպանության ոլորտի շատ ծախսեր գաղտնի են, ինչը բնական է: Անբնական է, որ Վիգեն Սարգսյանը, ծախսերի արդյունավետությանը լուրջ կասկածելով եւ բանակի համար «դրսում» կադրեր փնտրելով, չի փորձում բարձրացնել պաշտպանության նախարարության համակարգում կատարվող ծախսերի արդյունավետությունը՝ արմատապես փոխել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում դրվածքը, կուրսանտների նկատմամբ վերաբերմունքը, բացառել ղեկավարների որդիների օրենքից վեր կարգավիճակը: Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունը մահվան ելքով միակ աղմկոտ գործն է ու միաժամանակ ապացույցը համալսարանում տիրող հանցավոր բարքերի: Ո՞վ գիտի, թե քանի կուրսանտի է նվաստացրել բարձրաստիճան որեւէ պաշտոնյայի որդու հրոսակախումբը, ու դրանից հետո քանի հայի աչքում ու մտքում է հայկական բանակը հեղինակազրկվել: Հանցավոր անփույթ ղեկավար հայրն ու մարդասպան որդին անտանելի ցավոտ հարված են հասցրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանին: Ու հիմա Վիգեն Սարգսյանը փորձում է այս վատահամբավ ուսումնական հաստատությունում ռազմական պատրաստություն կազմակերպել այլ բուհերի ուսանողների համար: Եթե հաջողի՝ կուրախանամ: Բանակի համար: Եթե ձախողվի՝ կտխրեմ: Նախ բանակի համար, ապա՝ որ Վիգեն Սարգսյանը, ինչպես Հայաստանի պետական պաշտոնյաների մեծ մասը, չփորձեց իրեն վստահված համակարգը մաքրել ամեն տեսակի հրոսակախմբերից:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

31.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30