Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը կիրակի քննադատել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուհին՝ նրան անվանելով ահաբեկիչ և նվաճող, հաղորդում է «Ալ-Ջազիրան»:
«Նեթանյահուն շատ տարօրինակ և անհեթեթ հայտարարություններ է անում: Այն դեպքում, երբ Թուրքիան պայքարում է ահաբեկչական խմբավորումների դեմ, Իսրայելն իրականացնում է ահաբեկչության քաղաքականություն, ոչ թե՝ հանցավորության դեմ պայքարի,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ադանայում: – Դուք նաև ահաբեկիչ եք: Պատմությունը հիշում է՝ ինչ եք դուք արել այն բոլոր խեղճ պաղեստինցինի հետ»:
Էրդողանը նաև նշել է, որ Նեթանյահուն պետք է անկեղծություն դրսևորի և դադարի քննադատել Թուրքիային: .«Հակառակ դեպքում Իսրայելի իշխանությունները դրական արձագանք չեն ստանա Անկարայից»,- ընդգծել է նա:
Էրդողանի այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մարտի 30-ին Գազայի հատվածում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 17 պաղեստինցի:
Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան իրավունք չունի բարոյականության դասեր տալ Իսրայելին:
«Էրդողանը սովոր չէ, որ իրեն պատասխանում են, պետք է սկսի սովորել,- գրել է Նեթանյահուն Facebook-ի իր էջում:- Նա, ով օկուպացնում է Հյուսիսային Կիպրոսը, ներխուժում քրդական շրջաններ և ոչնչացնում Աֆրինի քաղաքացիական բնակչությանը, իրավունք չունի մեզ բարոյական արժեքների վերաբերյալ դասեր տալ»,- գրել է Իսրայելի վարչապետը:
Ուրբաթ տասնյակ հազարավոր պաղեստինցիներ դուրս էին եկել փողոց՝ պահանջելով փախստականների վերադարձ: Մի շարք շրջաններում ցուցարարների և իսրայելցի ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 17, վիրավորվել մոտ 1500 արաբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ