Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գուցե բալետային նախագիծ ներկայացնեմ Կոնստանտին Օրբելյանին»

Ապրիլ 02,2018 12:00

Հարցազրույց դաշնակահար,
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի հետ

– Մասնագետները ձեր արվեստի մասին խոսելիս նշում են հատկապես անդրադարձը ժամանակակից դաշնամուրային ստեղծագործություններին: Ոմանք էլ կեսկատակ-կեսլուրջ ասում են, թե դա ինչ-որ տեղ «խորամանկ» քայլ է… Մենք էլ ասվածին հավելենք ձեր մասնակցությունը հիմնականում ժամանակակից երաժշտության միջազգային փառատոներին…

– Համամիտ եմ հնչեցրած կարծիքներին, ասվածի մեջ ճշմարտություն կա: Առաջին միջազգային «Concerto di Concerti» փառատոնը 2000 թվականին էր՝ Հռոմում, որին հետեւել են բազմաթիվ նման ձեւաչափի փառատոներ: Բայց կարիերայիս սկիզբը 1997-ն էր՝ Խաչատրյանի հանրապետական մրցույթը, որտեղ արժանացա հատուկ մրցանակի: Ի դեպ, անցյալ տարի էլ մասնակցեցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից անցկացված «Խաչատրյան ֆեստին», հանդես գալով Շոպենի եւ Սկրյաբինի երկերով: Իսկ դրանից առաջ Բախին նվիրված երեւանյան մենահամերգիս ժամանակ ներկայացրի կոմպոզիտորի հազվադեպ կատարվող խորալային պրելյուդներից եւ տարբեր դաշնակահարների կողմից արված փոխադրումներ եւս: Ինձ նույնպես քանիցս հարցնում են՝ դժվար չէ՞ ժամանակակից հեղինակների գործեր մեկնաբանելը:

Հայ կոմպոզիտորներից Էդուարդ Սադոյանը, Կարեն Անանյանը, Ժիրայր Շահրիմանյանը, շվեյցարաբնակ Արամ Հովհաննիսյանը, Արթուր Ակշելյանը եւ մյուսները իրենց ստեղծագործությունների առաջին կատարումը վստահել են ինձ: Կան նաեւ արտասահմանցի կոմպոզիտորներ, որոնք նույնպես ինձ են նվիրել իրենց երկերը: Վերջինը՝ «Գիշերվա եւ ցերեկվա օրհներգեր», ստացա բուլղարացի Պետեր Կերկելովիից, որի առաջին կատարումը կկայանա օրերս Բուլղարիայում անցկացվող ժամանակակից դաշնամուրային երաժշտությանը նվիրված Ppianissimo փառատոնի շրջանակներում: Ժամանակակից հեղինակների գործերը ներկայացրել եմ նաեւ այլ ձեւաչափերով, օրինակ՝ 4-5 տարի առաջ Ժամանակակից արվեստի թանգարանում հանդես եկա նկարչուհի Մոկոյի հետ՝ հնչեցնելով Դելալյանի, Մանսուրյանի եւ այլ կոմպոզիտորների երկերից, ուր հանդիսատեսի ներկայությամբ դաշնամուրային իմպրովիզացիայի ուղեկցությամբ ստեղծվեց մի կտավ…

Դաշնակահարը՝ մաեստրո Օրբելյանի եւ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ:

– Դուք կամ ձեր պրոդյուսերը՝ Ալեքսանդր Հակոբյանը, որի հետ համագործակցում եք ավելի քան տասը տարի, երբեւէ չե՞ք մտածել մենահամերգներին հաղորդել շոուի տարրեր, մանավանդ որ հնչեցնելով այդչափ ժամանակակից երաժշտություն, երբեւէ չեք ներկայացել սեփական ստեղծագործություններով: (Ավարտել է նաեւ Երեւանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը, Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ):

– Դա միանշանակ իմ բացթողումն է, իհարկե, ունեմ գրված մի շարք ստեղծագործություններ, անկեղծ ասած՝ գուցեեւ հասկանալի պատճառով, մեծ թիվ են կազմում դաշնամուրայինները: Ստեղծել եմ նաեւ վոկալ շարք, պապիս՝ բանաստեղծ Սոկրատ Խանյանի երկերով… Դիպլոմային աշխատանքս բալետային սյուիտ էր, ճիշտն ասած՝ այս պահին միտք ծագեց այն ներկայացնել Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին:

– Չե՞ք կարծում, որ դա նաեւ ձեր պրոդյուսերի բացթողումն է, որն, ի դեպ, Հ1-ի գլխավոր պրոդյուսերն է: Ավելին, ձեզ երբեք չենք հանդիպում հայաստանյան TV-ներով, այդ թվում՝ Հանրային:

– Կարծում եմ՝ այս հարցն ավելի շատ ուղղված է պրոդյուսերիս: Ինչ վերաբերում է մեր համագործակցությանը, դա իսկապես բուռն է, օրինակ՝ 2017թ. Կիեւում մասնակցեցի GogolFest ժամանակակից արվեստների փառատոնին: Այդ մեծ միջոցառումը հակիրճ պարզապես չեմ կարող ներկայացնել: Մինչ այդ փառատոնն էլ Իտալիայում էի, որտեղ հանդես եկա Սան Լեոյում ավանդաբար անցկացվող փառատոնում: Նշեմ նաեւ մեկ հեղինակավոր միջոցառում նույնպես, որին երկրորդ անգամ էի մասնակցում. դա Բեյրութում Les Musicalles de Baabdath փառատոնն էր:


Զրույցը՝
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ.Գ. Տիգրան Մանսուրյանը մի առիթով Հայկ Մելիքյանի մասին ասել էր. «Դուք ասում եք գոյության տոնական զգացողություն, ասում եք ապրելու անխառն ուրախություն… Կարծում եմ՝ սրանք եւ այս շարքի շքեղությունները Հայկ Մելիքյանն առավել խորքով վայելում է այն պահերին, երբ դաշնամուրի առջեւ է, երբ նվագում է։ Այս պահերին է, որ նա հավասարապես մերթ դաշնակահար է, մերթ կոմպոզիտոր։ Ապրվող մնացյալ ժամերը նա նվիրում է այս պահերն առավել հասուն դարձնելուն, հնարավոր խորքով կայացնելուն։ Ինչ կա ավելի հրաշալի, քան երբ մեկը ինքն է ստեղծում իր ուրախությունը՝ վայելելու համար այն եւ բաժանելու նրանց, ովքեր ունակ են այդ ուրախությունը իրենցը դարձնելու…»։

«Առավոտ»

31.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30