Սպայի համազգեստով բարձրահասակ երիտասարդը տան շեմքին հրաժեշտ տվեց մորն ու ասաց.
-15 օրից կգամ, մամ ջան, արձակուրդ եմ վերցնելու…
-Զգույշ կլինես, Մերուժ ջան,-ասաց մայրն ու ակամայից սկսեց հեկեկալ…Առաջին անգամը չէր որդուն ճանապարհում, բայց անբացատրելի հուզմունքը խեղդում էր…
Մարտի 30-ն էր, գարնան տաք մի օր, մեքենան սլանում էր ազատագրված Արցախի ողորկ ճանապարհով, Մերուժանը նայում էր ամպերի արանքից շողացող արևին ու ժպիտով երազում: «Երկու ամսից ամուսնանում եմ, հարսանիքս պետք է այս հրաշալի բնության գրկում լինի»,- մտածում էր ու ինքնամոռաց ժպտում: Արցախ աշխարհը գեղեցիկ էր՝ նոր-նոր երևացող կանաչով ծածկված: «Մարդկային բյուրավոր կյանքեր է խլում այս հողի համար մղվող պատերազմը, անավարտ թողնում երազանքները, սպասելով թողնում սիրելիներին»,-խորհում էր նա ու քթի տակ մրմնջում իր սիրած երգը.
-Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս՝ ինձ,
Զենքս որդուս, իսկ սերս մայրերին կտամ,
Հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ
Բիբլիական Մասիսի պես դուք միշտ հպարտ հայոց սպաներ
Պատիվ ունեմ…
Կուրսանտական միջոցառումների ժամանակ միշտ այս երգն էր երգում: Հայրը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում էր աշխատում, դե ինքն էլ, սիրելով զինվորականի մասնագիտությունը, որոշեց ընդունվել ռազմական ինստիտուտ՝ ընտրելով մոտոհրաձիգի մասնագիտությունը…
Նա վերադառնում էր Թալիշ, որտեղ նշանակվել էր երեք տարի առաջ, բուհն ավարտելուց հետո՝ վիճակահանությամբ… Սակայն Արցախում նրան սպասվում էր ևս մեկ՝ բախտի վիճականությամբ հենց այդ օրը այդ վայրում հայտնված աղջիկը: Սիրահարվեց հենց առաջին հայացքից: Նրա պարզ, բարի աչքերին նայելով հասկացավ, որ շուշեցի այս աղջկա հետ է ուզում կյանքը կապել, երկու երեխա ունենալ ու անվանակոչել նրանց հոր և մոր անուններով՝ Արթուր և Նունե: Սպայի հաստատակամությամբ սկսեց քայլեր ձեռնարկել…
Գյումրիում՝ հորական տանը, դեռ պահպանվել էր լուցկու հատիկներով իր երազանքի մանրակերտ տնակը.. Եթե միայն կարողանար այդպիսի տուն կառուցել Արցախում՝ գեղեցիկ այգիով, ծաղկաշատ բակով: Նա շատ էր սիրում այս հողը: Որքան էր երազում.. Ու շտապում էր ամեն բան հասցնելու մոլուցքով.. Մայրը հաճախ հորդորում էր, թե ամեն բան իր ժամանակին կլինի, Մերուժ ջան, բայց ինքն ուզում էր ամեն ինչ միանգամից լինի…Կանխազգում էր կարծես, որ շատ ժամանակ չունի… Այդպես, ձմռան մի օր, ծնողների հետ բռնեց ազատագրված բերդաքաղաքի ճանապարհը… Գնում էր նշանելու այն աղջկան՝ արցախյան ազատամարտի հրամանատար, Քարինտակի ինքնապաշտպանական մարտերի և Շուշիի, Լաչինի, Քելբաջարի, Աղդամի, Կուբաթլուի, Մարտակերտի ազատագրական մարտերի մասնակից, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Ռոմիկ Բաղդասարյանի դստերը՝ Զարինեին: Առատ ձյուն էր տեղացել ու նրանց տան ճանապարհը դարձրել գրեթե անանցանելի… Ծնողները շիվար կանգնել էին… Նա, ծաղիկները ձեռքին, շտապելով հաղթահարեց ձյունածածկ բարձունքն ու ուրախ ձայն տվեց ներքևում մնացած ծնողներին.
-Դե եկեք, ես գնացի… Գնաց ու հասցրեց մինչ ծնողների տեղ հասնելը ծանոթանալ հյուրերի հետ ու լուսանկարվել հարսնացուի հետ: Խիզախ հրամանատարի դուստրը կյանքի ուղեկից էր ընտրել իր հոր արժանի հետնորդին՝ հրամանատար Մերուժան Ստեփանյանին, ում առաքինի կերպարը մշտապես թագավորել էր Զարինեի երազանքներում: Մերուժանն այնքան էր ուզում ամուսնանալ՝ գիտակցելով, որ ամուսնական կյանքը պատերազմող երկրում ծառայող հայ սպայի՝ հետախուզական դասակի հրամանատարի համար բարդ է լինելու… Բայց նա երկնչողներից չէր: Նշանածին մի օր ասաց.
-Դու ծնողներիս հետ կապրես Մատաղիսում՝ ապահով վայրում, ես կմնամ Թալիշում, այնտեղ վտանգավոր է,- ու մի փոքր լռելուց հետո ինքնաբերաբար ավելացրեց,- ես կմեռնեմ Թալիշում, դուք գոնե ողջ կմնաք…
Արձակուրդից վերադառնալով՝ Մերուժանն ապրիլի առաջին օրն իր դասակի հետ բարձրացավ դիրքեր՝ մարտական հերթապահության տասնչորս օրերն անցկացնելու ու կրկին արձակուրդ մեկնելու հաստատակամությամբ: Հարկավոր էր հարսանիքի նախապատրաստվել…
Արշալույսը դեռ չէր բացվել Թալիշի բարձունքներում։ Հերթապահության առաջին գիշերն անհանգիստ էր, հակառակորդի ներթափանցման մի քանի փորձ կանխեցին: Բայց իրավիճակը շարունակում էր լարված մնալ… Մերուժանը, խորաթափանց հայացքը հեռուն հառած, բացվող առավոտի ձայներն էր ունկնդրում։ Մտքում շարունակ արցախյան ազատամարտի հերոսների սխրանքների մասին պատմություններն էին. «Նրանք ընկան, որ մենք շարունակենք անառիկ պահել մեր պապերի վաղեմի բնօրրանը՝ Արցախը: Ուտիք գավառի Նիժ գյուղի Յալոյլաբլուր ամրոցի Թարիջ իշխան կողմից մ.թ. 401 թ. հիմնադրված Հյուսիսային Արցախի ամենամեծ գյուղերից մեկը՝ Թալիշը, հարկավոր էր զերծ պահել ադրբեջանական զինուժի ներթափանցումից: Այսօր իրեն է վստահված այս բարձունքը, իրեն է վստահված դեռ 20-ը չբոլորած տաքարյուն երիտասարդների մի դասակ, որոնց համար վտանգի պահին կյանքն անգամ չի խնայի»:
Հետախուզական իր դասակում գումարտակի լավագույն զինվորներն էին ընդգրկված՝ համարձակ, ամրակազմ, լավ հետախույզներ ու լավ դիպուկահար: Զինվորները սիրում էին իրենց հրամանատարին ու հասուն զգոնությամբ հերթափոխն իրականացնում դարանակալած գիշերվա թանձր մշուշում։
Պատմական իրողությունը մի օր վերականգնելու, Մեծ Հայքի Արցախ նահանգի ամբողջական տարածքը հայ ժողովրդին վերադարձնելու հաստատակամությամբ էր Մերուժանն ընտրել սպայի պատվաբեր մասնագիտությունը, հրաձիգի անխոնջ ուղեկիցը՝ զենքը։ Ու եկել Արցախի հյուսիս-արևելյան դարպաս: Պատմական Արցախ-Ուտիքի սահմաններն ամբողջական տեսնելը նրա երազանքն էր: Մերուժանը հաճախ էր խորհում հայ ժողովրդի դեմ իրագործված պատմական անարդարության, այսօրվա սահմաններն անառիկ պահելու ու դեռևս չազատագրված տարածքները վերադարձնելու մասին։
Լույսը բացվեց Արցախի բարձունքներում, մինչդեռ թշնամու նախահարձակ գործողությունները չէին դադարում: Հանկարծ տեսասարքի էկրանին դեպի իր դիրքը շարժվող մարդիկ երևացին: Մերուժանն անմիջապես զեկուցեց գումարտակի հրամանատարին: Գումարտակի հրամանատարը կրակելու հրաման տվեց: Նա կազմակերպեց շրջանաձև պաշտպանություն ու հմտորեն ղեկավարեց մարտը` իր և իր զինվորների ցուցաբերած խիզախության շնորհիվ կասեցնելով թշնամու գրոհը: Դիվերսանտ հատուկ ջոկատայինները անակնկալի գալով հետ մղվեցին՝ մարտի դաշտում թողնելով զոհեր։ Մերուժանը մտածեց, թե հերթական դիվերսիան էր, բայց երբ զանգահարեցին և հայտնեցին, որ դիվերսանտների մեկ այլ խումբ մտել է Թալիշ, հասկացավ, որ այս անգամ մեծամասշտաբ հարձակում է նախապատրաստվում։ Թալիշի անդորրը խաթարվեց: Գյուղից կրակոցի ձայներ լսվեցին: Քիչ անց հրետանու ռմբակոծման թիրախը դարձան նաև դիրքերը, գետնատնակի մի պատն ամբողջովին փլվեց, կապը խափանվեց, ու հակառակորդի ուղղաթիռները հայտնվեցին Մերուժանի և իր զինվորների գլխավերևում… Ջերմադիտակով մոտ տարածությունում հակառակորդի մեծաքանակ ուժերի կուտակումներ նկատվեցին: Աջ և ձախ կողմերում անտառներ էին, մեջտեղում՝ բաց տարածություն։ Եվ միայն այնտեղ էին երևում դեպի իրենց դիրք եկող մոտ 40 հոգի, իսկ անտառում թաքնված զորքը տեսանելի չէր: Եկողները զինվորականներ չէին, չսափրված, հնամաշ շորերով, տարիքն առած փորձառու արյունախումներ էին՝ վայրագ ու կատաղի… Իսկ իրենք` 8 զինվոր և մեկ հրամանատար: Փամփուշտները քիչ էին մնացել: Ռազմամթերքը պետք է դիրք հասցնեին դեռևս կեսօրին, սակայն թշնամու դիվերսիոն ջոկատի դարանն ընկան մայոր Հայկ Թորոյանը և մեքենայի վարորդ, շարքային Հրանտ Ղարիբյանը: Նրանք զոհվեցին անհավասար մարտում, իսկ Մերուժանի դիրքը, կտրված լինելով թիկունքից, այդպես էլ չկարողացավ ռազմամթերք ստանալ…Թշնամու գրոհայինները ինտենսիվ կրակ վարելով հարակից անտառից և խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ սրընթաց հարձակում ձեռնարկած փորձեցին ներխուժել դիրքեր և ճանապարհ բացել, ճեղքելով մոտենալ Մարտակերտին և Սարսանգի ջրամբարին… Մերուժանը խուճապի չմատնվեց, հրաման տվեց իր դասակին բացազատել իրենց պաշտպանության տարածքը, դիրքավորվել ու թույլ տալ, որ հակառակորդն ավելի մոտենա, որպեսզի կարողանան ավելի դիպուկ կրակել առանց այդ էլ քիչ փամփուշտներով։ Նա կարծում էր, թե միայն այն մարդիկ էին, որոնց տեսնում էին։ Մինչդեռ նահանջած հակառակորդը ավելի մեծաքանակ ուժերով էր փորձում մարտը վերսկսել: Դիրքի հերոս տղաները՝ Մերուժան Ստեփանյանի հրամանատարությամբ, ժամեր շարունակ պայքարեցին՝ Արցախի հյուսիս-արևելյան կարևորագույն դարպասը չհանձնելու հաստատակամությամբ… Զինամթերքը սպառվում էր… Օգնության եկող մեքենան տեղ չհասավ… Զինվորներից մի քանիսն արդեն վիրավորվել էին մի քանի անգամ, իսկ թշնամին ավելի էր մոտենում: Մերուժանը հանեց իր զրահաբաճկոնն ու հագցրեց վիրավոր զինվորին, որպեսզի բեկորները չվնասեին նրան: Իսկ ինքը դուրս եկավ մարտի առանց զրահաբաճկոնի ու առանց սաղավարտի: Մոր անհանգիստ զանգերին մի անգամ պատասխանեց.
-Մամ, ես լավ եմ, էլ չզանգես ինձ,- չէր ուզում մայրը տագնապի՝ լսելով չդադարող կրակոցների ձայնը, ապա ավելացրեց,- մա՛մ, գնա եկեղեցի իմ եւ իմ տղերքի համար մոմ վառի, մամ, լսում ես, չմոռանաս, չուշացնես… Մամ, քեզ լավ կնայես, էլ ինձ չզանգես…
Զինվորների հարցին, թե ինչ ենք անելու, փամփուշտը վերջանում է, Մերուժանը պատասխանեց.
-Ձեռնամարտի ենք բռնվելու տղերք, դուխներդ չգցեք, բոյ ենք տալու մինչև վերջ, բայց դիրքը չենք հանձնելու… Ասաց ու զգաց, որ կյանքի գնով են պահելու դիրքը: Բայց չվարանեց, չմտածեց անգամ նահանջի մասին… Վերցրեց հեռախոսն ու գրեց նշանածին. «Սիրում եմ քեզ, անչաաափ»… Ու ափսոսանք զգաց չվայելած երջանկության համար…
Քիչ անց հարակից անտառներից թշնամու հատուկ ջոկատայիններին հաջողվեց ներթափանցել դիրք… Նրանք շրջապատեցին դիրքը բոլոր կողմերից: Օղակը սեղմված էր: Հետախույզները պաշտպանվում էին վերջին փամփուշտներով: «Դուխո՛վ տղերք ջան, կրակե՛ք, հեսա հետ ենք տալու, չենք թողելու պոստը»,- խրամախորշից մարտը գլխավորում էր Մերուժանը, այդպես էր մարտնչում նա դիրքի ամենավտանգավոր հատվածներում, օգնության հասնելով նաև վիրավոր զինվորներին: Նույն խրամախորշից մինչև վերջին փամփուշտը կրակեց ականավոր բռնցքամարտիկ Վիկտոր Յուզիխովիչը և միայն հակառակորդի նետած նռնակի պայթյունից զոհվեց անպարտելի մարզիկը։ Նրա կողքին զոհվեց գնդացրորդ Ռաֆիկ Հակոբյանը։ Հերոսների արյամբ ներկվեցին թիվ 170 դիրքի խրամուղիները։ Զոհվեց նաև ավագ հետախույզ-դիպուկահար Աղասի Ասատրյանը։ Մերուժան Ստեփանյանը խրամախորշի մոտ ողջ հասակով կանգնած մարտնչում էր իր վերջին մարտում և այնպես էր կրակում, որ թշնամու գրոհայինները, առանց բացառության, հերթով գալիս ու ընկնում էին նրա անվրեպ փամփուշտներից։ Խրամաբջիջ ներխուժած անսթափ գրոհայիններին վերջին փամփուշտով դիմավորելով՝ անպարտելի հերոսը խոցվեց թիկունքից: Վերջին բառերը, որ ասաց զինվորին. «Հրո, ինձ տար մեր դիտորդական կետ…»։ Բայց Հրոն չհասցրեց… 2016թ. ապրիլի 2-ին, ժամը 17։00-ն անց կյանքի գնով պահած իր բարձունքում հայազգի անմահ հերոսը փակեց աչքերը հավերժի քնով…
Տիկին Նունեն ժամեր շարունակ զինվորական հոսպիտալի բակում սպասում էր, որպեսզի հայ ազգի համար համատարած վշտի օրերին մի լուր իմանա առաջապահ ստորաբաժանման հրամանատար որդուց: Հարցուփորձ էր անում, փնտրում որդուն հոսպիտալ տեղափոխվող բոլոր վիրավորների մեջ, բայց ապարդյուն…Կրկին փորձեց զանգել զորամասի բուժքրոջը.
-Որդիս ո՞նց է, ասում են ուժեղ կռիվներ են եղել այդտեղ..
Լռություն է տիրում, բուժքույրը պատասխանում է.
-Դուք հերոսի մայր եք, հպարտացեք…
Երեկոյան լրահոսով տիկին Նունեն լսեց. «Մերուժան Ստեփանյանի դիրքը հենց առաջիններից էր, որի վրա հարձակվեցին թշնամու հատուկ ջոկատայինները: Հետախուզական դասակի հրամանատարը և իր զինվորները կռվեցին հակառակորդի հարյուրավոր գրոհայինների դեմ՝ ցույց տալով թշնամուն, թե ինչպես են կարողանում մարտնչել հայ հետախույզները: Նրանց արդեն մի քանի անգամ հաջողվել էր ջախջախել հակառակորդի դիվերսանտներին: Եվ չնայած թշնամու մեծաքանակ ուժերին, մեր հետախույզները պատասխանեցին հուժկու և դիպուկ հարվածով` ոչնչացնելով թշնամու բազմաթիվ գրոհայինների: Դիրքի մարտիկներն ունեին ամեն ինչ թշնամու ցանկացած գրոհ հետ մղելու համար՝ բարձր ոգի, մարտական գերազանց պատրաստականություն, նրանց գլխավորում էր խելացի ու խիզախ հրամանատարը, միայն թե չբավարարեց զինամթերքը… Թշնամու մեծաքանակ ուժերի դեմ անհավասար մարտում արիաբար զոհվեցին ավագ լեյտենանտ, գումարտակի հետախուզության պետ Մերուժան Ստեփանյանը, հետախույզ գնդացրորդներ Վիկտոր Յուզիխովիչը, Ռաֆիկ Հակոբյանը, հետախույզ դիպուկահար Աղասի Ասատրյանը… Հավերժ փառք մեր հերոսներին»:
Թշնամին, սակայն, այս հողի վրա երկար չմնաց։ Մեր հատուկ նշանակության ջոկատը մարտական առաջադրանք ստացավ` վերադարձնել հակառակորդի կողմից գրաված N170 մարտական դիրքը: Երկու հատուկ նշանակության խմբեր լուսաբացին, ծածուկ առաջանալով դեպի նշված դիրքը, հրետանու և տանկերի կրակի աջակցության ներքո կատարեցին դիրքի թևանցում: Ներխուժելով դիրք և մերձամարտի բռնվելով՝ հակառակորդին մատնեցին խուճապի, փախուստի: Նրանց հաջողվեց հակագրոհով վերադարձնել Մերուժանի դիրքը: Թշնամուն մեծաքանակ կորուստներ պատճառած անվրեպ հրաձիգի դին՝ խոշտանգված ու օրեր անց արդեն մահվան դժգունությունն ընդունած, պարանոցին ու գլխին ասկյարի անմարդկային դաժանության հետքերը քողարկված, տեղափոխվեց հայրենի Գյումրի: Ողջ հայ ազգն էր սգում լուսե ժպիտով հրամանատարի մահը:
Մերուժան Ստեփանյանի մարմինն ամփոփվեց Գյումրու ազատամարտիկների պանթեոնում, մարտերում ընկած այն հերոսների կողքին, ում արյան գնով ձեռք բերվեց Հայոց եզերքի խաղաղությունը: Օրեր անց սառը գորշ քարին պետք է սպիտակով գրվեր.
Մերուժան Արթուրի Ստեփանյան, 23 տարեկան,
ծննդավայրը՝ Գյումրի, մահվան վայրը՝ Թալիշ…
Մերուժան Ստեփանյանը հետմահու պարգեւատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով… Նույն շքանշանի արժանացան նաև նրա հերոս զինվորները՝ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանն ու Վիկտոր Յուզիխովիչը։ Թիվ 170 դիրքի ինը հետախույզներից չորսն ընկան մարտում, մյուս հինգ հետախույզները վիրավոր էին, երեքը՝ ծանր վիրավոր: Նրանք, կորցնելով իրենց հրամանատարին, սպառելով վերջին փամփուշտները, նահանջեցին և հասնելով յուրայինների մոտ՝ ապրեցին… Անխուսափելի մահից փրկվեց մի քանի անգամ վիրավորված գնդացրորդ Հրայր Բաղդասարյանը, ով, կլինիկական մահ տանելով, օրեր անց, ի վերջո, բացեց աչքերը զինվորական հոսպիտալի հիվանդասենյակում.
-Երբ դու սահմանին ես, ու թշնամին զենքով մտնում է քո տուն… հողդ պահելու, դիրքդ չհանձնելու համար պատրաստ ես մեկը չէ, տասը կյանք զոհել…
Ապաքինվեց նաև ծանր վիրավորում ստացած Նարեկ Նիկողոսյանը: Նա ողջ կյանքում չի մոռանա արյունոտ այդ օրն ու նրա հետեւանքները.
-Մեր վրա գրոհի եկածները կանոնավոր բանակի զինծառայողներ չէին, տարիքով մեծ մարդիկ էին, երկուսի դեմքն ու մորուքը մոտս տպավորվել են… Պատերազմը մեզ դաս տվեց` իրականում հասկանալ, թե ով է մեր թշնամին ու ինչ է կռիվը… իսկ էդ դասը մոռանալ չի լինի…
Մյուս երեք զինվորները, ապաքինվելով, վերադարձան ծառայության՝ այս անգամ արդեն լիովին պատրաստված բարձրացան դիրքեր՝ պատրաստ կրկին դիմակայելու հակառակորդի ցանկացած ոտնձգության…
Մերուժանի հայրը՝ Արթուր Ստեփանյանը, ով աշխատում էր ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որդու զոհվելուց մեկ ամիս անց ազատվեց աշխատանքից: Նրա համար անասելի դժվար էր աշխատել մի վայրում, որտեղ ամեն ինչ Մերուժանին էր հիշեցնում. այստեղ էր չորս տարի ուսանել Մերուժանը, բուհի լավագույն կուրսանտներից մեկը, ով ակտիվորեն մասնակցում էր կազմակերպվող բոլոր միջոցառումներին ու միշտ երգում իր սիրած երգը. «Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս՝ ինձ…»:
Զարուհին՝ Մերուժանի նշանածը, մինչ հիմա սպասում է սիրած տղայի վերադարձին, նա չի մտածում, որ Մերուժանը զոհվել է, մտածում է, թե դեռ պոստերում է ու մի օր էլի ծաղիկները ձեռքին գալու է Շուշիի ինստիտուտ և միջանցքում իրեն տեսնելով՝ ժպտալու է իր ապրեցնող, լուսե ժպիտով…
Մայրը մի օր երազում տեսնում է որդուն։ Մերուժս ասաց. «Մամ, ես հետ եմ գալու»… Մոտ մեկ ամիս անց՝ մայիսի 23-ին ծնվում է քրոջ որդին, ում անվանակոչում են Մերուժան… Տիկին Նունեն ցույց տվեց ինձ թոռնիկի նկարը, մորեղբորն այնքան նման էր վերածնված Մերուժանը…
Գյումրու Մուշ թաղամասում այսօր Մերուժան Ստեփանյանի հիշատակին նվիրված ցայտաղբյուրի և հուշատախտակի հարևանությամբ կանգուն է նաև քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի յոթ հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանը` ծառի տեսքով, որի կտրված ճյուղերից մեկի վրա գրված է անմահ հերոսի անունը: Հայոց նորօրյա պատմության էջերում ևս ոսկետառ գրվեց հետախուզական դասակի քաջ հրամանատարի՝ Մերուժան Ստեփանյանի անունը:
«Մահ ոչ իմացեալ մահ է, Մահ իմացեալ՝ անմահութիւն» (Ս. Եղիշե, 5-րդ դար)… Մերուժանն անմահության իրական ուղին ընտրած մարտիկն է: Նա փամփուշտ չունենալով չերկնչեց, գերադասեց զինված արյունարբու թշնամուն դիմավորել ինքն իրենով` պատրաստ մեռնելու, բայց չնահանջելու… Նրա մասին պատմում են զինվոր թե կամավոր հետևյալ նախադասությամբ. «Թալիշում 170-ի ռազվետկի կամանդիրը ուժեղ բոյ է տվել, ասում են մոտ 60 թուրք է խփել ու մինչև վերջ դիրքը չի թողել …»:
Անցել է արդեն երկու տարի… Թիվ 170 մարտական դիրքն այժմ կրում է իր անմահ հերոսի՝ Մերուժան Ստեփանյանի անունը: Ասում են՝ երբ ոտք ես դնում այնտեղ, հերոսների արյամբ ներկված հողի վրա սպիտակ քարերով շարված հիշատակի խաչն ասես լուռ պատմում է լեգենդար հրամանատարի և նրա քաջ մարտիկների հերոսապատումը… Հայրենիքի նվիրյալների սխրանքն է հայոց աշխարհի մարտական դիրքերն այսօր անառիկ պահող ամեն մի զինվորին ուղեցույց…
Վարդինե Իսահակյան