Ապրիլի 1-ին, ժամը 22:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz CLS» մակնիշի 35 DA 447 (վարորդ՝ Ա. Ս.) և «Toyota Corolla» մակնիշի 34 RZ 470 (վարորդ՝ Հ. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1990 թ. ծնված Ա. Կ.-ը և 1989 թ. ծնված Ա. Մ.-ը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
«Mercedes-Benz CLS» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1983 թ. ծնված Ֆ. Չ.-ը հոսպիտալացվել է Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:
ԱԻՆ հաղորդագրություն