Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիևների ընտանիքը ձեռք  է բերել «փրկիչների» համբավ». Ալեն Ղևոնդյան

Ապրիլ 01,2018 19:45

Ադրբեջանում ապրիլի 11-ին նշանակված  արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ ամերիկյան «AJF & Associates Inc» սոցիոլոգիական կազմակերպությանը հարցումեր է իրականացրել 1500 քաղաքացիների շրջանում: Հարցվածների  ավելի քան 82,9 %-ը նշել են, որ կքվեարկեն գործող նախագահ Իլհամ Ալիեւի օգտին:

-Պարո´ն Ղևոնդյան, փաստորեն, ժողովրդավարության ցածր մակարդակի ու իշխանությունների՝ կոռուպցիոն սկանդալների մեջ լինելուն զուգահեռ, Ալիեւի վարկանիշը կարծես թե չի իջնում…

– Ալիևների ընտանիքը գործնականում արտացոլում է ադրբեջանական հասարակության մեջ իշխանության ընկալման ֆունդամենտալ արժեհամակարգերն ու  արխետիպերը: Նրանց հեղինակության մասին խոսելիս պետք է հաշվի առնենք, որ կլանը, այնուամենայնիվ, լեգիտիմ է «ադրբեջանցի» կոչվող ազգային հանրույթի գիտակցության մեջ: Դա պայմանավորված է այդ հասարակության մեջ իշխանության վերաբերյալ առկա նեղ թայֆայական, խանական, տոտալիտարիզմի ձգտող ավտորիտար ընկալումներով: Մինչդեռ, եթե խոսում ենք Ադրբեջան պետության դեմոկրատ լինել-չլինելու մասին, առաջին հերթին պետք է հասկանանք՝ արդյո՞ք միջին վիճակագրական ադրբեջանցուն շահեկան է լինել դեմոկրատ: Այդ երկրի քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ հավանաբար ավելի շուտ ոչ, քան՝ այո: Այս առումով մեծ կարևորություն ունի նաև Ադրբեջանում իրականացվող քարոզչությունը, որը վերջին 25 տարիներին շոշափելի արդյունքներ է գրանցել իշխանությունների համար: Մարդկանց  ուղեղները լցվում են պատմություն, թշնամու նկատմամբ ատելություն ուղղորդելի թեզերով: Անհաջողությունները, որոնք երկիրն ունենում է, ուղղակիորեն կապվում են արտաքին վտանգի, հայկական հետքի, ղարաբաղյան խնդրի հետ: Արդյունքում՝ ալիևները ձեռք են բերում երկրի տնտեսության և անվտանգության խնդրով մտահոգ անփոխարինելի ընտանիքի համբավ: Քաղաքական նման իրողություններում ապրող և  սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիները այս պայմաններում ավելի շատ զբաղվում են կենցաղային համակեցության կազմակերպմամբ, այլ ոչ թե ակտիվ քաղաքական կամ քաղաքացիական պայքարով:

Նման անտարբեր մթնոլորտը պայման չի ստեղծում, որ ընդդիմադիր զանգվածը պատշաճ քաղաքական վարք ցուցաբերի, հանրային աջակցություն ստանա: Մյուս կողմից էլ երկրում բարձր է խոսքի ազատության վերահսկելիության մակարդակը: Այս հանգամանքները նպաստում են քաղաքացիների դիրքորոշումների ֆիլտրմանը, և բնականաբար ալիևների վարկանիշը այդ պատճառներով կայուն բարձր է:

-Ձեր կարծիքով հետագա տարիներին փոխվելո՞ւ են արդյոք ընդդիմության գործունեության սկզբունքները, կա՞ այդ քաղաքական հնարավորությունը, թե՞ ոչ:

– Ադրբեջանի ներքաղաքական կոնյուկտուրայի մասին խոսելիս պետք է ֆիքսենք, որ մեծ հաշվով բոլոր ընդդիմադիրները գտնվում են իշխանության կողմից մեծ ազդեցության տակ, և շոշափելի ընդդիմադիր սեգմենտ այնտեղ չկա: Ընդդիմադիրները քաղաքական մրցունակություն ձեռք բերելու համար պետք է ինչ-որ այլընտրանք ներկայացնեն քաղաքական անտարբերությամբ հիվանդ քաղաքացիներին: Մյուս կողմից էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրի համար նրանք (ընդդիմադիրները) պետք է շոշափելի ռեսուրների կրող դառնան ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու համար: Ադրբեջանում էներգետիկ ողջ ոլորտը և դրանից եկող շահույթը գտնվում է Ալիևների վերահսկողության ներքո:

Հետևաբար` իշխանափոխության ամեն քայլ դիտվում է որպես էներգետիկ ռեսուրսներին տիրանալու հավակնություն և խստագույնս պատժվում է իշխանությունների կողմից: Ընթացիկ նախագահական ընտրություններում մի շարք ընդդիմադիրներ՝ հասկանալով, որ իրենք որևէ առումով մրցունակ չեն, փորձեցին բոյկոտելով հարվածել ընտրությունների լեգիտիմությանը: Սակայն չեմ կարծում, որ դա որևէ կերպ ազդեցություն կունենա քաղաքացիների մասնակցության բարձր տոկոսի վրա: Ադրբեջանի քաղաքական կոնյուկտուրայում խաղացողներ կան նաև դրսից: Դրանք ուժեր են, որոնք այս կամ այն կերպ աջակցում են ընդդիմադիր կամ  լատենտ մարգինալ խմբերի, քաղաքական, քաղաքացիական շարժումերի, որոնք դեռևս բավարար ակտիվ չեն: Թե որքանով դրանք կկարողանային ակտիվանալ, ապագայի հարց է (եթե ընդհանրապես ակտիվանան): Ալիևը բավականին լավ է վերահսկում երկիրը, և նրա խնդիրը ոչ թե ընդդիմադիր զանգվածն է, այլ ավելի շուտ սեփական թիմում ուժերի վերաբաշխման հարցը՝ թիմում իր հեղինակությունը անսասան պահելու տեսանկյունից:

–  Առաջիկա տարիներին կփոխվե՞ն արդյոք Ադրբեջանի արտաքին քաղաքական գերակայությունները, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության համատեքստում:

– Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումը ակնհայտ կլինի, Ռուսաստանի հետ նույնպես գործընկերային հարաբերությունները կլինեն շարունակական, քանի որ որքան էլ ռեգիոնում կան մրցակից շահեր (օրինակ՝ Իրան-Ադրբեջան), այնուամենայնիվ այդ երկրներն ունեն շոշափելի առևտրաշրջանառություն: Հաճախ մենք հավանաբար ցանկության զորու սկսում ենք Իրանին ու Ադրբեջանին, կամ Ռուսաստանին և Ադրբեջանին հակադրել, բայց իրական քաղաքականության մեջ այդքան էլ այդպես չէ: Արտաքին առևտրի ինդիկատորն ամենակարևոր գործոններից մեկն է միջպետական հարաբերությունները գնահատելիս: Ասել, որ Ղարաբաղը բացարձակ կարևորություն ունի Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ, սուբյեկտիվ կլինի: Ղարաբաղն Ադրբեջանի համար կարևոր գործոն է, որի շուրջ Ալիևը կարողանում է ներքաղաքական կոնյուկտուրա կազմակերպել, իշխանական բուրգ ձևավորել: Ալիևը կարողանում է կոնֆլիկտի գործոնը հմուտ շահարկել իր դերի, նշանակության ու քաղաքական դիվիդենտեր ստանալու տեսանկյունից:

ԼՂ գոտում ռազմական սրացման հնարավորությունների առումով պետք է նշել, որ տարիների ընթացքում ռազմական ակտիվությունը ոչ միշտ, սակայն հիմնականում ներքին թիրախայնության խնդիր է ունեցել: Տրամաբանական է, որ ընտրություններից հետո այդպիսի խնդիր չի լինի: Մյուս կողմից, եթե Ադրբեջանը փորձի լայնածավալ պատերազմի միջոցով ԼՂ խնդիրը լուծել, դա արդեն միայն երկկողմ հարաբերությունների խնդիր չի դառնա: Ռեգիոնալ առկա լարվածության ֆոնի ներքո բավականին բարդ է ասել, թե այս պահին դա ում է շահեկան: Գոնե Ռուսաստանին դա ձեռնտու չէ: Կոնֆլիկտի սրման դեպքում անկայունություն կարող է ստեղծվել  Վրաստանում, հավանաբար նաև Իրանում՝ հատկապես հաշվի առնելով ամերիկա-իրանյան հարաբերություններում լարվածության աճը: Հետևաբար՝ պատերազմը չի կարող սահմանափակվել միայն Հարավային Կովկասով:

Սլավա ԲԱԴԱԼՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30