Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի տոնը, համաքաղաքացիների հետ նշելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցի: ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի և վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ մոտեցել է տոնի առիթով եկեղեցու բակում բացված ծիսական փոքրիկ սեղաններին և տոնի առիթով շնորհավորել ներկաներին: Սուրբ Սարգիս եկեղեցում էլ քաղաքապետը հետևել է մատուցվող Սուրբ պատարագի ընթացքին և մոմ վառել:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Զատկի տոնի առթիվ տարածքում կազմակերպված միջոցառումը մեկնարկել է հոգևոր հովվի Տերունական աղոթքով և օրհնության կարգով, որից հետո քաղաքապետը ավանցիների հետ միասին, տոնին համահունչ ծիսակարգով, շնորհավորել է ներկաների Սուրբ Զատիկը:
Ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետը Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղեկցությամբ այցելել է նաև հին Ավանի Սուրբ Ծիրանավոր խոնարհված եկեղեցու հարակից տարածք: Հարկ է նշել, որ չնայած եկեղեցին կիսավեր է, այդուամենայնիվ, եկեղեցական բոլոր տոներն այստեղ միշտ մեծ շուքով են նշվում: Օրն առավել տոնական են դարձրել ազգագրական երգ ու պարի համույթները, որոնք իրենց կատարումներով ողջունել են ներկաներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն