Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. «ՀՀ-ին ձեռնտու է, որ «Ելք» դաշինքի բոլոր անդամներն առողջ ապրելակերպով շարունակեն իրենց գործունեությունը»

Ապրիլ 01,2018 14:00

«Առավոտի» հարցերին պատասխանում է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու համակիրները երեկ քայլարշավ են սկսել Գյումրու Վարդանանց հրապարակից: «Իմ քայլը» խորագրով քաղաքական շարժումը տեւելու է 14 օր եւ ավարտվելու Երեւանում՝ Ազատության հրապարակում նախատեսվելիք չորսօրյա հանրահավաքով: Այն ուղղված է Սերժ Սարգսյանի վարչապետության եւ ՀՀԿ-ի վերարտադրության դեմ: Ձեր կարծիքով՝ ժողովուրդը կանսա՞ ընդդիմադիր գործչի կոչերին, կմիանա եւ կպայքարի՞ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ:

– Կարծում եմ, որ ժողովուրդը չի գնա Նիկոլի հետեւից: Բայց սեփական առողջության համար բավական օգտակար գործ է կատարում Նիկոլը:

– Ժամանակին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյսնն էլ Ազատության հրապարակում ծոմ էր պահում, Երեւանում էր զբոսանքներ անում`ընդդեմ ռեժիմի: Դարձյալ հեգնում էիք`սեփական առողջության համար քայլ:

– Նա էլ օգտակարն ու հաճելին համատեղեց: Կարծում եմ, նույն ճանապարհով գնում է պարոն Նիկոլ Փաշինյանը. օգտակարը համատեղում է հաճելիի հետ, առողջության համար բավականին լուրջ աշխատանք է կատարում:

– Մեր ընդդիմադիր գործիչների առողջությունը եւ հաճելի զբոսանքները, Ձեր կարծիքով, քաղաքական իմաստով հանրությանն ի՞նչ են տալիս:

– Ժպիտ:

– Իր քաղաքական քայլարշավից հետո, Ձեր կարծիքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմնա՞ «Ելք» դաշինքում: Դաշինքի մյուս կուսակցությունները`«Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը», կցանկանա՞ն կիսել «Քաղաքացիական պայմանագրի» քայլերի պատասխանատվությունը:

– Քաղաքական ուժերի դաշինքը միշտ չէ, որ առանձին քաղաքական գործիչների կատարած քայլերից հետո պետք է անպայման փլուզվի: Կարծում եմ, որ, այո, կգտնեն ելքեր եւ համատեղ աշխատանքը կշարունակեն:

– ՀՀԿ-ին ձեռնտու է, որ «Ելք» դաշինքը փլուզվի՞, թե՞ շարունակի բնականոն աշխատել:

– ՀՀ-ին ձեռնտու է, որ «Ելք» դաշինքի բոլոր անդամները առողջ ապրելակերպով շարունակեն իրենց գործունեությունը: Նիկոլ Փաշինյանը նպաստում է դրան:

– ՀՀԿ-ն, բնականաբար, չի պատրաստվում թողնել իշխանությունը:

– ՀՀԿ-ին իշխանությունը տվել է ժողովուրդը`մինչեւ 2022 թվականը:

– Այսինքն, եթե հիմա ստեղծվի իրավիճակ, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի հետ դուրս գա փողոց եւ պահանջի ՀՀԿ-ի հրաժարականը, միեւնույն է, չե՞ք թողնելու իշխանությունը:

– Դուք կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանի հետ ամբողջ ժողովուրդը դուրս կգա փողո՞ց: Ես նման բան չեմ կարծում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30