Երեկվանիրց Ֆեյսբուքում հիացական գրառումներ եմ կարդում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած «Ծիծեռնակ» երաժշտական մրցանակաբաշխության մասին: Իհարկե, բոլորն էլ տոնի կարիք ունեն, տարբեր անվանակարգերում մրցանակներ ստացողներից շատերն էլ, անշուշտ, նվիրյալներ են, բայց արդյոք բոլոր մշակութային օջախների բյուջեները եւ աշխատակիցների թիվը կրճատած մշակույթի նախարարությունը ճիշտ է վարվում, երբ իր բյուջեի խղճուկ միջոցները ինչ-որ միջոցառումների վրա է վատնում:
Արմեն Ամիրյանի նախարարության օրոք չեմ հիշում որեւէ լուրջ, հեռանկարային ծրագրի իրականացում կամ գոնե մտահղացում, օրինակ այդպես էլ չի նախաձեռնվել ստեղծել անկախ Հայաստանի արվեստի հետ կապ ունեցող Ժամանակակից արվեստի թանգարան, ինչպես մի առիթով հարց էր բարձրացրել արվեստագետ Սահակ Պողոսյանը:
Մշակույթի նախարարությունը վերածվել է ընդամենը դրվագային մանր-մունր միջոցառումների նախարարության, ասածս կարելի է փաստել նախարարության կայքում, Ֆեյսբուքի եւ ինստագրամի էջերում զետեղված հաղորդագրություններով, այս ու այնտեղ նախարարի այցելությունները պատկերող լուսանկարներով: Ամեն ինչ պուպուշ-սիրուն ու ժպիտով, որովհետեւ մշակույթի նախարարությունը կարեւորում է միջոցառումների թիվը, ոչ թե որակը, դրա համար էլ տարեվերջյան ամփոփումներին մշակութային միջոցառումների թիվն է հպարտորեն հրապարակվում:
Արմեն Ամիրյանին չենք հանդիպել որեւէ շրջադարձային մշակութային իրադարձության ժամանակ: Օրինակ` օրերս անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվել էր Արա Հարությունյանի աշխատանքների մի մասի ցուցադրությունը, սակայն նախարարը կամ փոխնախարարները ներկա չէին, երեւի այն պատճառով, որ կազմակերպիչը ոչ թե նախարարությունն էր, այլ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:
Նախարարությունը որեւէ կապ կամ ներդրում չունի տաղանդավոր անհատների՝ դրսում գրանցած հաջողությունների հետ, գերատեսչության պաշտոնական կայքում որեւէ խոսք չի լինում այդ մասին, եթե տվյալ մարդն իրենց «կաստայից» չէ:
Օրերս կինոգետ Արծվի Բախչինյանը մի տեսանյութ էր հրապարակել ֆեյսբուքի իր էջում Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած տաղանդավոր դաշնակահար երեխաների մասին ու նեղսրտել, որ նախարարությունը նրանց որեւէ լումայով չի աջակցել:
Մշակույթի նախարարության գործելաոճը միայն այս գերատեսչությանը չէ, որ բնորոշ է: Նրանից հետ չի մնում Կրթության եւ գիտության նախարարությունը:
Լեւոն Մկրտչյանն ուղղակի մանեւրում է իրենց տրված նախարարական ժամկետների մեջ, ոչ մի հեղափոխական քայլ (թեեւ կրթության ոլորտը ցնցումներ չի սիրում), ոչ մի լուրջ ծրագիր չի իրականացնում: Այս նախարարությունը եւս «նիրհում» է բազմաթիվ միջոցառումների թվերի վրա: Երկու նախարարություններն էլ քանակի վրա են աշխատում:
Լեւոն Մկրտչյանի նախարարության օրոք աղմուկ հանած երկու նախագիծ է եղել, մեկը Ռուբինա Փիրումյանի՝ դպրոցների համար գրած Հայոց ցեղասպանության դասավանդման ձեռնարկի շուրջ էր, իսկ մյուսն էլ ռազմահայրենասիրական դաստիարակության ապահովման անհրաժեշտությամբ հիմնավորած նախագիծն է, որը խեղելու է մատաղ սերնդին:
Իսկ միջազգային օլիմպիադաներից երեխաների մեդալները բնավ էլ ԿԳ նախարարության ձեռքբերումը չեն, դրանց հասցեատերը երեխաների հետ քրտնաջան աշխատած ուսուցիչներն ու դասախոսներն են, այդպես նաեւ մշակույթի նախարարության ձեռքբերումը չեն անցյալ տարի Հայաստանի ազգային պատկերասրահ ռեկորդային այցելությունները: Շնորհակալություն Այվազովսկուն՝ իր գլուխգործոցի համար:
Ընդհանրապես, լավ կլիներ, որ գերատեսչություններն ավելի արդյունավետ ծախսեին իրենց խղճուկ բյուջեները՝ հստակ նպատակակետերով եւ ոչ թե «գալոչկայի» համար արվող, ոչինչ չասող սովետի շնչով միջոցառումների վրա մսխեն, որոնց թվերը հետո շեփորելու են կառավարության ղեկավարի առաջ հաշվետվություն ներկայացնելիս: Սովետը վաղուց պատմություն է, պարոնայք, աշխարհում այլ մարտահրավերներ կան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ art-nuinu.livejournal.com/2534329.html-ից: