Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ահազանգում է. իրենց մեքենա է հետևել

Ապրիլ 01,2018 13:02

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն այսօր առավոտյան Ջաջուռ գյուղում տեղակայված ճամբարի տարածքում ծառատունկ իրականացրեցին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` ինքնիշխանության ծառ ենք տնկում: Նա նաեւ հարց ուղղեց իր կուսակից-համախոհ ճամբարականներին`ավելացնելու բան ունե՞ն: Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց. «Դե, չէ, ամեն ինչ ասացիր»:

Հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագրի» «Ջաջուռից գնում ենք Ազատության հրապարակ» քայլարշավը մեկնարկել է երեկ: Նպատակը`կանխել Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում եւ ՀՀԿ-ի իշխանության վերարտադրությունը: 14-օրյա քայլարշավից հետո, նախատեսվում են Ազատության հրապարակում չորս օր շուրջօրյա հանրահավաքներ:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ գիշերն իրենց է միացել նաեւ իր որդին՝ Աշոտ Փաշինյանը:

Երեւանի «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրենք անկեղծ են իրենց գործողությունների մեջ, մնում է միայն ժողովուրդը միանա պայքարին: Ինքը վստահ է` լուրջ հաջողություններ ենք ունենալու:

Ալեն Սիմոնյանն էլ նկատեց` սատանայի ամենամեծ հաղթանակն այն է, որ մարդկանց համոզել է, թե ինքը գոյություն չունի ու սա պրոյեկտեց այսպես. «ՀՀԿ-ի ամենամեծ սուտն այն է, որ իրենց իշխանությունը հնարավոր չէ փոխել»: Կոչ արեց մարդկանց`միանալ իրենց եւ ՀՀԿ-ի իշխանությունն ինքնըստինքյան կտապալվի:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաեւ, որ իրենց ճամբարից 500-600 մետր հեռու երեկ մեքենա է հերթապահել: Եթե ոստիկանությունն է, նա զարմանում է, թե ինչո՞ւ պաշտոնապես եւ ոստիկանական մեքենայով չի հետեւում: Ասում է`սա հրապարակային միջոցառում է. «Մենք չենք առարկում: Ի՞նչ կարիք կա գաղտագողի, սա հրապարակային միջոցառում է»: Եթե ոստիկանությունը չէ`դիմում է ոստիկանությանը` պարզեք`ի՞նչ մեքենա է, ինչո՞ւ են հետեւում իրենց:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իրենց պայքարին եւ քայլերին հավատալ-չհավատալ, վստահել-չվստահելու հարցերին: Ասաց`մեզ հավատալու խնդիր չենք դրել, մեր խնդիրն է, որ ՀՀ քաղաքացին հավատա իր ուժին: «Ուզում եմ ասել, որ ապրիլի 13-ին ժամը 18-ին սկսվող հանրահավաքը չի ավարտվելու ապրիլի 13-ին, ոչ էլ 14-ին: Մեր խնդիրն է, այդ օրերին ապահովել այնպիսի ամբոխ ու քանակ, որ կարողանանք այդքան ամբոխով ավելի հզոր ներկայացնել մեր փաստարկները: Իմ, Արարատ Միրզոյանի, Լենա Նազարյանի ու մյուսների աշխատանքի վայրն է Ազգային Ժողովը: Մենք մեր աշխատանքի վայր գնում ենք եւ գնալու ենք: Բայց ինչքան հզոր լինի ժողովրդի աջակցությունը, այնքան արդյունավետ կլինի մեր մուտքն ԱԺ: Պայքարը ժողովրդինն է, խոսքը ժողովրդինն է, մեր համեստ դերակատարումը այս ամենը կազմակերպելն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30