Արեւելյան եւ հարավարեւելյան Ասիայի երկրներին` Վիետնամին, Թայլանդին, Չինաստանին եւ մյուսներին հատուկ են «բրնձե թղթերով»` rice paper, փաթաթված գլանակները, որոնց մեջ լինում են թարմ բանջարեղեն, բրնձի վերմիշել, երբեմն` ծովամթերք կամ հավ: Անչափ համեղ այդ գլանակները կարելի է պատրաստել նաեւ տանը, եթե, իհարկե, արտասահմանից բերել եք կամ օնլայն խանութներից պատվիրել եք բրնձե թղթեր: Բրնձե վերմիշելներ, բարեբախտաբար, մեր սուպերմարկետներում վաղուց կան, սակայն շրջանաձեւ բրնձե թղթեր դեռ չեն ներկրվում:
Գլանակները որոշ դեպքերում նաեւ տապակում են առատ ձեթի մեջ, նույնպես համեղ է, սակայն հում վիճակում, իմ սուբյեկտիվ կարծիքով, ավելի նուրբ համ ունի:
Անհրաժեշտ մթերքները
Բրնձի թղթեր- 10-12 հատիկ
Բրնձի վերմիշել- 200 գրամ
Չինական կաղամբ- 0,5 կգ
Թարմ վարունգ- 2 հատ
Թարմ գազար-1 հատ
Կարմիր թարմ պղպեղ-1 հատ
Թարմ կանաչի- մի քանի ճյուղ
Քունջութ կամ հնդկական ընկույզ- կես բաժակ
Աղ, սեւ պղպեղ` ըստ ճաշակի
Նաեւ` թայլանդական կամ չինական քաղցրաթթու կծու թանձրուկ, որոնցից մի քանի տեսակ վաճառվում են մեր սուպերմարկետներում
Պատրաստման եղանակը
Բանջարեղենները մաքրել, լվանալ: Բրնձի վերմիշելը լցնել եռացող ջրով լի կաթսայի մեջ, 2-3 րոպեից հանել, քամել, կտրատել:
Բանջարեղենները երկար-բարակ, ծղոտաձեւ կտրատել, ավելացնել բրնձի վերմիշելը, մանրած կանաչին եւ քունջութը: Համեմել աղ-պղպեղով, լավ խառնել:
Մեծ թաս վերցնել, որի մեջ լցնել բավականին տաք, բայց ոչ եռման ջուր: Բրնձի թերթիկը ընկղմել այդ ջրի մեջ, թողնել մի քանի վայրկյան, հանել, դնել տախտակի վրա, ուղղել (չափից դուրս տաք ջրից այն միանգամից ձեւախեղվում է), բանջարեղենից վերցնել մի բուռ, դնել շրջանաձեւ բրնձաթղթի մի եզրին, եւ բլինչիկի նման փաթաթել: Զգույշ եղեք, որ վարունգը եւ կարմիր պղպեղը երկայնքով լինեն դրված, այլապես շատ նուրբ բրնձաթերթիկները կպատռվեն:
Շարեք ձեր գլանակները մատուցարանի մեջ եւ մատուցեք չինական կամ թայլանդական քաղցրաթթու կամ կծու թանձրուկով: Հարկավոր է գլանակը թաթախել թանձրուկի մեջ եւ ուտել:
Այս նույնը կարող եք պատրաստել նաեւ` ավելացնելով մանրածովախեցգետին (криветка): Շատ համեղ է նաեւ խորոված կամ խաշած հավի կրծքամսով:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
Բարև Ձեզ, որտեղից կարող եմ գնել բրնձի թերթիկները