Լրահոս
Օրվա լրահոսը

Խառը եղանակներ

Ապրիլ 01,2018 12:00

Մարտի 10-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հանուն Հայաստան պետության» ճակատի առաջին հանրահավաքը: Ավելի ստույգ՝ տվյալ ճակատի առաջին հանրահավաքները մեկնարկել էին մարտի 9-ին՝ արտերկրի մի քանի երկրներում: Բայց առավել հանգամանորեն անդրադառնանք Երևանում՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, քանի որ այդ հանրահավաքից ավելի ենք տեղյակ:

Ճակատն իր երկրորդ հանրահավաքը նախատեսել էր անցկացնել մարտի 16-ին. այդ օրը լրանում էր Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան մեկ տարին և, բնականաբար, նաև այդ առթիվ էր այդ օրը հանրահավաք նախատեսված:

Ինչ վերաբերում է «Հանուն Հայաստան պետության» ճակատի մարտի 10-ի առաջին հանրահավաքին, հանրահավաքի մասին կարծիքները բավական տարբեր էին իրարից: Նույնիսկ հանրահավաքին հավաքված ժողովրդի քանակի մասին էին տարբեր: Նույնիսկ ընդդիմադիրների կարծիքներն էին իրարից տարբեր: Ոմանք գտնում էին, որ հանրահավաքին շատ քիչ ժողովուրդ էր հավաքվել: Ոմանք էլ, ընդհակառակը, ասում էին, որ առաջին անգամվա համար ժողովրդի քանակը միանգամայն բավարար էր:

Մարտի 10-ի հանրահավաքին ելույթ ունեցողներն ամեն ինչից խոսեցին՝ բացի հաջորդ օրը շուրջ երկու տասնյակ համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից: Եվ դա միանգամայն հասկանալի էր, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմությունը գեթ մեկ թեկնածու չուներ: Փաստորեն, ընդդիմադիրները գյուղապետ դառնալ չեն ուզում: Չեն էլ փորձում: Ինչու՞ փորձեն, եթե չեն ուզում: Ինչպե՞ս փորձեն, եթե գյուղապետի գեթ մեկ թեկնածու չունեն:

Բայց վարչապետ դառնալ ուզում են: Ոչ միայն ուզում են, այլև հույսեր ունեն: Հանրահավաքում հնչած ավելի քան ինքնավստահ ելույթներն այդ են վկայում: Ինքնավստահ և՝ Հայաստանի գործող իշխանության հանդեպ ատելությամբ լի: Ընդ որում, իրենց ինքնավստահությունն աճի տենդենց ունի: Եթե, իհարկե, շատ ժողովուրդ հավաքվի Ազատության հրապարակում: Բայց որպեսզի շատ ժողովուրդ գա, ոչ միայն ինքնավստահ, ոչ միայն թունոտ, այլև խելացի պիտի խոսես: Ոչ միայն խելացի պիտի խոսես, այլև լուրջ ծրագիր պիտի ներկայացնես: Ժողովուրդը պիտի հավատա, որ դու իսկապես «Հանուն Հայաստան պետության» ես իշխանության ձգտում:

Այդ դեպքում ժողովուրդը նույնիսկ կհարյուրապատկվի՝ ինչպես որ Ղարաբաղյան շարժման ժամանակ էր հարյուրապատկվել: Որովհետև հավատում էր Շարժմանն ու «Ղարաբաղ» կոմիտեի լիդերներին: Եվ կյանքը ցույց տվեց, որ իսկապես արժեր Շարժմանն ու կոմիտեի լիդերներին հավատալ: Այդուհանդերձ, մեր շարքերում կան մարդիկ, ովքեր դժգոհում են Ղարաբաղյան շարժումից ու «Ղարաբաղ» կոմիտեից: Նրանք չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ Ղարաբաղյան շարժման շնորհիվ մենք ոչ միայն անկախություն ստացանք, այլև ազատագրեցինք Ղարաբաղը: Նաև ու նախ և առաջ՝ ժողովրդի շնորհիվ: Եթե Շարժումը չկարողանար ժողովրդին ոտքի հանել, բնականաբար ոչնչի չէր հասնի: Բայց ժողովրդին ոտքի հանելուց բացի՝ հարկավոր էր ոտքի ելած ժողովրդին ճիշտ ուղղությամբ առաջնորդել:

Մենք Ղարաբաղն ազատագրեցինք, բայց պատերազմը, փաստորեն, չի ավարտվել: Չեմ կարծում թե՝ մեր հաղթանակը կասկածի տակ է, բայց կարծում եմ, որ մեր պառակտվածությունից կարող է հակառակորդն օգտվել: Չի օգտվել, որովհետև իրենք էլ են միշտ ներքին խնդիրներ ունեցել, և իրենց պառակտվածությունն, ըստ ամենայնի, ավելի խորն է: Էդ հանգամանքից մենք շահել ենք և կշարունակենք շահել, եթե ավելի միասնական լինենք:

Վերջերս մի առիթով Պարգև Սրբազանն ասել էր, որ Արցախյան բանակցությունների հարցում Սերժ Սարգսյանից լավ մասնագետ չկա: Երբ լրատվական կայքերը հրապարակեցին Սրբազանի այս կարծիքը, կայքերի ընդդիմադիր ընթերցողներից ոմանք հարձակվեցին Սրբազանի վրա: Փաստորեն, չափ ու սահման չենք ճանաչում: Միթե կարծում ենք, որ Պարգև Սրբազանն Արցախի շահն անտեսելով՝ հաճոյանում է Սերժ Սարգսյանին: Պարզվում է՝ այդպես կարծողներ կան: Սա, ըստ իս, նույնպես իշխանությունների հանդեպ ատելության բացահայտ դրսևորում է:

Հաջորդ՝ մարտի 16-ի հանրահավաքին ավելի քիչ ժողովուրդ կար: Ատելության պակաս չէր զգացվում, բայց ժողովրդի պակաս զգացվում էր: Նաև՝ անձրևի պատճառով: Ճակատի հաջորդ՝ մարտի 23-ի հանրահավաքին նույնպես ժողովուրդ չկար: Պարզվեց՝ պատճառն ամենևին էլ անձրևը չէ:

Այդուհանդերձ, ընդդիմությունը հույսը չի կորցնում և հավատում է, որ մի օր անպայման ժողովուրդ կգա: Եթե, իհարկե անձրևներ չլինեն: Ճակատի հանրահավաքային մարաթոնը շարունակվում է: Ղարաբաղյան շարժման հանրահավաքներին անձրևներ գալի՞ս էին, թե՞ չէին գալիս: Լավ չենք հիշում: Որովհետև հիշելու շատ ավելի կարևոր բաներ կային:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Այո, ժողովուրդը երեխայի նման անմիջական ու մաքուր է, ձեւականություն անել չգիտի, դուրը գալիս է՝ գալիս է հանրահավաքի, չի գալիս՝ չես ստիպի եւ դա շատ լավ է: Շրջաններից եկած հայտնի քաղաքական գործիչներ կան, եթե իրենց շրջաններում այդ քաղաքական գործիչներից տեղական իշխանությունները վախից կամ հարգանքից դռդռային, կհասկանայի, որ սրանք դրածո չեն, թե չէ ստացվում է մի դրածոն մեկ այլ դրածոյի դեմ է խոսում՝ էշություն: Կան նաեւ հոյակապ հայ, բայց ոչ հայերեն թռվռացող երիդասարդներ, հոյակապ կլիներ, որ հայերեն գործեին: Խորհուրդս հետեւյալն է՝ լինի հայ իշխանավոր թե հայ ընդդիմադիր, հայ ծախված տասը հազարական ու դրսից դրամաշնորհ ստացած քաղաքական գործիչ թե հայ հերոս, մեր բոլորի սրբությունը ու ազգի հիմնասյունը՝ որ հայ ենք, սա նշանակում է ԳՈՐԾԵԼ ՄԻԱՁԱՅՆ, ներեցեք մեծատառերիս համար, մենք պետք է ամեն գնով հասնենք հայկական միաձայնության, ոչ թե պետք է մերժել մեկ այլ հայի, այլ ազգով համոզել համակարծիք լինել՝ կարեւորը ճիշտ ու սխալը չի, կարեւորը միաձայն լինելն է, լինի դա իշխանավոր թե տասը հազարին ծախված հարեւանդ, եթե չհամոզեցիր՝ մեղավորը դու ես, ոչ թե իշխանավորը կամ հարեւանդ: Եւ գլխավորը՝ ով հային վնաս տվեց, դա հայ չի:

    • Լավատես says:

      Ձերդ Գերազանցություն Քաղաքացին օրենքով իրավունք չունի երբ քեֆը տա իր ընտրած պատգամավորներին ծառայությունից հեռացնի, պատգամավորները կամ սեփական կամքով պետք է աշխատանքից դուրս գան կամ էլ դատարանի որոշմամբ, եթե պարզվի որ օրենք են խախտել: Բայց Ձերդ Գերազանցություն, Դուք էլ որպեսզի միանշանակ Ձերդ Գերազանցություն Քաղաքացի կոչվեք, պարտավոր եք՝ Ա իմանալ թե ովքե՞ր են Ձեր կողմից ընտրված պատգամավորները եւ Բ մինչեւ բոլոր ընտրողներով միաձայն որոշման չգաք պատգամավորների կապակցությամբ, ժողովի սենյակից տուն գնալու իրավունք չեք ունենա:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30