Երեկ երեկոյան հրաժարական է տվել Ռուսաստանի Կեմերովոյի մարզի ղեկավար Աման Տուլիեւը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, մարտի 25-ին Կեմերովոյի «Զիմնայա վիշնյա» (Зимняя вишня) առեւտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել, որից զոհվել էր 64 մարդ, այդ թվում`41 երեխա: Միջադեպից հետո բողոքի ցույցեր տեղի ունեցան Կեմերովոյում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել էր, որ բոլոր մեղավորները կպատժվեն: Արդեն կան ձերբակալվածներ:
«Զիմնայա վիշնյա» (Зимняя вишня) առեւտրի կենտրոնում զոհվածների մեջ է նաեւ Տուլիեւի 11-ամյա ազգականուհին: Նահանգապետն այդպես էլ որեւէ անգամ չէր գնացել հրդեհի վայր: Ավելին, նա ամսի 27-ին ցույցի դուրս եկած Կեմերովոյի բնակիչներին, նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ «սկանդալիստներ» էր անվանել: Այդ ցույցը, հիշեցնենք, 11 ժամից ավելի տեւեց: Բողոքի դուրս եկած քաղաքացիների մոտ գնաց նահանգապետի տեղական Սերգեյ Ցիվիլեւը: Նա, ի դեպ, համարվում է Տուլիևի հավանական ժառանգորդը:
Հիշեցնենք, մարտի 27-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Տուլիևը հայցեց նախագահի ներողությունը`տեղի ունեցած ողբերգության համար, բայց ոչ Կեմերովոյի բնակիչների: «Վլադիմիր Վլադիմիրովիչ, Դուք անձամբ զանգահարել էինք ինձ: Եվս մեկ անգամ մեծագույն շնորհակալություն: Հայցում եմ անձամբ ձեր ներողամտությունը`նրա համար, ինչ տեղի է ունեցել մեր տարածքում»,- ասել էր նա: Ավելի ուշ, Տուլիևը հայցեց նաեւ տեղի բնակիչների ներողամտությունը:
Աման Տուլիեւը 73 տարեկան է, քաղաքականություն էր մտել 38 տարի առաջ, Կեմերովոյի մարզի ղեկավարն էր 1997 թվականից, չորս անգամ ընտրվել է այս պաշտոնում` 93,5-96,69 տոկոս ձայներով: Նրա լիազորությունները դադարում էին 2020 թվականին:
Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ