Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է զգույշ լինել, որ տանը ոչինչ չկոտրվի, մածուն մերել, իսկ ձվերը ներկել յոթ գույներով»․ էթնոհոգեբան (Ֆոտոշարք)

Մարտ 31,2018 22:26

Էթնոհոգեբան Կարինե Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց ժողովրդական այն ծեսերը, որոնք կատարվել են Շիրակում կամ Գյումրի-Ալեքսանդրապոլում Սուրբ Զատկի տոնին նախապատրաստվելիս։

Ըստ նրա՝ Ծաղկազարդին հաջորդող շաբաթը, որը կոչվում է Չարչարանաց կամ Ավագ Շաբաթ, հարսները լույս առավոտից մինչև ուշ գիշեր պետք է խմորեն հունցեին՝ որպես նշխար Քրիստոսի մարմնի։ Ըստ մեր զրուցակցի, ժողովրդական պատկերացմամբ, Ավագ Հինգշաբթին համարվում էր ծռատոն և հղի հարսներին չէր թույլատրվում ոչ մի գործ անել, որպեսզի հանկարծ ծնվող երեխայի մարմնի մասերը ծուռ չլինեին։ Ծեսի ամենաէական խորհուրդը մածուն մերելն էր, խորհուրդ էր տրվում այն մերել հինգշաբթի, մերանը պիտի բռնեիր, որ տանդ օրհնանք և մաքրություն լիներ, և տան անդամները միասնական դառնային, համաձույլ լինեին, մերվեին։

Ըստ Կարինե Սահակյանի՝ մածուն մերոցու ծեսը նաև ազգի միասնության ու բարօրության համար էր։ Մեր զրուցակցի ասելով, այդ շաբաթ նորահարսներին պարտադիր պիտի դարձ բերեին, ընդ որում լույս աչքով․ հենց եկեղեցու զանգերը հնչեին, հարսին տնից պիտի դուրս հանեին։ Շաբաթ գիշեր ծնվածներին Հարություն էին անվանում՝ ի պատիվ Քրիստոսի հարության։

 

«Ըստ ժողովրդական հայեցակարգի, Հուդի ուրբաթ կամ Սուգ ուրբաթ գլուխ չէին լվանում, որ չգժվեին, քանի որ այդ օրը Հիսուսի վերքերը բաց են, որպեսզի տիրոջը մրմուռ չպատճառեին, օճառ չէին գործածում, որ կսկիծ չտեսնեին։ Այդ օրը ծոմ էին պահում, կանայք կար էին անում, երեխաները ասեղով փորում էին հողը, որպեսզի Հուդայի աչքը հանեին, տանջում էին նրան, իսկ հարսներն անպայման ձեռնադրում էին մեծ լվացք Հուդային մրմուռ պատճառելու։

 

Այդ օրը եկեղեցում խաչ չէին հանում, որովհետև երկինք, գետին խաչված է, ծունր չէին դնում, որովհետև Քրիստոսը խաչին է, չէին համբուրվում, որովհետև Հուդան համբույրով մատնեց տիրոջ, համբուրողը Հուդային է համբուրում։ Յոթ հավկիթ էին խաշում, ուտում կիրակի օրով, որ ատամները չցավեին կամ չհիվանդանային գոտկատեղի ցավով։ Դարբիները մի ոտքի վրա կանգնած պատրաստում ու այդ օրը եկեղեցու բակում հավաքված ժամավորներին վաճառում էին իրենց պատրաստած ուրբաթարուրը, որը խորհրդանշում էր Հիսուսի տառապանքները։

 

Հնում հավատում էին, որ Զատկի իրիկունը ծնվածն իմաստուն է լինում, այդ գիշեր մատաղ էին անում, և եթե այդ մատաղի մալի թիակի ոսկորը թրջեին մեռոնաջրով և կնքեին երեխային եկեղեցու օթևանում, ապա երեխան գուշակելու ունակություն կունենար։ Հին հայերը հավատում էին, որ Զատկին ծնվածը նախատեսության, կանխագուշակման ունակություն կունենար։ Զատկվա ամբողջ շաբաթվա ընթացքում, ով ինչ ցանկանար, կիրականանար, և տեսած բոլոր երազները նույնությամբ կատարվում էին։ Շաբաթ օրը պետք է զգույշ լինեին, որ տանը ոչինչ չկոտրվեր․ չէ՞ որ գարնան հույս ու հավատը դրա մեջ էր։

Զատկական օրերերին չի կարելի մեղք գործել, սիրտ կոտրել, վիրավորել, նմանին վշտացնել, առիթ տալ, որ նա էլ մեղք գործի, որովհետև ուսմունքի, լռության ներհայեցության, նպատակամղվածության, իրականացումների շաբաթ է, հին հայերն այդ օրը հաշտվում էին․ չէ՞ որ գնալու էին հաղորդվելու և հաց ցանելու։ Քրիստոսն է, որ այդ օրը զոհվում է, և որպես հաց բաշխվում է մեզ համար։

Զատկվա հաց թխելիս որքան էլ որ տանը ալյուրը շատ լիներ, ցորեն էին մաղում, և ցորենը մաղով անցկացնելիս, առաջին բաժնից մի բուռ դնում էին Քիստոսի համար, մի բուռ հիվանդ հարևանի, մի բուռ էլ նորաստեղծ ընտանիքի համար, և այսպես յոթ տուն, այսինքն՝ հաց տուր, որ հաց բերի։ Այդ օրերին հավաքվում էին հարազատները, զրուցում էին, գիշեր էին անցկացնում, չոր մրգերից պատրաստված ըմպելիք էին խմում, Ալեքսանդրապոլում այն կոչվում էր խոշաբ կամ ղոշաբ, որպես ուրախության նշան՝ կորիզները կոտրում էին շրխկոցով, հյուրերը մաղթանքներ էին տալիս տանտիրոջը։ Տանտիրուհին էլ ճիպոտ էր ջարդում, դրանով կոտրելով չարը կամ չարակամների տրամադրվածությունը։

Ավագ հինգշաբթի եկեղեցուց բերած կարագը քսում էին աչքերին, մարմնի հիվանդ մասերին, որ լավանար, մի կտոր էլ դնում էին յուղի կարասի մեջ, որ տարին օրհնաբեր ու բարեբեր լիներ։ Զատկի շաբաթ օրը, այսինքն` այսօր ժողովրդի մեծ մասը ծոմ է պահում, գնում է եկեղեցի, ճաշակվում, հաղորդություն առնում ու գալիս տուն, հաց չեն ուտում այնքան ժամանակ, մինչև չհնչեն եկեղեցու զանգերը։ Զանգն ազդարարում է պասից ելնելը, կարելի է գնալ տուն և ճաշակվել, առաջինը պետք է հավկիթ ուտել, հավկիթով պիտի լուծարել պասը։

Սարիղամիշի փայտից պատրաստված սեղանի մեջտեղում դրվում էր նախօրոք գարի ցանված սինի, շուրջը ցանում էին նախշազարդ ձվերը, պետք է անպայման պահպանվեր յոթ գույները, իսկ կարմիրն ու կանաչը պարտադիր էին, կարմիր, որովհետև Քրիստոսի արյունն էր, կանաչը գարնան գալուստն է։ Սեղանին դրվում էին գյումրվա գաթա, խուրմա, սահանչորակի, կտրտած շաքարլոխումի, սինի, թոնրի մեջ եփած փախլավա, փլավ, ձուկ, տապակած պաստեղ, լոբի, միս չէին ուտում, նավակատիք էր։

Շաբաթ օրը երեկոյան տղամարդիկ տանից դուրս էին գալիս, կրակում, դրանով ճանապարհ էին դնում Մեծ պահքը։ Զատիկին գրեթե բոլորը ոտքից գլուխ նոր շորեր էին հագնում, մեկը մյուսին փոխանակ ասեր բարով մաշես, ասում էին՝ զատիկը վրեդ ծրտե՞լ է։ Զատիկի ամենակարևոր իրադարձություններից էր հավկիթ խաղալը, բակերում երեխաները հավկիթ էին խաղում, և վերջում այն ձուն, որը հաղթող էր, դհոլ զուռնային նվագակցությամբ տանում, թաղում էին այն արտում, որը նախորդ տարի նվազ բերք էր տվել։ Դրանով ուզում էին ապահովել հողաբերքը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Կարինե Սահակյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031