Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հիշե՛նք մեր խենթությունը, հիշենք, որ մենք կարո՛ղ ենք խելագարվել, հակադրվել. Զարուհի Փոստանջյան  

Մարտ 31,2018 16:32

Ի՞նչ է մեզ համար Զատկվա խորհուրդը, այն տոնելով` ի՞նչ ենք հասկանում, արդյոք իմաստավորո՞ւմ ենք, որ պետք է ազատվենք Խավարի հաղթանակից Արևի վրա:

Մեր ազգը հազարամյակներ շարունակ գարնանային գիշերահավասարի օրը Արևի ծագումն անվանելով Զատիկ` կարևորել և իմաստավորել է Լույսի գերակայությունը խավարի վրա: Կարծում եմ` հայ ազգի հիմնական մասը, ընդունելով քրիստոնեությունը` շարունակել է դեպի լույսը հավատի կրողը մնալ:

Բայց, արի և տես, հազարամյակների պատմություն ունեցող, խավարը մերժող, լույս տեսնող հայ ազգն այսօր դարձել է խավարահավատ և խավարակիր: Ի՞նչ է կատարվում մեզ հետ, որ չենք ցանկանում արթնանալ շուրջ երեսունամյա գիշերից: Ո՞րն է այն  պատճառը, որ մութը ներթափանցեց մեր հանրային կյանքի բոլոր ոլորտները: Ինչո՞ւ մի քանիսի կողմից ստեղծված սև քառակուսին և եռանկյունին կարողացան լինել այսքան կենսունակ: Ինչո՞ւ խավարը, որը զուրկ է մտքից և ունակություններից, մթի փոթորիկով ավերելով մեր Հայրենիքը` շարունակում է գահակալել:

Կարծում եմ` հիմնական պատճառը մեր խենթությունից հեռանալն է, մեր խենթ լինելը մոռանալն է: Հիշե՛նք մեր խենթությունը, հիշենք, որ մենք կարո՛ղ ենք խելագարվել, հակադրվել «Կրկեսի պես մի վիթխարի, խայտաբղետ, խայտանկար քաղաք քարին»:

Գրավե՛նք քաղաքները, գիտակցենք, որ նրանք պոկված են մեր ազգային կյանքի բնականոն ընթացքի մաս լինելուց: Գրոհե՛նք  քաղաքները, ելնե՛նք երեսունամյա պատմության դեմ, կերտենք նո՛ր պատմություն: Բաժանվենք բևեռների` մենք դառնանք շարժմա՛ն բևեռ` ընդդեմ վերարտադրման մեջ գտնվող, չշարժվող ճահճացած բևեռի:

Երնե˜կ այս տարի գարնան ուժի օգնությամբ դիմավորենք լուսաբացը Զատման: Խելագարվե՛նք Արևի ծագումից, նրա լույսից և ջերմությունից:

Դառնա՛նք հազարավորների ճշմարիտ և օրինավոր հավաքական բևեռ:

«Հեռու, մոտիկ ընկերներով, արևներով, հրանման հոգիներով»` խավարի և Արևի միջև ճակատամարտը կնքենք հաղթանակո՛վ:

Շնորհավոր Զատիկ:

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031