Այսօր Գյումրիի կենտրոնական հրապարակից սկսված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քայլարշավը հասավ Շիրակի մարզի Կամո գյուղ: Պատգամավորն իր մի խումբ համախոհների հետ քայլում է ավտոճանապարհի եզրով եւ մտադիր չէ դիմել ավտոմեքենայի օգնությանը: Այդպես ապրիլի 13-ին նա կհասնի Երեւան, որտեղ կկայանա հանրահավաք՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի: «Եթե քաղաքացիներն իրենց կամքը ցույց տան ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի, կասկած չունեմ, որ այս գործընթացը կավարտվի քաղաքացու հաղթանակով»,-հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:
Ճանապարհին նրան միացան նաեւ Երեւանի ավագանու անդամ, ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը, «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրեն աջակիցներ են զանգում արտերկրից, Վանաձորից, Թբիլիսիից: Ճանապարհին նրան միացավ Նելլի Սարգսյանը, որը տարիներ շարունակ բնակվել է Գերմանիայում, իսկ 2017թ. մայիսից շուրջերկրյա ճանապարհորդություն է սկսել:
Նա տեղեկացրեց, որ ճամփորդությունը սկսել է Նյու Յորքից, եղել Մեքսիկայում, Կուբայում, Արգենտինայում, Պերուում, Կոլումբիայում, Բոլիվիայում, որտեղից էլ եկել է Հայաստան՝ այս քայլերթին միանալու: Նա ճամփորդել է ոտքով, գնացքով, ինքնաթիռով: Հայաստանից հետո էլ մտադիր է ասիական երկրներ մեկնել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ