Նախարար Արմեն Ամիրյանը տեղակալ Արև Սամուելյանի և մշակութային ժառանգության վարչության պետ Սևակ Ղազարյանի հետ այցելեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան՝ տեղում գնահատելու, թե ինչպես կարելի է աշխուժացնել տուն-թանգարանի ցուցադրանքը՝ այն առավել հրապուրիչ դարձնելով այցելուների համար։
Այցից երկու օր առաջ նախարարությունում՝ 2017թ. հաշվետվության քննարկմանը, ինչպես նախարար Ամիրյանը, այնպես էլ Թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը այցելուների հետաքրքրությունը Վարպետի տուն-թանգարանի հանդեպ բավարար չհամարեցին, և Թանգարանի «ռեբրենդավորման» կարիքները տեղում գնահատելու պայմանավորվածություն ձեռք բերվեց։
Բանաստեղծի թոռան՝ Ավիկ Իսահակյանի, Տուն-թանգարանի տնօրենության հետ շրջայց-զրույցի արդյունքում նախարար Ամիրյանն առաջարկեց մշտական ցուցադրությունը թարմացնել՝ նրանում գործածելով նաև վիրտուալ տեխնոլոգիա, մտածել Թանգարանի գրադարանի բացառիկ գրքերի, նկարների և քանդակների ժամանակավոր ցուցադրություն ( թեկուզ՝ ոչ թանգարանի տարածքում) կազմակերպելու, Իսահակյանի բանաստեղծական խոսքով գրված երգերը ցուցադրանքում օգտագործելու մասին… Հետաքրքիր գաղափարներ ծնվեցին նաև Տուն-թանգարանի բակի հատվածը գործածելու շուրջ։
Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցի գեղեցիկ այդ առանձնատանն Ավետիք Իսահակյանն ապրել է կյանքի վերջին տասը տարիներին։
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին