ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես գրել է. «Երկար ժամանակ դիվանագիտական գործունեությունից հետո հետաքրքրական է այդ բոլորը կիսել ուսանողների և մասնագետների հետ: Հունվարից ես Լոս Անջելեսում էի, որտեղ հակամարտությունների, ինքնորոշման իրավունքի, բանակցությունների, ինչպես նաև առհասարակ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում դասախոսությունների շարք էի ներկայացնում, որը արդեն գրեթե վերջացրել եմ:
Մինչև Երևան վերադառնալս, Հարվարդի իրավագիտության դպրոցում, «Ինքնորոշումը և միջազգային իրավունքը։ Կոսովո և Լեռնային Ղարաբաղ․ երկու հակամարտությունների պատմությունը» թեմայով ելույթ եմ ունենալու Ապրիլի 12-ին:
Առաջիկա աշնանային կիսամյակում կվերադառնամ Բոստոն, որտեղ Թաֆթսի համալսարանում, որպես այցելու դասախոս, կվարեմ դասընթաց՝ «Ինքնորոշման և անջատման քաղաքականությունը» խորագրով։ Ուրախ եմ, որ ինչ-որ ժամանակով վերադառնալու եմ այն համալսարանը, որտեղ սովորել եմ տարիներ առաջ»։
Լուսանկարը՝ Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջից: