Լրահոս
Օրվա լրահոսը

Նեղվածության մասին

Մարտ 31,2018 09:58

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին անձամբ չեմ ճանաչում, բայց նրա ծառայությունը հայտնի է, եւ, հավանաբար, չեմ սխալվի, եթե ասեմ, որ նա իրավամբ մեր ամենահարգված հոգեւորականներից մեկն է:

Այս պահիս, սակայն, սրբազանը հրաժարվում է հարցազրույցներ տալ, դադարեցրել է իր մասնակցությունը հոգեւոր թեմայով հաղորդմանը: Ըստ երեւույթին, նեղված է լրատվամիջոցներից, ֆեյսբուքյան օգտատերերից: Նեղվածության պատճառն էլ, հավանաբար, այն է, որ ԶԼՄ-ներն, իր կարծիքով, սխալ են լուսաբանել զոհված զինվորին հուղարկավորելու խնդիրը, իսկ «ֆեյսբուքչիները» էլ խնդիրը մեկնաբանել էին իրենց հատուկ միակողմանիությամբ ու չարությամբ: Հիշեցնեմ՝ այս տարվա փետրվարի 22-ին Արցախում  հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել էր Ախուրյանի բնակիչ Գրիգոր Եղոյանը, եւ հարց էր առաջացել նրան եկեղեցական կարգով հուղարկավորելու վերաբերյալ, քանի որ, ըստ որոշ պնդումների, նա մկրտված չէր: Գործի էության մասին արդեն գրել եմ, հիմա գրեմ նեղվածության մասին:

Երբեք ինձ իրավունք չեմ վերապահի խորհուրդներ տալ որեւէ հոգեւորականի, առավել եւս` Միքայել սրբազանին: Պարզապես կիսվեմ իմ՝ «լրագրողական ծառայության» փորձով: Հաճախ է պատահում, որ քաղաքական գործիչները հարցազրույցի կամ ասուլիսի ժամանակ առանց որեւէ պատճառի «բշտում» են լրագրողներին՝ ինչ-որ բանում մեղադրելով նրանց: Առաջին մարդկային ռեակցիան շատ բնական է՝ թքել ու գնալ, ու հետո մի երկու քաղցր խոսք գրել այդ անզուսպ գործչի հասցեին: Այդպես էլ վարվում էի 20-25 տարի առաջ: Բայց հիմա ես ինքս ինձ ասում եմ՝ «ստոպ», ինչո՞ւ եմ ես ընկել իմ վիրավորված զգացմունքների հետեւից, իմ գործը տեղեկատվություն փոխանցելն է, իսկ այս գործչի ասածներն իմ աշխատանքի հումքն են: Որքա՞ն է այդ հումքի տերն ինձ սիրում կամ ատում՝ դա բացարձակապես ոչ մի նշանակություն չունի: Ես, ի հեճուկս այս ամենի, իմ գործն եմ անում: Լրագրողն, այդպիսով, պետք է մի քանի անգամ ավելի ներողամիտ ու մեծահոգի լինի, քան քաղաքական գործիչը, որի գործն ընդդիմադիրներին «բշտելն» է, իսկ այդ «խայթոցներից» երբեմն բաժին է հասնում լրագրողներին՝ երբ մարդը չափից դուրս ակտիվ է ձեռքերը թափահարում, ապա պատահական հարված կարող են ստանալ կողքին հայտնված մարդիկ:

Հոգեւորականի առաքելությունը գուցե շատ ավելի բարձր է, քան լրագրողինը, եւ թերեւս նմանություններն էլ այնքան շատ չեն. պարզապես ուզում էի պատմել, թե ինչպես եմ ես փորձում հաղթահարել իմ նեղվածությունները: Ուրիշ հարց, որ դա ոչ միշտ է ստացվում:

…Ասածս այն է, որ բոլոր խոսքերը՝ քնքուշ, թե վիրավորական, բոլոր արդարացի կամ անարդար մեղադրանքները կմոռացվեն, կգնան: Կյանքը չափից դուրս կարճ է՝ նման մանր բաների վրա ծախսելու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Չգիտեմ, սիրեմ թե չսիրեմ, բայց հարգում եմ այն ազգերին, որոնք ունեն ազգային կրոն, մենք իհարկե կարող ենք մեր ազգային առանձնահատկությունը շեշտել ուրիշների կրոններում, բայց այդ կրոնները, որոնց հայերը երկրպագում են, հայ ազգային կրոն չի կարելի անվանել, դրանք երկրորդ ձեռքի լայն սպառման կրոններ են կամ որ ավելի վատ է՝ պարզապես անհավատներ ենք: Հավատը գերբնական աստվածային ուժ է տալիս հավատացյալին, երբ հավատացյալը ողջ հոգով է ու սրտանց հավատում, իսկ այդ սրտանց վիճակին մարդ կարող է գալ միայն իր աստծուն իրական զոհաբերություն մատուցելով եւ այդ ի՞նչ է, որ մենք ազգովին զոհաբերում ենք մեր աստծուն: Հաղթում են այն ազգերը, որոնց աստվածն ավելի զորեղ է, իսկ զորեղ է աստված հավատով, իսկ հավատը՝ զոհաբերությամբ, երբ հայ քրիստոնյան, հայ մահմեդականն ու հայ անհավատը իրար մեծարեն ու հարազատ ընկալեն որպես հայ: Թե չէ ընկել ենք իշխանությունների, թշնամի գերպետություններների հետեւից, վերակենդանացնենք մեր հայ ազգային կրոնը ու մեր ազգից հզոր, երջանիկ ու ճիշտ չի լինի:

  2. henri says:

    Ես իմ կարգին թէ անձամբ և թէ գործունէութեամբ բաւական խորը կը ճանչնամ սրբազանը
    որ սկզբունքի տէր անձ է և հեռու հաճելի ըլլալու մարմաջէ տարուող – մէկ խօսքով անբասիր անձ-
    Կը համարիմ սակայն որ կան պարագաներ ուր կարելի է և պէտք է աւելի ճկուն ըլլալ մանաւանդ հոգեւոր Առաջնորդ քաջ հովիւի մը համար և աչք փակել ոչ այնքան էական հարցի մը պարագային- Մկրտուած կամ ոչ -քրիստոնեայ երկրի զաւակ ըլլալով նոյն ինքն Քրիստոս պիտի չմերժեր այդ երիտասարդ զոհը իր տան մէջ – Քրիստոս վիրաւորեալ սամարացիին չհարցուց թէ իրեն աշակերտած է կամ ոչ – առաւ խնամեց որպէս հարազատ անձ -ինք որ Հռոմ ուսանած է լաւ գիտէ թէ լատինները պիտի ըսէին Ecclesia suplet – և պիտի չառարկէին -չարժեր նման պարագաներուն ՛՛
    ՛՛պապէն աւելի պապական ըլլալ՛՛ – Քրիստոսի եկեղեցին շատ ոչ-էական հարցերու մէջ բարեացակամ դարձած է ներկայիս համեմատած միջին դարուն ; Քրիստու յարեաւ ի մեռելոց մահուամբ զմահ կոխեաց և յարութեամբ իւրով մեզ կեանս պարգեւեաց –

  3. Ruben says:

    Հոգեւորական բառը օգտագործելը ճիշտ չի: Ճիշտ կլինի կոչել՝ կրոնական պաշտոնյա կամ ծառայող: Այսօրվա կրոնական պաշտոնյայի (սև կամ սպիտակ տերտերի) ու լրագրողի «առաքելությունը» իրարից չեն տարբերվում: Դրանք, մարդկանցից օտարազգի կուռքերի երկրպագություն պահանջող, նվիրապետություն մուրացող, «գառանը մորթող ու փառավորող», կուսակցական եւ կրոնական գաղափարախոսության սպասավորներ են (խոսքս չի վերաբերում ազատ ու անկախ լրագրողներին եւ ցավոք գոյություն չունեցող Հայ հոգեւոր աշխարհի ճգնավորներին):
    Ձեր այսօրվա սուտը էրեկվա իրականության հետ չեմ փոխի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031