Չնայած մենք կարծես թե գիտենք, որ ինչին ամենաշատն ենք ձգտում, անպայման մի օր թռչում է մեր ձեռքից, խույս է տալիս ու անհետանում` թողնելով մեզ հուսահատ դատարկության դիմաց մենակ:
Գիտենք կամ գոնե ենթադրում ենք, բայց անվերջ ձգտում ենք հասնել մեզ թվացող կատարյալին` հաղթահարելով ժամանակն ու տարածութունը եւ, չվստահելով արդեն գրված պատմությանը, համառորեն ճեղք ենք փնտրում նրա պատերի մեջ, ներս մտնելու եւ հարմար տեղավորվելու այնտեղ` հույսով, որ մի օր կանմահանանք: Այնինչ պատմության սերվանտեսյան մեկնաբանությունը հուշում է ու զգուշացնում.
Ճշմարտությունը, որի մայրը պատմությունն է, ժամանակի մրցակիցը, բոլոր գործերի շտեմարանը, անցյալի վկան, ներկայի օրինակն ու քարոզը` ապագայի նախազգուշացումն է:
Այսինքն թե` մենք հավերժ ձգտում ենք մտնել ու ապրել ճշմարտության մեջ` չլինելով ճշմարիտ, չփորձելով հասկանալ, թե նույնիսկ ո՞րն է ճշմարտությունը Աստծո ստեղծած մեր այս տաճարում: Եվ հետաքրքիր է, թե ինչի՞ն ենք ձգտում ու ի՞նչ ենք մտածում մենք, երբ տեսնում ենք, ընկալում իրականությունը, բայց չենք ընդունում, ի՞նչն է խանգարում մեզ` ճանաչելով իրականությունը, խոստովանել եւ ակամա չդառնալ ստի վկաներ:
Քանի որ իրականությունը տեսնել ու չխոստովանելը մեղք գործել է արդեն, եւ իզուր ենք մենք մեզ սփոփում, որ մեր մեղքը աննկատ կմնա, երբ որ Նա, որ Է, երբեք քնած չէ:
Իսկ եթե մեզ թվում է, թե Նրա ստեղծած տաճարն է քնած ու անտարբեր, դարձյալ սխալվում ենք, քանի որ տաճարի թվացյալ անտարբերությունը ավելի զգոն է, քան մեր արթնությունը: Եվ որովհետեւ մեր կյանքը կարճ է, իսկ տաճար-աշխարհի ճանապարհները՝ երկար, անվերջ մոլորվում ենք պատմություն մտնելու ճանապարհին ու հաճախ սայթաքում` ոտքի ջլերը կտրած ձիու նման:
Ուզում ենք անպայման մերը պարտադրենք ուրիշին, ուզում ենք անվերջ փոփոխենք, մեր կարծիքով՝ բարեհարդարենք շրջապատի մարդկանց, այնինչ, կարծես թե, պետք է հակառակն անել` մի կողմ քաշելով անձնապաստանության ճնշող վարագույրը, ձգտենք տեսնել եւ փոխել ինքներս մեզ, չափավորել մեր ցանկությունները, ու մի օր զարմանքով կտեսնենք, որ մեզ շրջապատող մարդիկ փոխվել են, որովհետեւ առաջինը մենք ենք փոխվել…
Եվ եթե ոչ` պատմություն մտնելու եւ անմահանալու մեր ցանկությունը չորացած երնջակի նման մի օր կթռցնի, կտանի մեր սերնդի դեմքի արդեն փչող աշնան քամին:
Եվ ոչ ոք մեզ չի տա անքնության այն երանելի գիշերը, երբ մենք հնարավոր ամեն ինչին հասու դառնալու մեր ամենօրյա մղումը մոռացած` կճանաչենք ուրիշի՝ բոլորիս վրա տարածվող մեծ խիղճը եւ կխղճանք մեզ, անմահանալու մեր արդեն ունայն ցանկությունը, քանզի ոչ մի պետություն անմահության անձնագիր չի տալիս:
Թեեւ պատմություն մտնելու այդ տարաշխարհիկ ճանապարհին հայտնվում են մարդիկ, որ պարտվողականություն են քարոզում՝ անմահանալու ակնկալիքով, այնինչ անմահությունը հաղթողինն է:
Մեր անմահության ճանապարհը արդարների ոտնահետքով քայլելն է, որ ապրել են մեզանից առաջ, ապրում են մեզ հետ եւ ապրելու են մեզանից հետո:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ»
30.03.2018