Ըստ Վարդան Բոստանջյանի՝ ԱՄՆ-ի հարուստներին աղաչենք-պաղատենք էլ, եկեղեցու վրա ներդրում չեն անի, նույնը պետք է տեղի ունենա նաեւ մեզ մոտ
Նախագահ Սերժ Սարգսյանը ԳԱԱ-ում տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարեց, որ գիտության ոլորտում պետք է օպտիմալացում անեն եւ միջոցներն արդյունավետ ծախսեն. «Խնդիրը քանակի մեջ չի, խնդիրը այդ մարդկանց արդյունավետ աշխատանքի մեջ է: Հարցն այսպես է: Եթե Հայաստանում 20 հազար գիտնական էլ լինի, էլի ես չեմ ասի՝ շատ են, բայց նորից եմ կրկնում՝ հարցը 20 հազարի մեջ չի, հարցը մի քանի հազարի արդյունավետ աշխատանքի մեջ է»:
Գիտական ոլորտի մարդիկ օպտիմալացումը, բնականաբար, ծափերով չեն ողջունում, ավելին՝ հակափաստարկներ են բերում, որ Ադրբեջանը, օրինակ, երեք անգամ ավելի գիտնականների թիվ ունի, բայց մերոնք, քիչ լինելով, 5 անգամ ավելի մեծ արդյունք են ապահովում: Ընդ որում, Ադրբեջանում գիտությանը տրամադրվող ֆինանսները 4 անգամ ավելի մեծ են: Այսինքն՝ առանց այդ էլ քիչ լինելով՝ մեր գիտնականները կարողանում են բավականին լավ արդյունք ապահովել:
Արդյոք նախագահի առաջարկած օպտիմալացումը ճի՞շտ տարբերակ է գիտության ոլորտի համար. մենք այս հարցի հետ կապված զրուցեցինք ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի հետ:
Նա ասաց, որ օպտիմալացում բառից չվախենանք. «Անկախ նրանից, թե մենք այդ բառի մեջ ինչ իմաստային ծանրաբեռնվածություն ենք դնում, հայ իրականության մեջ ոչ միայն գիտության, ամենազանազան ոլորտներում էլ այդ բառը գոնե աշխատում է: Մեր ֆինանսական հնարավորությունների սղության պայմաններում օպտիմալացում բառի տակ մենք հասկանում ենք առաջնային խնդիրների վեր հանում ու դրա համար ամբողջ ջանքերի ուղղորդում, որոնք մեր հանրապետության համար բերում են լուրջ տեխնոլոգիական զարգացման, արդիականացման առումով հաջողությունների: Իներցիոն մեխանիզմի պայմաններում շարունակում ենք որոշ գործեր իրականացնել ոչ պետքական, ոչ առաջնային գործեր, ինչի վրա իրավունք չունենք ֆինանսական սուղ միջոցները ծախսենք: Նախագահը դա նկատի ուներ, եւ դա կոչվում է ռացիոնալություն, արդյունավետություն: Ցանկացած պարագայում պետք է ծախս իրականացնել միայն ու միայն այն մշակումների, այն վերլուծությունների վրա, որոնք պետք են հասարակությանը եւ ունեն սկզբունքային նշանակություն»:
Հարցին՝ քանակը որակ չի՞ կարող տալ, առանց այդ էլ մեր գիտնականների թիվը այնպես չէ, որ շատ մեծ է այլ երկրների հետ համեմատած, Բոստանջյանը պատասխանեց. «Քանակը կարող է որակ տալ, բայց տվյալ պարագայում համեմատության եզրերը, առավել եւս ռացիոնալության հարցը դրվում է այն առումով, որ նրանք ունեն նավթ, ունեն գազ, կարող են հնգակի շատ հատկացումներ անել գիտությանը, նաեւ ժողովրդագրական առումով մեծ բնակչություն ունեն, պրոբլեմ չունեն, եւ իրենց մոտ ավելի հեշտ են դառնում, այսպես ասած, գիտության մշակներ»:
Հարցին՝ ինչպե՞ս կարելի է օլիգարխներին, փողատերերին մղել դեպի գիտության ոլորտ, որ այնտեղ ներդրումներ անեն, օրինակ՝ ձեր կուսակցության ղեկավարին՝ Գագիկ Ծառուկյանին, ինչպե՞ս կարելի է համոզել, որ պետք է նաեւ գիտության ոլորտում հեռանկարային ներդրումներ անել, ոչ թե միայն եկեղեցիներ կառուցել, որոնք ոչ աշխատատեղ են ապահովում, ոչ էլ նպաստում են տնտեսական աճին, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Դուք գոյություն ունեցող ամբողջ հասարակության մեջ ինչո՞ւ եք շեշտադրում անձերին ու Գագիկ Ծառուկյանին: Այսօրվա զարգացման այս ամբողջ ժամանակահատվածում ես կուզենայի, որ դուք դժվարությամբ հայտնաբերեիք, ամենայն հավանականությամբ ձեզ չի էլ հաջողվի, գտնեիք մի մարդու, որը այդքան խնդիրներ, բարեգործություններ, հասարակությանը հասած կլիներ, ինչպես մեր ղեկավարն է հասել»:
Մեր դիտարկմանը, որ բարեգործությունը մի բան է, բայց գիտության ոլորտում ներդրումներ անելը՝ մեկ այլ բան, Վարդան Բոստանջյանն ի պատասխան հորդորեց այլ փողատերերի վրա թողնել այդ գործը եւ այլ փողատերերի նկատել. «Կարող եք ման գալ, բազմաթիվ այլոց գտնեք եւ հարցնեք, դուք ինձ եք հարցնում, ձեր դիմացը կանգնած է դոկտոր մարդ, ու ես շատ լավ գիտեմ հասարակական զարգացման ողջ հետագիծը: Ես ձեզ ասում եմ՝ ցանկացած աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում, իմացեք, որ մեծ հնարավորությունների տեր մարդիկ կան, որոնք գիտության եւ այլ ոլորտներում պատրաստ են ներդրումներ անել, երբ որ դա առարկայական ենթադրում է շահ: Պատմությունը ցույց է տվել, սոցիալիստ ուտոպիստներին պետք է իմանաք, որոնք իրենց հնարավորությունները բաժանեցին, եւ իրենք սոված մնացին: Այսինքն՝ ցանկացած պարագայում ներդրողները ներդրում կատարում են այնտեղ, որտեղ այդ գործը չի մարում, շարունակվում է: Հիմա դեռ չի հաջողվել, որ կարողանանք ի դեմս գիտության, ի դեմս նոր զարգացումների՝ գրավենք հնարավորություններ ունեցող մարդկանց: Մենք չենք կարող պարտադրել, ասել՝ պիտի քո հնարավորությունները գիտության մեջ դնես, ինքը պիտի գիտությունից ստանա համապատասխան համարժեք շահ»:
Մեր հարցին՝ եկեղեցին էլ շահույթ չի ապահովում, բայց ինչո՞ւ են օլիգարխները նախընտրում փողը սառեցնել եկեղեցի կառուցելով, բայց չներդնել գիտության հեռանկարային ճյուղերում, չէ՞ որ այդտեղ էլ կարող է շոյվել իրենց հեղինակությունը, նաեւ օգտակար գործ կարող են անել երկրի համար, Բոստանջյանը պատասխանեց. «Դուք չկարծեք, որ դա միայն Հայաստանում է, բոլոր երկրներում այդ ճանապարհով են անցել: Դա մեր կամքից անկախ պահ է: Հիմա մենք գնում ենք օտար, կանոնակարգված, քաղաքակիրթ, հարուստ երկրներ, այնտեղ էլ կան գեղեցիկ կառույցներ, եկեղեցիներ, այդ մարդիկ սկզբնական շրջանում միշտ, որպես կանոն, ներդրումը կատարում են հենց հատկապես այդպիսի տեղերում, մինչեւ տնտեսությունը կարողանում է իր զարգացման իրականացման տեղեր հուշել: Օրինակ՝ ԱՄՆ-ի հարուստ շերտը, արդեն խնդրեք էլ, եկեղեցի չեն կառուցի, ներդրում կանեն հատուկ սուզանավերի, տեխնոլոգիական բաների մեջ, նրանց աղաչեք-պաղատեք էլ, եկեղեցու վրա ներդրում չեն անի, նույնը տեղի պետք է ունենա նաեւ մեզ մոտ»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
30.03.2018