Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դրսում» ապշում են, երբ տեսնում են, որ մեր ուսանողները գրեթե կատարյալ խոսում են չորս լեզվով»

Մարտ 31,2018 13:30

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ մասնագիտական պրակտիկան ամրագրված է համալսարանի ուսումնական պլանում եւ պարտադիր է ոչ միայն բակալավրիատում, այլեւ մագիստրատուրայի առաջին եւ երկրորդ կուրսերում:

«Այս տարի բակալավրիատում ավելի քան 200 ուսանող ենք ունեցել, որոնցից 53-ն իրենց մասնագիտական պրակտիկան արտասահմանում են անցկացրել, ընդ որում՝ 53-ից 45-ը Ֆրանսիայում, մյուսները Բելգիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանի Դաշնությունում եւ Գերմանիայում»,-ասաց ռեկտորը: Նաեւ հավելեց, որ ուսանողների պրակտիկան կազմակերպելիս, ինչպես միշտ, օժանդակություն են ստացել հայկական համայնքից, սփյուռքյան կառույցներից: «Յոթշաբաթյա պրակտիկայի կազմակերպումը յուրաքանչյուր ուսանողի վրա նստում է 2200-2300 եվրո: Եթե հաշվենք, թե ինչքան ուսանող է պրակտիկայի մեկնել արտասահման, կտեսնենք, որ դրանք հսկայական ծախսեր են: Պրակտիկան իրականություն դարձնելու համար կարեւորում եմ տեղում կազմակերպող կառույցների հետ կապը: Հայկական համայնքները զբաղվում են երեխաների հյուրընկալությամբ եւ ապահովությամբ: Մշտապես օժանդակողների թվում են՝ ՀԲԸՄ-ն՝ իր Փարիզի, Լիոնի, Վալանսի գրասենյակներով, Թուլուզի եւ Միդի-Պիռենիի հայկական ասոցիացիան, Մարսելի ֆրանս-հայկական առեւտրաարդյունաբերական պալատը, Նիցցայի ՍՕՍ Հայաստան ասոցիացիան, եւ այս բոլոր կառույցները ոչ միայն ապահովում են կազմակերպչական աշխատանքը, այլեւ օգնում են կապ հաստատել տեղական մարմինների ու ձեռնարկությունների հետ, նաեւ ֆինանսավորում ստանալ: Այս տարի Ֆրանսիայում պրակտիկանտներ ենք ունեցել Նիցցայում, Վալանսում, Լիոնում, Մարսելում, Փարիզում, Փարիզի շրջակայքի փոքր քաղաքներում, Բրյուսելում, Ժնեւում, Թուլուզում: Ուսանողներից յուրաքանչյուրն իր պրակտիկան անցկացրել է կամ ձեռնարկությունում, կամ տեղական ինքնակառավարման մարմիններում: Նրանք ոչ միայն աշխատել են, այլեւ մշակութային ծրագիր ունեցել հյուրընկալողների շնորհիվ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ֆրանսիական համալսարանի ռեկտորը հայտնեց, որ ինչպես նախկինում, այս տարի եւս համալսարանի արտաքին կապերի եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանի հետ այցելել են այն հաստատություններ ու ձեռնարկություններ, որտեղ պրակտիկա են անցել իրենց ուսանողները, նաեւ հանդիպել են աջակցող կառույցների եւ անհատների հետ:
Պարոն Լավեստն ուրախ է արտասահմանում պրակտիկա անցնող ուսանողների համար, քանի որ նրանցից շատերը մինչ այդ միայն Վրաստանում են եղել: Ասում է, որ 50-ից ավելի ուսանողների համար համալսարանն ըստ էության նաեւ հնարավորություն է ստեղծում մոտ երկու ամիս անցկացնել արտասահմանում, բացահայտել մի նոր երկիր, առնչվել նոր մշակույթի հետ. «Պետք է նշել, որ դա նրանց համար զբոսաշրջային այց չէ, ուսանողները փաստորեն ապրում, աշխատում են, ինչպես ֆրանսիացիներ, գնումներ են կատարում, հայտնվում լրիվ այլ իրականությունում այդ յոթ շաբաթվա ընթացքում: Ապրում են ֆրանսիացու նման, առնչվում են արտասահմանյան աշխատանքային մշակույթի հետ:

Բակալավրիատից բացի, մենք այս տարի մագիստրատուրայում էլ յուրահատուկ բան մտածեցինք: Մեկ կիսամյակով տասը ուսանողների ուղարկել ենք Ֆրանսիա: Նրանք շուրջ հինգ ամիս մնացել են Ֆրանսիայում: Այս անգամ ոչ թե աշխատում էին, այլ ապրում ու սովորում էին համալսարանում: Ուսանողները Լիոն 3 համալսարանում սովորել եւ քննություններ են հանձնել, եւ այնտեղի իրենց գնահատականները տեղափոխվել են Հայաստանում ֆրանսիական համալսարան: Առաջին անգամն է, որ մենք մագիստրատուրայից այդ թվով եւ այդքան ժամանակով ուսանողներ ենք ուղարկում Ֆրանսիա: Մյուս տարի նույն ծրագրով ուսանողներ կուղարկենք Իսպանիա: Կարեւոր է ուսանողներին ցույց տալ, որ Ֆրանսիայում, Իսպանիայում կամ մեկ այլ երկրում, կրթական համակարգն այլ նրբություններ ունի: Այդպիսով, մենք իրենց հնարավորություն ենք տալիս ավելի բացվել, ուրիշ հայացքով նայել աշխարհին… Ներկայումս ունենք ինը դոկտորանտ, որոնք Ֆրանսիայում են՝ Լիոն քաղաքում: Մենք մեր լավագույն ուսանողներին հնարավորություն ենք տալիս բացահայտել Ֆրանսիան եւ հասկանալ, թե իրենից ինչ է ներկայացնում Ֆրանկոֆոնիան: Մեր ուսանողները դառնում են ապագայի դեսպաններ երկու երկրների միջեւ»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանում իրականացվող կրթամշակութային միջոցառումներին (Կրթություն 21-րդ դար» խորագրով մասնագիտացված ցուցահանդես, ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություն եւ այլն)՝ համալսարանի մասնակցությանը, նաեւ նկատեցինք, որ Ֆրանսիական համալսարանն ասես փոքրիկ Ֆրանսիա լինի Երեւանում:

«Մեր հաջողությունները թիմային աշխատանքի արդյունք են: Ոչ մի ռեկտոր չի կարող աշխատել, եթե իր կողքին նման թիմ չունենա: Երբ թիմը հասկանում է, որ այն, ինչ մենք ենք անում, նպաստում է համալսարանի զարգացմանը, մեզ համար ամեն ինչ շատ հեշտ է դառնում: Երբ մենք դիտարկում ենք Հայաստանում Ֆրանկոֆոն օպերատորներին, տեսնում ենք, որ նրանց թիվն այդքան էլ շատ չէ: Բրյուսովի անվան համալսարանը, ԵՊՀ-ն ֆրանսերեն բաժիններ ունեն, բայց իրենք էլ քիչ ռեսուրսներ ունեն, Այլիաս ֆրանսեզը, Ֆրանսիական նոր դպրոցը, մի քանի դպրոցներ կան, որտեղ ֆրանսերենը երկրորդ կամ երրորդ օտար լեզուն է…Ընդամենն այսքանն են ֆրանկոֆոն հաստատությունները, եւ ամենամեծ թվով ֆրանկոֆոն ուսանողներ ունեցող հաստատությունը Հայաստանում ֆրանսիական համալսարանն է: Դրա համար էլ հենց որեւէ կարեւոր ֆրանկոֆոն տոն է լինում, մենք անպայման մասնակցում ենք ուսանողներով, աշխատակազմով: Հայաստանում ֆրանսիական համալսարանը նաեւ այցեր է կատարում Հայաստանի մարզերում, եւ ավելի քան 50 դպրոց ենք այցելել՝ Իջեւանում, Դիլիջանում, Գորիսում, Գյումրիում եւ այլուր… Ավագ դպրոցների աշակերտներին բացատրում ենք, որ անմատչելի չէ Ֆրանսիական համալսարանը: Մենք բացահայտեցինք, որ մեր ուսանողների 80%-ը Երեւանից է, դրա համար էլ հանդիպումներ ենք ունենում մարզերում, քանի որ մեր նպատակը միայն Երեւանի վրա կենտրոնանալը չէ: Ի դեպ, ապրիլի 6-ին, ժամը 15-ին էլ մեր համալսարանում բաց դռների օր է հայտարարված»,- տեղեկացրեց Ժան-Մարկ Լավեստը:

Ռեկտորը հայտնեց, որ «դրսում» շատ են գնահատում Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներին, ուղղակի ապշում են նրանց հետաքրքրասիրությամբ, լեզուների տիրապետելու ձիրքով, աշխատասիրությամբ եւ սովորելու ցանկությամբ. «Զարմանում են, որ Հայաստանից եկած ուսանողն այդքան բարձր մակարդակի կրթություն է ստացել: Ֆրանսիայում մարդիկ դժվարությամբ են խոսում օտար լեզվով, իսկ երբ տեսնում են, որ մեր ուսանողները գրեթե կատարյալ խոսում են չորս լեզվով, ուղղակի ապշում են: Նման բան երբեք իրենց մոտ չի հանդիպում, որովհետեւ արեւմտյան համալսարաններում ուսանողները ուղղակի սովորում են զուտ սովորելու համար, մինչդեռ Հայաստանից գնացած երեխաները իրենց տարեկիցների համեմատությամբ սովորելու աներեւակայելի տենչ ունեն: Դա գալիս է համալսարանի տված կրթությունից: Եվ որ ամենակարեւորն է՝ մենք նրանց սովորեցնում ենք ամեն ինչը վերլուծել»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

30.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031