Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ակորդեոնահարները պատկառելի տարիքում են»

Մարտ 31,2018 12:30

Պրոֆեսիոնալ ակորդեոնահար Գեւորգ Գասպարյանի համոզմամբ,
ակորդեոնին տիրապետող սակավաթիվ երաժիշտներ են մնացել

Խորհրդային տարիներին Հայաստանում ակորդեոնը մեծ մասսայականություն էր վայելում: Ոչ մի կնունք, ծնունդ, հարսանիք, կարճ ասած՝ քեֆ-ուրախություն հնարավոր չէր պատկերացնել առանց ակորդեոնի: Իսկ երաժշտական դպրոցներում եւ ուսումնարաններում այս նվագարանը ընդգրկված էր ժողգործիքների բաժնում ու սովորել ցանկացողների թիվը շատ մեծ էր:

Մինչդեռ ավելի քան քառորդ դար է՝ ինչ մեզ մոտ պրոֆեսիոնալ ակորդեոնահարներին մատների վրա կարելի է հաշվել: Թեեւ որոշ երաժշտական դպրոցներում, Ռ. Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում, Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանում գործում են ակորդեոնի դասարաններ՝ սահմանափակ սաներով: Վերջին շրջանում մտաբերում ենք երկու համերգ ակորդեոնահարների մասնակցությամբ. մեկը «Նարեկացի» արվեստի միությունում (եթե չենք սխալվում՝ 2015թ.), որտեղ ակորդեոնի ավագ սերնդի վարպետների կողքին իրենց տաղանդով իսկապես փայլեցին երիտասարդ երաժիշտները, մյուսը՝ 2016թ., Կամերային թատրոնում: Իսկ ակորդեոնի ծնունդը ընդունված է համարել 1829թ. մայիսի 23-ին: Ստեղծողն էլ ավստրիահայ Կիրիլ Դեմյանն է, որի մասին տեղեկությունները կցկտուր են: Մեր հայրենակիցը նաեւ ռոյալի, երգեհոնի վարպետ էր, ունեցել է սեփական խանութ: Այսօր Վիեննայի Երաժշտության տանը ցուցադրվում են Դեմյանի պատրաստած երաժշտական գործիքները:

Անդրադառնալով մեր ժամանակներին, երաժիշտներն ու երաժշտասերները որպես պրոֆեսիոնալ ակորդեոնահար մատնացույց են անում Գեւորգ Գասպարյանին: Երաժշտասերները նրան կմտաբերեն «Կադանս» նվագախմբից, որի կազմում նա հաճախ հանդես է եկել մենահամարներով, մինչ այդ էլ ակորդեոնահարը հանդիսացել է ռադիոյի «Հայասա» անսամբլի եւ Պարի պետականի երաժիշտ: Ծանոթ լինելով ակորդեոնահարի արվեստին, հավաստիացնենք, որ նրա կատարմամբ յուրաքանչյուր ստեղծագործության փոխադրում՝ Կոմիտասից մինչեւ Խաչատրյան, Բախ, Վիվալդի, Ալբենիս, հանրահայտ Պիացոլայի տանգոները եւ այլն, իսկապես կատարողական բարձր արվեստի նմուշներ են:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Գեւորգ Գասպարյանը հայտնեց, որ մերօրյա պրոֆեսիոնալ ակորդեոնահարները պատկառելի տարիքում են եւ որոշ հաստատություններում սովորողների թիվն էլ սակավ է. «Սա է պատճառը, որ համախմբվել ենք Հայկ Կարապետյանի շուրջ՝ հետզհետե մեր իրականությունից անհետացող այս նվագարանը քարոզելու եւ նոր սերնդին հրապուրելու նպատակով: Իհարկե, հաճախ ենք կազմակերպում հանդիպումներ, սակայն ազնվորեն պետք է ասեմ, որ ինչ-ինչ պատճառներով, այդ թվում եւ հասկանալի, նույնչափ չենք հանդիպում հանդիսատեսի հետ: Արտասահմանում ունենք բնակվող ու ստեղծագործող բարձրակարգ ակորդեոնահարներ: Նշեմ միայն ճանաչված դեմքերից լոսանջելեսաբնակ Լեւոն Անդրեասյանին եւ Կարո Սարաֆյանին: Հայկի եւ կոլեգաներիս հետ որոշել ենք հիմնել ակորդեոնահարների համահայկական միություն: Առայժմ այսքանը»: Հետաքրքրությանը՝ մեր տեղեկություններով՝ մոսկվաբնակ հայ մեծահարուստներից մեկը իրեն հրավիրել է՝ որդուն դասավանդելու նպատակով, ակորդեոնահարը հաստատեց այդ լուրը՝ ասելով միայն, թե մերժել է գայթակղիչ առաջարկը: Հետո հավելեց. «Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» անսամբլի հետ մշտապես համագործակցող ակորդեոնահար Նիկիտա Վլասովը ինձ քանիցս համագործակցության առաջարկ է արել:

Գեւորգ Գասպարյանը՝ Նիկիտա Վլասովի հետ:

Ասում էր, որ ակորդեոնի հնչողությունը եթե ոչ սիմֆոնիկ, ապա կամերային նվագախմբի էֆեկտ է թողնում եւ առաջարկում էր թեկուզ եւ մեծ մասսայականություն վայելող տանգոների կողքին հնչեցնել ստեղծագործություններ՝ մեկտեղելով ռուսական, հայկական, ինչպես ժողովրդական, այնպես էլ կոմպոզիտորական արվեստի ստեղծագործություններ»:
Զրույցի ընթացքում ավելի քան 40 տարի բեմական փորձ ունեցող երաժիշտը անդրադարձավ նաեւ մարզերում ակորդեոնի մերօրյա տխուր վիճակին: Նա նշեց, որ ընդամենը մեկ-երկու մարզում են այսօր դասավանդում ակորդեոն, օրինակ՝ ողջ Արարատի մարզում ունենք 75-ամյա ընդամենը մեկ դասատու, իսկ Հայաստանում՝ հազիվ տասը…
Ինչ վերաբերում է գրականությանը, Գեւորգ Գասպարյանը հավաստիացրեց, որ ունի հարուստ գրադարան եւ ակորդեոնի համար արված բազմաթիվ փոխադրումներ:
Ի դեպ, մեր զրուցակցին 6-7 տարի առաջ եզակի անգամ հանդիպել ենք նաեւ իբրեւ բանդոնեոնահար. դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ նա հանդես եկավ Ազգային օպերային թատրոնի նվագախմբի կամերային կազմի հետ: Կանխելով մեր հարցը, թե ի վերջո պատրաստվո՞ւմ է որպես ակորդեոնահար եւ ինչու չէ՝ որպես բանդոնեոնահար հանդես գալ մենահամերգով, երաժշտի պատասխանը հակիրճ էր. «Այս պահին ինձ հետաքրքրում է ակորդեոնի դպրոցը: Խնդրում եմ չշփոթել՝ ոչ թե շենք, շինություն, այլ ակորդեոն սովորել ցանկացողների մեծ թիվ»: Հայտնեց նաեւ, որ ինքը հանդես է գալիս երեւանյան զվարճանքի վայրերում, ունի աշակերտներ, որոնցից, օրինակ՝ Էդգար Ղազարյանը Պարի պետականի երաժշտական կազմի ակորդեոնահարն է:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

30.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031