Ապրիլյան քառօրյայից երկու տարի անց այսօրվա իրավիճակի մասին կարելի է որոշ երեւույթների ընդգծումներ կատարել: Ապրիլյան պատերազմն, ըստ էության, զրո կետ վերադարձրեց արցախյան բանակցային գործընթացը: Նման հարձակողապաշտություն դրսեւորելով եւ իր առջեւ դրած ռազմական առաջադրանքը չկարողանալով իրականացնելով, Բաքուն այս ձեւով նվազ արձանագրեց նաեւ դիվանագիտական հարթության վրա:
Բանակցությունների թեման թե ՛ Վիեննայում, թե ՛ Սանկտ Պետերբուրգում եւ թե ՛ Ժնեւում ըստ էության կազմեցին ոչ թե հակամարտության լուծման տարբերակային մոտեցումները, այլ հրադադարի ամրակայման որդեգրելի մեխանիզմների ճշտումը: Մշտադիտարկում, հետաքննություն եւ նաեւ այդ բոլորի համար ԵԱՀԿ-ի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման հրամայականը:
Բանակցության փիլիսոփայությունը հիմնովին եւ կտրուկ շրջադարձ արեց այս ձեւով: Բաքուն խորքում ներքաշվել է իր լարած ծուղակում: Նման բանակցային թեմաների ճշտումը միջնորդական առաքելության կողմից, թեեւ առանց հասցեականության, ըստ էության, սակայն թիրախավորել են Բաքվի ռազմաքաղաքական համակարգը: Հրադադար խախտողի, դիվերսիոն գործողություն իրականացնողի եւ դիպուկահարների գործողությունների շարք հրամցնող կողմին են ուղղվել այս բոլոր միջոցների որդեգրման որոշումները:
Միջնորդական առաքելությունը անվերջ խոսում է արդիական գործիքակազմով հագեցնելու արցախաադրբեջանական շփման գիծը, սկզբում նախ հայտնաբերելու համար հարձակողապաշտ նախաձեռնողականությամբ հանդես եկողին, ապա նաեւ հետաքննելու այդ կողմը: Այս տրամաբանությամբ էլ հետեւում է երրորդ հրամայականի շեշտումը` ընդլայնել ԵԱՀԿ-ի ներկայացուցչի լիազորությունները, դիտորդների թվի բազմապատկումով եւ շփման գիծը վերահսկելի դարձնելու ուղղությամբ: Վիեննայից Ժնեւ, անցնելով Սանկտ Պետերբուրգից` այս գիծն է, որ կարմիր թելի նման շեշտում է միջնորդական առաքելությունը, որին կողմ է Երեւանը եւ հայտնաբար իր արգելակիչ պահվածքով դեմ է Բաքուն:
Չեզոքացնելով ապրիլյան լայնամասշտաբ պատերազմի նախադրյալները՝ հայկական կողմին հաջողվեց դիվանագիտական հարթության վրա համատեղել հայկական եւ միջազգային պահանջները ներկա պահին: Մինչ Ադրբեջանի նախագահը ավելի խորացրեց իր ներքաշումը իր իսկ լարած ծուղակում, երբ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային տիրացման նկրտումներ դրսեւորեց ձեւով զառանցումային, էությամբ` ներքին շուկայի համար գրավիչ արտադրություն սպասարկելով:
Ադրբեջանի բարձրագույն դիրքերից կատարված այս հայտարարությունը հզոր հարված էր բանակցային գործընթացի փոխզիջումային տրամաբանությանը` ակներեւ ոչ միայն հայկական կողմի այլ միջազգային ընտանիքի համար: Համոզելով բոլորին, որ հարձակողապաշտին, ոչ միայն արցախյան այլ նաեւ Հայաստանի Հանրապետության ուղղություններով տարածքների գրավման ծրագրեր բարձրաձայնող, իր ժողովրդի մեջ հայատյացության գաղափարախոսություն տարածող կողմի նկատմամբ միայն զսպիչ-պատժիչ գործողությունների ընտրանք է պարտադրվում այս կերպ: Իսկ միջազգային ընտանիքի համար հրամայական է դառնում շփման գծի վերահսկողությունը, այդ ձեւով կանխարգելելու համար Բաքվի կողմից հրապարակվող ծրագրերը:
Այս բոլորի մեջ հայկական կողմի եւ միջազգային ընտանիքի մոտեցումների միջեւ ընդգծվում է մոտեցումների համատեղելիությամբ նկատվող մի այլ իրականություն : Շփման գիծը, որի երկայնքով գործիքակազմ, մշտադիտարկում, հետաքննություն եւ հագեցած արհեստագիտություն է ուզում տեղադրել եւ համապատասխան վերահսկող գործողություններ իրականացնել ԵԱՀԿ-ը, ըստ էության այսօրվա դե ֆակտո սահմաններն են: Այդ սահմանների միջազգային ամրագրման են միտում միջնորդական առաքելության կողմից իբրեւ հրամայական շեշտվող իրականանալի գործողությունները:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր