«Ամերիկայի ձայն». Թուրքիայի արևելքում տեղի է ունեցել ավտովթար: Կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Վթարված միկրոավտոբուսը տեղափոխում էր անօրինական ներգաղթյալների:
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թուրքիայի արևելքում տեղի է ունեցել խոշոր ավտովթար:
Աֆղանստանից,Իրանից և Պակիստանից ներգաղթյալներ տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է ճանապարհային լույսի սյանը, որի արդյունքում զոհվել է 17 մարդ: Ավելի քան 30-ը վիրավորվել են:
Հայտնի է, որ վթարի ենթարկված միկրոավտոբուսը նախատեսված էր 14 ուղևորի համար, սակայն վթարի պահին ուղևորների թիվը անցնում էր 50-ը:
Վթարի ենթարկված միկրոավտոբուսին հետևում էր մեկ այլ միկրոավտոբուս, որի մեջ էին գտնվում 13 ուղևորներ: Երկրորդ միկրոավտոբուսը ևս վթարի է ենթարկվել՝ բախվելով առաջինին: Այստեղ զոհեր չկան:
Անադոլու գործակալության փոխանցմամբ, ավտովթարը տեղի է ունեցել Իգդիր-Կարս մայրուղու վրա: Միկրոավտոբուսում գտնվող փախստականները անօրինական մուտք էին գործել Թուրքիա Իրանից:
Իգդիրի դատախազությունը գործ է հարուցել վթարի առնչությամբ: Զոհերի թվում է նաև միկրոավտոբուսի վարորդը: Իրավապահները կալանավորել են երկրորդ միկրոավտոբուսի 13 անօրինական ներգաղթյալներին: