ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը արագ արձագանքեց Ռուսաստանից ամերիկացի 60 դիվանագետների արտաքսելու մասին Կրեմլի հայտարարությանը: Ըստ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության խոսնակի, այս քայլն արդարացված չէ եւ ԱՄՆ-ը այժմ ունի հակադիր քայլով հանդես գալու իրավունք:
Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Մոսկվան ‘ «կրկնօրինակում է» ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից ու 25 այլ երկրներից ռուս դիվանագետներին արտաքսելու քայլը, սակայն Կրեմլի այս պատասխանը, ասել է նա, արդարացված չէ:
Հիշեցնենք, որ ռուս դիվանագետներին արտաքսեցին Մեծ Բրիտանիայում ռուս նախկին մի լրտեսի ու նրա դստեր դեմ թունավոր գազով մահափորձ իրականացնելու պատճառով:
«Ռուսաստանը չպիտի հանդես գա որպես զոհ: Այս իրադրության մեջ միակ տուժածները ներկայումս հիվանդանոցում են», ասել է Նոուերթը:
«Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում դեսպան Ջոն Հանթսմենն ասել է, որ անցյալ տարի Ռուսաստանից ամերիկացի ավելի քան 700 դիվանագետների զանգվածային արտաքսումը մեծապես վնասում է սովորական ռուս քաղաքացիներին, ինչպես նաեւ` երկկողմ հարաբերություններին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: