Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության պատասխան-պարզաբանումը

Մարտ 30,2018 23:00

Մարտի 24-ին «Առավոտում» տպագրվել էր «Երեք անչափահաս երեխաների մորը 10 000 դրամի գողության համար ազատազրկել են 6 տարի 6 ամիս ժամկետով» հոդվածը:ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «Առավոտին» է ուղարկել դատախազության պարզաբանումը, մասնավորապես, նշելով. «անտեսվել են հոդվածում նշված անձի կողմից կատարված հանցագործության առանձնապես վտանգավոր ռեցիդիվին վերաբերող փաստական տվյալները, որոնք ընկել են նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի հիմքում: Արդյունքում ամբաստանյալի կատարած արարքի հանրային վտանգավորության,  ինչպես նաեւ նշանակված պատժի արդարացիության վերաբերյալ ձեւավորվել է հանրային թյուր եւ ոչ ամբողջական պատկերացում»:

2017 թվականի հուլիսի 6-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ոստիկանության Սիսիանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է թիվ 51153317 քրեական գործը։

2017 թվականի հուլիսի 8-ին նախաքննության մարմինը Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողություն) այն բանի համար, որ «նա, ունենալով ընկերուհու՝ Սիսիան քաղաքի բնակիչ Մարիետա Աշոտի Հովհաննիսյանի բնակարանից գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորություն, 2017 թվականի հուլիսի 4֊ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, օգտվելով նրա բացակայությունից, հրելու միջոցով մուտքի դռան փականը վնասելու եղանակով ապօրինի մուտք է գործել Չարենցի փողոցի 8-րդ շենքի 7֊րդ բնակարան և ննջասենյակի պահարանի վրա դրված պայուսակում գտնվող դրամապանակից հափշտակել առկա 2 հատ 5000 դրամ անվանական արժեքի ՀՀ թղթադրամ, այնուհետև հեռացել՝ Մարիետա Հովհաննիսյանին պատճառելով զգալի չափերով գույքային վնաս»։ Նույն օրը Հասմիկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

2017 թվականի օգոստոսի 16-ին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Դատական քննության արագացված կարգի կիրառմամբ՝ առաջին ատյանի դատարանը 2017թ. սեպտեմբերի 29-ի թիվ ՍԴ-/0080/01/17 դատավճռով Հասմիկ Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177֊րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործության կատարման համար և ի թիվս մի շարք մեղմացնող հանգամանքների և անձը բնութագրող տվյալների, Հ. Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, որպես պատիժը ծանրացնող հանգամանք, հաշվի է առել նաև առանձնապես վտանգավոր ռեցիդիվի առկայությունը։

Այսպես, մինչ քննարկվող հանցանքը կատարելը, Հ. Սարգսյանը, դեռևս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճռով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի 3 ամիս ժամկետով։ Կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը և սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Գտնվելով փորձաշրջանի ընթացքում՝ Հասմիկ Սարգսյանը կատարել է ևս մեկ ծանր հանցագործություն, որի համար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի ապրիլի 29-ի դատավճռով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով դատապարտվել է ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով։ Այս անգամ ևս՝ մարդասիրական սկզբունքներից ելնելով՝ դատարանի կողմից կրկին կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը և սահմանվել է փորձաշրջան 5 տարի ժամկետով։ Նշված փորձաշրջանի ընթացքում Հ. Սարգսյանը կրկին կատարել է դիտավորյալ ծանր հանցագործություն, որի համար նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ հանցանքների համար նշանակված պատիժների չկրած մասը և արդեն որպես վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 6 տարի 6 ամիս ժամկետով։

Այսինքն՝ առաջին ատյանի դատարանը Հասմիկ Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը քննարկելիս՝ ելնելով քրեական օրենսդրության սկզբունքներից, նկատի ունենալով այն, որ նա նախկինում նմանատիպ հանցագործություններ կատարելու համար դատապարտվել է, սակայն անհրաժեշտ հետևություն չի արել ու հերթական անգամ կանգնել է հանցավոր ուղու վրա ու կատարել նոր, նույնանման հանցագործություն, ինչն էականորեն բարձրացնում է հանցագործության հանրորեն վտանգավորության աստիճանը, դատարանը գտել է, որ պատժի նպատակները կիրականանան նշանակված պատիժը նրա կողմից միայն ռեալ կրելու պայմաններում։

Մինչդեռ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի հետ կապված վերոնշյալ հանգամանքները լրատվական միջոցի հոդվածում անհասկանալիորեն չեն ներկայացվել՝ ստեղծելով թյուր և ոչ ամբողջական պատկերացում ամբաստանյալի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության՝ հետևաբար նաև նշանակված պատժի արդարացիության մասին։ Ինչ վերաբերում է հոդվածում մատնանշված այն դատողությանը, թե հարուցված քրեական գործը պետք է դատարան չուղարկվեր, քանի որ Հ. Սարգսյանը դեռևս նախաքննության ընթացքում պատճառված վնասը տուժողին վերականգնել էր, ապա հարկ է նշել, որ բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողությունը ծանր հանցագործություն է և ՀՀ քրեադատավարական օրենսդրության համաձայն՝ այն չի դասվում մասնավոր մեղադրանքով քրեական հետապնդման ենթակա հանցագործությունների շարքին ու անկախ նրանից, թե վնասը վերականգնվել է, կամ տուժողը բողոք ունի, թե ոչ, քրեական հետապնդումը ենթակա չէր դադարեցման, ուստի գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031