Մարտի 29-ին «Հայ Գիրք» գրախանութում կայացավ Արթուր Միկոյանի «Օտար լույս» վեպի շնորհանդեսը: Այդ առիթով Aravot.am-ը զրուցել է հեղինակի հետ:
Ներկայացնում ենք նրա դիտարկումները տարբեր հարցերի վերաբերյալ:
Սկսեցի գրել
Չեմ կարող ասել մարդկանց ինչն է դրդում գրել, բայց ես սկսեցի գրել 2013թ-ին, մի հոգեբանական ֆիլմ նայելուց հետո, որի վերնագիրը հիմա չեմ հիշում: Ոգևորվեցի ու առաջին պատմվածքս գրեցի, իհարկե, որպես առաջին փորձ այդքան էլ լավ չէր ստացվել, հետո վերամշակեցի:
«Օտար լույս»-ը
Գիրքը է բոլոր տեսակի ընթերցողների համար, փորձել եմ այնպիսի վեպ գրել, որ ընթերցողները չձանձրանան ու նաև հաճույք ստանան, այսինքն` ստեղծագործելը ինձ համար միտված չէ միայն անձնական ամբիցիաների բավարարմանը: Ես մտածել եմ նաև իմ ընթերցողների մասին:
Լույսն օտար է, որովհետև
Այն վեպի հերոսին անընդհատ, ամբողջ վեպի ընթացքում հետապնդում է, միաժամանակ, այն միշտ պաշտպանում է նրան ամեն հարցում: Դա նաև իմ ներսի օտար լույսն է:
Գրականությունն անհրաժեշտ է
Այն ոչ միայն խթանում է մարդկանց ինտելեկտուալ զարգացմանը, այլև հոգևոր խթան է հանդիսանում, որպեսզի մարդիկ հոգևոր առումով զարգանան: Ինձ համար այդ տեսանկյունից գրականությամբ զբաղվելը նշանակում է նաև հոգևոր աշխատանքով զբաղվել:
Գրողը չի սահմանվում
Ինձ համար գրողի հստակ սահմանում չկա, նույնիսկ հստակ սահմանում չկա, թե ստեղծագործողը, արձակագիրը ինչ ռեժիմով, ինչ ռիթմով պետք է աշխատի: Ցանկացած ստեղծագործող ընտրում է իր ոճը, իր տարբերակը:
Հեղինակ, որին չկարդալով կկորցնեք
Վերջին շրջանում ինձ շատ է ոգեշնչել, իմ հոգևոր զարգացման վրա շատ մեծ ազդեցություն է թողել ավստրիացի փիլիսոփա, էզոթերիկ, պայծառատես, անտրոպոսոֆիա ուսմունքի հիմնադիր Ռուդոլֆ Շտայները, նրա աշխատությունները խորհուրդ կտամ կարդալ ցանկացած մարդու, ով ուզում է հոգևոր առաջընթաց ապրի: Ցավոք նա քիչ է թարգմանված, բայց համացանցում ռուսերեն տարբերակով կարելի է գտնել:
Ընթերցողը կարող է տարբերել որակյալը
Ցանկացած գրականության մեջ կա բարձրորակը և ցածրորակը: Դա կախված է ընթերցողական ճաշակից, իրականում գրականության մեջ կա խիստ սուբյեկտիվություն, կա նաև բացահայտ ցածրաճաշակ գրականություն, որը եթե ընթերցողը սուր աչք ունի, եթե ընթերցողը ձևավորված ճաշակ ունի կարող է տեսնել: Այսինքն` գիրքը բացելով մի քանի նախադասություն, մի քանի տող կարդալով կարող է արդեն հասկանալ:
Հերոսը հեղինակին նման է
Դրա մեջ ճշմարտություն կա, որովհետև սրտից դուրս եկած խոսքը սիրտն էլ մտնում է, այսինքն` ստեղծագործողը եթե գրում է՝ բառերն իր ներսից է դուրս բերում: Եթե արհեստական ինչ-որ սյուժեներ է կազմում՝ այդ արհեստական պատմվածքները դատապարտված են լինում անհետացման: Ես որոշ չափով համամիտ եմ հերոսները հեղինակին նման են:
Այսօրվա գրական կյանքին պակասում է
Ընթերցողներ: Շատ ավելի լավ կլիներ, որ գրականությանը ուշադրություն դարձնեին պետական մակարդակով, հասարակությունը ևս ավելի հետաքրքրված կլիներ: Շատ հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես են տարբեր առիթներով ցույցի դուրս եկած մարդիկ նույնը անում նաև գրականության համար: Դա ինձ համար իսկական երջանկություն կլիներ:
Գրականությունը հոգևոր առաջընթաց է
Գրականությունը նման է մարդու հոգևոր առաջընթացին: Եթե գրողը ձգտում է հոգևոր առաջընթացի ինքը փրկված գրող է և կարող է ստեղծել բարձրորակ գրականություն և ծիծաղելի էքզիստենցիալ հարցադրումների մեջ չի ընկնի ու ընթերցողին էլ շփոթության մեջ չի գցի:
Զրուցեց Նանե Պետրոսյանը