Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում գործող «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ բաժնետեր Արտյոմ Գագիկի Մահտեսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Մահտեսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Իջեւանի բենտոնիտ կոմբինատի»`բաժնետոմսերը հետ գնելու մասին գրավոր պահանջ ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու, բաժնետոմսերի հետ գնման գինը որոշելու եւ բաժնետոմսերը շուկայական գնվող հետ գնելուն պարտավորեցնելու պահանջներով:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի`2018թ. փետրվարի 15-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը որոշել է հայցադիմումը ընդունել դատարանի վարույթ եւ այդ գործով նախնական դատական նիստ նշանակել ապրիլի 12-ին:
Գագիկ Մահտեսյանը 2012 թվականին եղել է Իջեւանի բենտոնիտ կոմբինատի տնօրեն: Կոմբինատի սեփականատերերը ջավախահայ բանաստեղծ Օքրո Օքրոյանի որդիներն են: Երբեմնի հսկա գործարանը սեփականաշնորհվելուց հետո տարբեր սեփականատերեր է ունեցել, գույքի մեծ մասն օտարվել է: Կոմբինատն այժմ իր արտադրական հզորությունների փոքր մասով է աշխատում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ