Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամորի ատոմակայանի 1982թ. «մութ» վթարը

Մարտ 30,2018 18:40

Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնվեց 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը (այժմ գործողը)` 1980-ի հունվարին։ Նախագծման ու շինարարական աշխատանքներում բացառիկ դեր է ունեցել ակադեմիկոս Անդրանիկ Պետրոսյանցը։ Նա պնդեց ու հասավ այն բանին, որ ՀԱԷԿ-ում պետք է տեղադրվի միայն ВВЭР-400 տիպի ռեակտոր, Մոսկվայից առաջարկված РБМК (реактор большой мощности канальный) տիպի ռեակտորի փոխարեն։ Բանն այն է, որ Մոսկվային, ամենայն հավանականությամբ, ավելի շատ հետաքրքրում էր ատոմակայանի հզորությունը, քան անվտանգությունը։ Այդ պնդումը ճակատագրական կարևորություն ունեցավ հայաստանցիների համար:

Վթարը

1982 թվականին ՀԱԷԿ-ում հրդեհ բռնկվեց։ Հրդեհից մոտ 10 օր առաջ Երևան էր ժամանել նախկին Խորհրդային Միության ՆԳՆ հրշեջ պահպանության գլխավոր վարչության ատոմակայանների պահպանության բաժնի պետ, գնդապետ Միխայլովը։ Եղել էին ստուգումներ, դասընթացներ, փորձնական պարապմունքներ։ Միխայլովը 20 էջանոց զեկույց էր կազմել հայ հրշեջների աշխատանքի վերաբերյալ, որտեղ դրական անդրադարձները շատ քիչ էին։

Եվ հենց Միխայլովին ճանապարհելու ժամանակ՝ 1982 թվականի հոկտեմբերի 15-ին, ժամը 09:58-ին ՀԱԷԿ-ի պահպանության ռազմականացված հրշեջ մասի կապի կայանում ահազանգ է ստացվում հրդեհի բռնկման մասին, միաժամանակ իրարից անկախ երկու վայրում` 2-րդ բլոկի (1-ին բլոկը գտնվում էր տարեկան պարտադիր պլանային սպասարկման մեջ) մալուխային թունելներում և 400 մետր հեռավորությամբ գտնվող հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգի պոմպակայանում։ Հրդեհը բռնկվել էր ատոմակայանի 16-րդ հորանում, որից դուրս եկող մալուխները գնում էին դեպի ռեակտորը: Դեպքի վայր մեկնած ատոմակայանի պահպանության հրշեջ մասի անձնակազմի` հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը գործարկելու և հրդեհի հիմնական օջախը հայտնաբերելու բոլոր ջանքերն անցնում են ապարդյուն։ Ատոմակայանը հոսանքազրկվում է:

Մալուխային թունելախորշում գտնվող բարձր լարման բազմաթիվ մալուխների մեկուսիչների միջոցով հրդեհը, փաստորեն, շատ կարճ ժամանակում գրեթե անարգել տարածվում է, և սարսափելի աղետի վտանգը դառնում է իրական։

Վթարին հաջորդած առաջին ժամերի ընթացքում իրավիճակը գնալով բարդանում էր: Ոչ հրշեջների, ոչ օպերատիվ աշխատակիցների ջանքերը որևէ արդյունք չէին տալիս: Ի հայտ էին գալիս հրդեհի նոր օջախներ, տարբեր հատվածներում լսվում էին մեծ ու փոքր պայթյուններ:

Ժամը 12:45-ին պարզ է դառնում, որ ռեակտորի նկատմամբ հսկողությունը լիովին բացակայում էր: Լարվածությունը ծայրահեղ էր: Հիմա արդեն կառավարման վահանակի մոտ կարելի էր աշխատել միայն հակագազ հագած վիճակում: Կայանը զրկվել էր ինչպես արտաքին, այնպես էլ ներքին էներգասնուցումից: Շարքից դուրս էր եկել սառեցման համակարգը, արձանագրվել էր ջրածնի վտանգավոր կուտակում: Պաշտպանական համակարգի խափանումը անհնար էր դարձնում որևէ վերահսկողություն, մինչդեռ միջուկային ռեակցիան ներսում շարունակվում էր: Ռեակտորում ջերմաստիճանը սկսեց բարձրանալ, ինչը կարող էր հանգեցնել պայթյունի:

Միաժամանակ հրդեհի վայր են ժամանում Երևանից և մոտակա շրջաններից հրշեջ ստորաբաժանումներ: Հրդեհաշիջման աշխատանքները տևում են յոթ ժամ։ Իսկ ընդհանուր աշխատանքները, որոնց արդյունքում հրդեհը լիովին ոչնչացվում է, և ռեակտորները գալիս են հանգստի վիճակի, ձգվում են երեք օր։

Աշխատանքներին մասնակցում էին հրշեջ ծառայության 110 աշխատակիցներ: Շատ հատվածներում նրանք ստիպված էին քանդել հարկաբաժնի պատերը` կրակի օջախներին մոտենալու համար: Ընդհանուր վնասը կազմել էր շուրջ 1 միլիոն ռուբլի (այն տարիների գներով): Շարքից դուրս էին եկել մեքենայական բաժնի գեներատորները, տուրբինները, տրանսֆորմատորը, պոմպերը, 20 մետր երկարությամբ կարևորագույն մալուխային գծերը: Եվ նույնիսկ այս բոլոր կենսական կարևորության սարքերի բացակայության պայմաններում մասնագետներին հաջողվեց փրկել ատոմակայանը և կանխել ռեակտորի պայթյունը:

Պրոպագանդան

Ավելի ուշ ռուսական որոշ աղբյուրներ փորձեցին իրավիճակը գլխիվայր ներկայացնել՝ գրելով, թե վթարի պահին բոլոր հայաստանցի աշխատակիցները փախուստի էին դիմել, և միայն Ռուսաստանի Կոլսկի թերակղզուց ինքնաթիռով օգնության շտապած օպերատիվ խմբի մասնագետներին էր հաջողվել տեղում փրկել ռեակտորը: Այս պնդումները իրականությանը չեն համապատասխանում: Ռուսաստանյան հրշեջներն, իհարկե, եկան, բայց հետո, երբ անհրաժեշտություն էր առաջացել հետաքննելու վթարի պատճառները և շահագործելու երկրորդ էներգաբլոկը:

Պատահարի մասին լրատվամիջոցները լռեցին, լայն հանրությունից այն գաղտնի պահվեց: ԽՍՀՄ-ն առաջին անգամ էր կանգնում նման փորձության առաջ։ ԽՍՀՄ իշխանությունները հրաժարվեցին մասնակից հրշեջներին ԽՍՀՄ հերոսի կոչում շնորհել։ Մասնակիցներից Վիլեն Արզումանյանը, ով լաբորատորիաներից մեկի ղեկավարն էր, ճառագայթումից մահացավ մի քանի ամիս անց։ Նույն ճակատագիրն էր սպասվում նաև վտանգավոր հատվածներում գտնվող հրշեջներին։

Միայն Բրեժնևի մահից հետո՝ 1983 թվականին, «Արիության համար» մեդալով  պարգևատրվեցին 14 հրշեջներ, և կառավարական տարբեր պարգևների արժանացան ևս չորսը։

Եվ արդեն Չեռնոբիլի աղետից հետո, երբ իշխանությունները հասկացան, թե ինչով կարող էր ավարտվել Մեծամորի ԱԷԿ-ի աղետը, Կրեմլում որոշեցին հրշեջներից յոթին պարգևատրել ԽՍՀՄ հերոսի կոչումով… Ընդ որում, յոթն էլ արդեն մահացել էին ստացված ճառագայթումից։

 

Վահրամ Թոքմաջյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031