Այսօր Ազատության հրապարակում Հանուն Հայաստան պետության ճակատի հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ եթե 100 հազար մարդ հավաքվի, ապա որեւէ ղեկավար իր վրա պատասխնատվություն չի վերցնի զենքի ուժ կիրառելու. «100 հազարով պարալիզացնելու ենք ամբողջ քաղաքը եւ իշխանություններին»:
Պարոն Մարտիրոսյանը գրեթե վստահ է, որ, եթե Ազատության հրապարակում 100 հազար մարդ հավաքվի ոստիկանների 90 տոկոսը կանցնեն ժողովրդի կողմը, միջազգային կառույցների ու դեսպանատների ներկայացուցիչները նույնպես կմասնակցեն հանրահավաքներին:
Նրա խոսքով, 80 հազարով էլ կարող են հասնել իրենց նպատակին. «Ֆրանսիական հեղափոխությունը միանգամից չեղավ, որքան են ընդդիմությանը ճնշել, բայց եղավ ֆրանսիական հեղափոխությունը: Մենք իրավունք չունենք այս վիճակում թողնել հայրենիքը»:
Նրա խոսքով, Սամվել Բաբայանի քաղբանտարկյալ լինելու մասին արդեն Հայաստանի իրավապաշտպաններն են խոսում: Նա նաեւ ճակատի անունից հայտարարեց, որ իրենք կողմ են քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողությունների:
Դերասանուհի, ճակատի անդամ Թամար Հովհաննիսյանը, սակայն 500 հազար է սպասում Ազատության հրապարակում: Նրա խոսքով. «Արմենը շեշտում է 100 հազար, ես անկուշտ եմ, 500 հազար եմ ուզում: Ամսի 9-ից սկսելու են ամենօրյա գործողություններ»:
«Հայաստանում եւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն իրենց ո՞ր մեղքի համար պիտի ականատես լինեն մեր ժողովրդի գնչուացմանը»,-ասաց տիկին Հովհաննիսյանը: Նա ափսոսանք հայտնեց, որ Ազատության հրապարակում քիչ թվով մարդիկ են հավաքված եւ նկատեց. «Նրանք ովքեր չեն գալիս, ուրեմն գոհ են»: Հետո ասաց, որ հեգնանքով է այդպես ասում. «Նույնիսկ Սերժ Սարգսյանի մտերիմներն են դժգոհ այսօրվա իրավիճակից եւ նրանք էլ «յախա են թափ տալիս»:
Անդրադառնալով ՀՀ նախագահին կառավարության որոշմամբ բնակարան հատկացնելուն,ասաց. «Արժանիքներից զուրկ մարդ գա ու ասի, որ ինքն էլ արժանի է լավ ապրելու: Երեւանի կենտրրոնում ունենա առանձնատուն եւ մեկուկես հեկտար հողատարածք: Ինքը 800 հեկտարը համարում էր անպիտան հող, հիմա ինքը 1,5 հեկտարի տերն է դառնում»:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի խոսքով, քանի որ Սերժ Սարգսյանը տուն է ստացել, «իսկապես նրա տուն գնալու ժամանակը եկել է եւ պետք է այլեւս չվերադառնա քաղաքականություն»:
Ըստ նրա, ապրիլի 9-ից փորձելու են տոնակատարության վերածել Սերժ Սարգսյանի տուն գնալը: Պարոն Գրիգորյանը նաեւ թվարկեց, թե Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանն ինչպիսի կորուստներ է ունեցել. «ՀՀԿ-ն այդպես էլ չի կարողացել ներկայացնել մի արգումենտ, որ Սերժ Սարգսյանը պետք է մնա իշխանության: Հենց Արցախի հարցում է, որ Սերժ Սարգսյանը ամենաձախողած քաղաքական գործիչն է եղել:
Երբ Ալիեւը կրկնապատկում էր Ադրբեջանի ռազմական բյուջեն, Սերժ Սարգսյանը կրկնապատկում էր ոստիկանների թիվը, Սերժ Սարգսյանը նաեւ ձախողել է տնտեսության ոլորտներում. պետական պարտքը 5 միլիոնով ավելացրել է, Սերժ Սարգսյանի կառավարման օրոք մենք մեկ գիշերում մտանք ԵԱՏՄ, դա հիմնավորեցին անվտանգությամբ, բայց հենց ԵԱՏՄ մտնելուց հետո եղավ ապրիլյան պատերազմը: Սերժ Սարգսյանի օրոք տարեկան 70 հազար մարդ հեռանում է Հայաստանից, պատկերացրեք մեկ Կապան քաղաք Հայաստանից արտագաղթում է: Սերժ Սարգսյանի կառավարման օրոք ԱՊՀ երկրներից Հայաստանի տնտեսությունը ամենամենաշնորհայինն է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Երբ Ալիեւը կրկնապատկում էր Ադրբեջանի ռազմական բյուջեն, Սերժ Սարգսյանը կրկնապատկում էր ոստիկանների թիվը»…. եթէ իրական է սա – քանզի ձրիօրէն երեւակայական իբրեւ թէ «տուեալները» մաս կը կազմեն ձեր զինամթերքին -, պատճառը… դուք էք.
արդարեւ, Պետութիւնը հասկանում է թէ ներքին վտանգը աւելի մեծ է քան թէ արտաքինը…
ամէն դէպքում, ուրախացէք, ոստիկանութեան քանակից գոնէ երեք հատ նուազեցուցիք…