Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին է ներկայացվել 20 պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսաշրջային արդյունք դարձնելու ծրագիրը

Մարտ 30,2018 17:35

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացվել ընտրված 20 պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսաշրջային արդյունք դարձնելու ծրագիրը, որը մշակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից:

Կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ծրագրում ներառվել են Գորիսի քարանձավները, Զորաց քարերը, Թռչկանի ջրվեժը, Սև բերդը, Արփի լիճը, Նորատուսը, Գեղարդը, Աշտարակը, Դվինը, Բյուրականը, Ամբերդը, Զվարթնոցը, Մեծամորը, Սմբատաբերդը, Եղեգիսը, Գլաձորը, Սելիմի քարավանատունը, Պռոշաբերդը, Էրեբունին և Տաշիրը: Նշվել է, որ ծրագրի նպատակն է երկարացնել զբոսաշրջային այցի տևողությունը, զբոսաշրջիկներին ապահովել գիշերակացով, երկարացնել զբոսաշրջային սեզոնը, զգալիորեն ավելացնել վայրն այցելելիս զբոսաշրջիկի կողմից կատարվող ծախսերը և այլն: Ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով զբոսաշրջության 10 համաշխարհային միտումները:

Զբոսաշրջային վայրերն ընտրվել են ըստ պատմամշակութային նշանակության, գեղատեսիլ բնության, ներդրումային ներուժի և իրագործելիության, մարզային բաշխվածության և մոտակայքում համայնքի առկայության: Զեկուցվել է, որ արդեն իսկ ավարտվել են 4 ծրագրերի մշակման աշխատանքները՝ հնարավոր ներդրողներին ներկայացնելու նպատակով:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերոնշյալ 20 ծրագրերի, ինչպես նաև տարբեր շահագրգիռ գերատեսչություններից ստացվող նմանատիպ ծրագրերի քննարկման համար Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ստեղծել համապատասխան հարթակ, որտեղ ծրագրերը մասնագիտական քննարկումների առաջին փուլ կանցնեն: Այնուհետև դրանք կներկայացվեն մարզպետներին, որպեսզի վերջիններս ևս քայլեր իրականացնեն ներդրողների ներգրավման ուղղությամբ:

Վարչապետն առաջարկել է նաև սահմանել «խաղի կանոններ», որոնք ուղեցույց կհանդիսանան բնական, մշակութային և ճարտարապետական հուշարձանների վայրերում զբոսաշրջային ծրագրերի իրականացմամբ հետաքրքրված ներդրողների համար:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031