Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ Ամուլսարի հանքի հարակից տարածքներում իրականացվող ջրային ռեսուրսների մոնիթորինգի արդյունքներով, ներկա դրությամբ որակական փոփոխություններ չեն արձանագրվել

Մարտ 30,2018 16:45

«Հայաստանի կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանի առաջարկությամբ ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում անցած ծրագրին վերաբերող հարցեր։

Բացելով նիստը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ միջազգային փորձագետների խումբը՝ Հարություն Բրոնոզյանի գլխավորությամբ, կրկին ցանկություն է հայտնել ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո հանդիպել «Լիդիան Արմենիա» ընկերության փորձագետների հետ։ «Նախորդ նույնանման նախաձեռնությունից միջազգային փորձագետները հրաժարվել էին, և ՀՀ բնապահպանության նախարարությունն ստիպված է եղել այս տարվա հունվարին հյուրընկալել միայն «Լիդիան Արմենիա«» ընկերության փորձագետներին։ Ունենալով նախորդ անհաջող փորձը՝ այնուամենայնիվ կրկին համաձայնել ենք կազմակերպել հանդիպում՝ փորձագիտական փաստարկված և օբյեկտիվ քննարկման արդյունքում հասարակությանը հուզող հարցերի պատասխանները ստանալու սպասումով։ Ակնկալում ենք, որ հանդիպմանն օբյեկտիվորեն կներկայացվեն կողմ և դեմ փաստարկները, բայց մեկ պայմանով՝ որ հստակ և վերջնական գնահատականներ տրվեն և անելիքները հստակեցվեն։ Հակառակ դեպքում՝ չի կարելի նույն հարցի վերաբերյալ պարբերաբար կարծիքներ հնչեցնել՝ չշահելով ոչինչ և վնասելով գործընթացները,- ասել է Արծվիկ Մինասյանը և հավելել, որ մայիսի սկզբին նախատեսված հանդիպումը լինելու է միայն երկու կողմերի փորձագետների և ՀՀ ԲՆ հասարակական և գիտական խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, իսկ լրատվամիջոցների հետ նախատեսվում է առանձին հանդիպում։

Օրակարգի միակ հարցը զեկուցել է ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Հակոբ Սանասարյանը։ Բանախոսը մտահոգություն է հայտնել, որ հանքշահագործումն իրականացվում է Արփա, Որոտան և վերջինիս վտակ Դարբ գետերի ջրբաժանում, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ տարածաշրջանի ջրային ռեսուրսների և վերջին հաշվով նաև Սևանա լճի որակի վրա։ Հ․ Սանասարյանը ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրում նկարագրված բնապահպանական ռիսկերը, կենդանական և բուսական աշխարհին հասցվելիք վնասները և մտահոգություն հայտնել, որ դրանց կանախարգելման, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու տեխնիկական նախագծերն անբավարար են։ «Հայաստանի կանաչների միության» նախագահը բարձրացրել է ծրագրի տնտեսական արդյունավետության խնդիրը, քանի որ հանքաքարում առկա են բարձրարժեք մեծ քանակությամբ օգտակար հանածոներ և այլ մետաղներ, սակայն նախատեսվում է կորզել միայն ոսկին և արծաթը։

Երեք ժամից ավել տևած քննարկման ժամանակ հասարակական խորհրդի անդամները և հրավիրվածները հնարավորություն են ունեցել հանդես գալ ելույթներով և հնչեցնել իրենց հուզող հարցերը, որոնց պատասխանել է ինչպես բանախոսը, այնպես էլ «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը և ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի մասնագետ Արթուր Մինասյանը։

Հ․ Սանասարյանը եզրակացրել է, որ հանքարդյունաբերական նախագիծը թերի է և պետք է ուժը կորցրած ճանաչել։ Նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդի անդամներին հիշեցնելով, որ բնապահպանական գերատեսչությունը նորմատիվ որոշումների կայացման և վարչարարության մարմին է և գործում է բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում և մեջ է բերել օրենքի այն դրույթները, որոնց առկայության դեպքում հնարավոր է ուժը կորցրած ճանաչել փորձաքննական եզրակացությունը։ Նախարարը փաստել է, որ հիշատակված հիմքերից որևէ մեկն այս պահի դրությամբ առկա չէ, իսկ փորձաքննության գործընթացն իրականացվել է օրենքի շրջանակներում։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն արձանագրել է, որ հանքի շահագործումը մեկնարկել է և առաջարկել իրականացնել հասարակական մշտադիտարկում՝ նախագծից շեղումները բացառելու նպատակով։

«Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանը ցանկացողներին հրավիրել է մասնակցային մոնիթորինգի, որը հանքավայրում արդեն իրականացվում է հարակից համայնքների բնակիչների մասնակցությամբ՝ նկատելով, որ մոնիթորինգի գործընթացը նկարագրված է բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն ստացած ծրագրում։ Բանախոսը ներկայացրել է նաև ծրագրի կառուցվածքը՝ բնական վիճակի նկարագրումն ու գնահատումը, ռիսկերի կանխատեսումները, դրանց կանխարգելման միջոցառումները և կառավարման պլանները, որոնցում ներդրվել է ճկունության բաղադրիչը։ Ա․ Ստեփանյանը տեղեկացրել է, որ ծրագրի հավելվածներում ավելի մանրամասն է ներկայացված նախատեսվող կանխարգելիչ միջոցառումները։ Պատասխանելով Արծվիկ Մինասյանի հարցին՝ «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենը ներկայացրել է նաև հասարակությանը հուզող թթվային դրենաժների կառավարման ուղղությամբ նախատեսված գործողությունները։

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի մասնագետ Արթուր Մինասյանն իր ելույթում նշել է, որ ծրագրով մանրամասն նկարագրված է ռիսկերի ազդեցությունը նվազագույնի հասցնելու մեխանիզմները, իսկ միայն ոսկի և արծաթ կորզելը պայմանավորված է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից տրված լիցենզիայով, որում հաստատված է միայն ոսկու և արծաթի արդյունաբերական պաշարները։ Անդրադառնալով հասարակությանը հուզող ցիանիդի խնդրին՝ մասնագետը տեղեկացրել է, որ անհրաժեշտ չափանիշներին բավարարելուց հետո «Լիդիան Արմենիա» ընկերությունն անդամակցել է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին և պարտավորվել է պահպանել դրա պահանջները։ Արթուր Մինասյանը հայտարարել է, որ փորձաքննության գործընթացներում օրենքով սահմանված 4 հանրային քննարկում է տեղի ունեցել, որոնց մասնակցել և առաջարկություն է ներկայացրել միայն մեկ՝ Civil Voices հասարակական կազմակերպությունը։

Ամփոփելով քննարկումը՝ Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Հ․ Սանասարյանին հետևողական և մեծ ծավալի աշխատանքի համար և նշել, որ հնչած և պատասխան չստացած հարցադրումներն արձանագրված են և լրացուցիչ մասնագիտական ուսումնասիրության կենթարկվեն։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ հանքի հարակից տարածքներում իրականացվող ջրային ռեսուրսների մոնիթորինգի արդյունքներով, ներկա դրությամբ որակական փոփոխություններ չեն արձանագրվել։ Կարևորելով հասարակական խորհրդում կազմակերպված քննարկումը՝ Ա․Մինասյանը նշել է, որ դրա արդյունքներն առաջիկայում կտեղափոխվի մասնագիտական հարթության վրա՝ միջազգային փորձագետների նախատեսվող հանդիպման ժամանակ։ Խորհրդի հարթակը կարևոր է այնքանով, որ մտահոգությունները բարձրացվեցին և դրվեցին պետական մարմնի և հանքշահագործող ընկերության առաջ, ինչը մեծապես նպաստում է գործընթացների կառավարմանը հասարակական կառույցների ներգրավմանը,- նշել է հասարակական խորհրդի նախագահը։

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031