Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՊԱ-յում փոփոխություններ են եղել

Մարտ 30,2018 16:05

Այսօր Aravot.am-ը Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանին հիշեցնելով ԱՊՊԱ իրականացնող ընկերությունների բողոքները, որոնք հայտնվել էին անհավասար մրցակցության պայմաններում, քանի որ մի ընկերություն առավելություն էր ստացել՝ Բագրատաշենի մաքսակետի ներսում գործելու, հարցրեց, թե խնդիրն ինչպես լուծվեց: Պարոն Ավետիսյանն ասաց, որ հարցն այնքան էլ իրենց կարգավորման դաշտում չէ, սակայն որոշվել է, որ բոլոր ընկերություններն էլ պետք է աշխատեն մաքսակետի տարածքից դուրս՝ հավասար պայմաններում:

Նշենք, որ բյուրոյի գործունեության նպատակը ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից տուժած անձանց շահերի պաշտպանությունն է եւ ԱՊՊԱ համակարգի կայունության եւ զարգացման ապահովումը:

Վահան Ավետիսյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե բյուրոն քաղաքացիներից ստանո՞ւմ է այնպիսի բողոքներ, որտեղ վթարներում մասնակցությունը պետական ծառայողական ավտոմեքենաներով է: Մեր այն դիտարկմանն ի պատասխան, որ Aravot.am-ը քաղաքացիներից դժգոհություններ է ստանում, որ նման դեպքերում ԱՊՊԱ-ները, կամ այլ ատյաններում վեճերը հօգուտ պետական կառույցների են լուծվում, ճանապարհային ոստիկանության հետաքննիչները փաստաթղթերն ի վնաս քաղաքացիների են կազմում, պարոն Ավետիսյանն ասաց, որ գործընթացը բաժանել են 3 փուլերի՝ տվյալների հավաքագրում, փորձաքննության իրականացում եւ հատուցման տրամադրում կամ մերժում. «Ճանապարհային ոստիկանը կատարում է տեխնիկական տվյալների հավաքագրում եւ մեղավորություն չի որոշում: Այդ տվյալները մուտքագրվում են ԱՊՊԱ միասնական տեղեկատվական համակարգ, այդ համակարգից մենք փորձաքննության ենք նշանակում այլ փորձագետների, որոնք որեւէ ձեւով կապված չեն ո՜չ ապահովագրական ընկերությունների, ո՜չ էլ որեւէ կառույցի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին էլ, թե տաքսու վարորդները պարբերաբար դժգոհություն էին հայտնում, որ ԱՊՊԱ-ները հրաժարվում են իրենց ապահովագրել՝ պատճառաբանելով, որ տաքսիների մասնակցությամբ բարձր են վթարների ցուցանիշները, ներկայումս ի՞նչ վիճակ է, բյուրոն ինչպե՞ս է լուծում այս խնդիրները, Վահան Ավետիսյանը պատասխանեց, որ այժմ ԱՊՊԱ պայմանագիր կարող են կնքել նաեւ առցանց եւ որեւէ մեկը չի կարող խոչընդոտ հանդիսանալ:

Ըստ բյուրոյի տնօրենի, փոքր պատահարների, քիչ վնասների դեպքում վարորդները կարող են ինքնուրույն որոշել եւ ավտոմեքենաները հեռացնել երթեւեկելի մասից՝ խցանումներ չառաջացնելու համար, սակայն այս մասին վարորդները լավ իրազեկված չեն եւ մինչ խնդիրը կլուծվի, ժամերով խաթարում են երթեւեկությունը:
Պարոն Ավետիսյանը նաեւ ասաց, որ երկուսից երեք անգամ կրճատվել է ապահովագրական հատուցումների տեւողությունը՝ պարզեցված հատուցումների դեպքում միջինում կազմելով 1 շաբաթ, իսկ մնացած բոլոր դեպքերում՝ 2 շաբաթ: Կրճատվել են նաեւ մեղավորության որոշման եւ վնասի գնահատման փորձաքննությունների ժամկետները՝ դառնալով 3-7 օր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031