2018 թվականի մարտի 26-ին՝ ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանն Epress.am կայքի հարցազրույցում բարձրաձայնել է ԼՂՀ ոստիկանության կողմից իր հանդեպ կիրառված բռնության մասին։ Փետրվարի 1-ին, երբ նա ուշ երեկոյան զբոսնել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, իրեն են մոտեցել ոստիկաններն ու ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ, առանց բացատրության բերման ենթարկել ոստիկանություն, որտեղ կիրառվել է նաև ֆիզիկական բռնություն։ Երբ Ասյան բացատրություն է պահանջել, նրան հակադարձել են, թե Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ երբ Ասյան օրինական հիմքեր է պահանջել, ոստիկանները հակադարձել են՝ գնա Հայաստանում պահանջի։
Հատկանշական է, որ խտրականության դրսևորումն ի հայտ է գալիս Ասյա Խաչատրյանի տարբերվող արտաքինի՝ մազերի գույնի, ազատ ոճի և ուշ ժամին քաղաքով զբոսնելու պատճառով, ինչը դուրս է տվյալ տարածքում կնոջ համար նախանշված վարքականոնների «ընդունված» շրջանակից և հանգեցնում է գենդերային հիմքով բռնության գործադրման, ոստիկանական դիրքի չարաշահման և խտրական վերաբերմունքի արդարացման։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այս միջադեպը որակում է որպես խտրականության դրսևորում, ընդ որում՝ կրկնակի խտրականության՝ գենդերային՝ որպես կին, և որպես ՀՀ քաղաքացի։
Ելնելով վերոնշյալից, պահանջում ենք․
ՀՀ իրավապահ համակարգից․
Բազմակողմանի և հանգամանալի քննություն իրականացնել դեպքի առնչությամբ, բացահայտել պատասխանատուներին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից․
Հանդես գալ հանրային հստակ դիրքորոշմամբ, որը ոչ միայն կնպաստի բռնարարքի մեղավորների բացահայտմանը, այլև կբացառի նման արատավոր պրակտիկայի կրկնությունը։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա