Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի գլխավորած 11 հոգանոց պատվիրակությունը մարտի 28-ից Երևանում է՝ փորձի փոխանակման ծրագրով և մշակութային համագործակցության հարցերով։ Փոխայցերի և տեղում փորձի փոխանակման պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ փետրվարին, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի Արցախ կատարած աշխատանքային այցին։
2018 թ. փետրվարի 3-ին նախարարներ Ամիրյանը և Շահվերդյանը Շուշիում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության միջև պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին» հուշագիրը։
Մարտի 30-ին Երևանում հրավիրված համատեղ ասուլիսում ներկայացվեցին Հայաստան-Արցախ մշակութային համագործակցության՝ արդեն իրականացվող ծրագրերը։ Առաջիկա երկու ամիսների համար ավելի քան 30 կոնկրետ միջոցառում է արդեն նախատեսված, բացի «Արցախ, իմ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի ներկայացումներից և համերգներից, որոնք մեկնարկել են մարտ ամսվա կեսերից։
Արցախի մշակույթի նախարարության պատվիրակության անդամների հայաստանյան օրակարգում Հայաստանի մշակույթի նախարարությունում փորձի փոխանակման աշխատանքային հանդիպումներից բացի, այցելություններն են պատմամշակութային մի շարք հուշարձաններ, թանգարաններ և Համազգային թատրոնում « Սանտա Կռուզ» պրեմիերային ներկայացման և Օպերային թատրոնում՝ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության դիտումները։