2015թ. Նորք Մարաշում վնասազերծված «զինված խմբի» գործով հերթական դատական նիստում այսօր շարունակվեց գործում առկա ապացույցների հրապարակումը: Դատավարության կողմերը լսեցին մեղադրյալ, ենթադրյալ զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի՝ մի շարք անձանց, այդ թվում՝ գործով մյուս ամբաստանյալներից մի քանիսի հետ հեռախոսազրույցների գաղտնալսումները: Դրանցից պարզ է, որ Արթուր Վարդանյանը տեղեկացնում է իր՝ Երեւան ժամանելու մասին, որպիսություն հարցնում, կենցաղային հարցեր պարզաբանում, խնդրում ինչ-որ մեկին տեղափոխել Նոյեմբերյան, նաեւ փուչիկների համար գումար վճարելու մասին տեղեկացնում:
Զրույցների հրապարակման ընթացքում ամբաստանյալ Արթուր Վարդանյանը հայտարարեց, որ այլեւս չի կարող ներկա գտնվել, առողջական վիճակը վատանում է: Այդ պատճառով նիստը հետաձգվեց մեկ շաբաթով:
Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Սիրուշ Աղվանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռեւս նախորդ տարվա հուլիսից Վարդանյանի առողջական վիճակը վատացել է, նա տեւական ժամանակ չի բարձրաձայնել այդ մասին:
Պաշտպանի փոխանցմամբ՝ Վարդանյանը լյարդի եւ թոքերի ցավեր ունի, ջերմությունն էլ մշտապես տատանվում է 37,5-8 աստիճանի սահմաններում: Սիրուշ Աղվանյանը նշեց, որ նրան համալիր բժշկական հետազոտություններ են հարկավոր:
Ինչ վերաբերում է հրապարակված հեռախոսազրույցներին, պաշտպանի խոսքով՝ մեղադրանքի հետ դրանք կապ չունեն:
Հիշեցնենք, որ խմբի անդամները մեղադրվում են հանցավոր գործակցություն ձեւավորելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու-փոխադրելու, իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«ջերմությունն էլ մշտապես տատանվում է 37,5-8 աստիճանի սահմաններում»… կարո՞ղ է որ հղի լինի…