«Ռուսական կողմը ՀՀ-ում պետք է ունենար նման ոստիկանություն ու զբաղվեր իրենց զինվորների կարգուկանոնով: Դա իրենց պարտավորությունն է։ Չեմ կարծում, որ դա մեծ քանակ է լինելու։ Բացարձակ այստեղ խնդիր չեմ տեսնում»,- սա ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանի կարծիքն է ՀՀ-ում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանման տեղակայման շուրջ: Այդ մասին իշխող ուժի ներկայացուցիչն ասաց «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Միակողմանի դաշինք. ՀՀ-ում «Ռուսական ռազմաբազայի մասին» պայմանագրի խախտմամբ տեղակայվելու են Ռուսաստանի ՌՈ ստորաբաժանումները» թեմայով քննարկման ժամանակ:
Միհրան Հակոբյանը դժվարացավ հստակ ասել, արդյոք այս անհրաժեշտությունը պայմանավորված էր Վալերի Պերմյակովի հետ առաջացած խնդրով: Հավաստիացրեց, որ առաջիկայում քննարկումներ կլինեն եւ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն:
Իշխող ուժի ներկայացուցիչը չի կիսում նաեւ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանի դիտարկումները, որ այդ դեպքում, թող Իրանի կրոնական ոստիկանության ներկայացուցիչներն էլ տեղակայվեն Հայաստանում, քանի որ իրանցի զբոսաշրջիկների թիվն ավելանում է: «Կարծում եմ, նման համեմատությունը տեղին չէ, քանի որ նույնն էլ, ասենք, հայկական կողմը կարող է ասել Վրաստանին, թե մեր զբոսաշրջիկներն առավել շատ ձեզ մոտ են գալիս հանգստանալու, ծովափերին հայկական վերահսկողական գրասենյակներ տեղադրենք»,- ասաց Միհրան Հակոբյանը:
Այլ մանրամասները`տեսանյութում
Գեւորգ Մելիքյանն այլ մտահոգություններ էլ հնչեցչեց`ռուսական այս ոստիկանության ֆինանսական հարցերն ո՞վ է հոգալու: Նաեւ`ընդլայնելով ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ-ում, արդյոք մենք չե՞նք գա մի կետի ու չենք ունենա այն, ինչ եղավ Սեւաստոպոլում: Նա մտավախություն ունի, որ կարող ենք Գյումրին կորցնելու վտանգի առջեւ էլ կանգնել, մանավանդ, որ Գյումրիից արտագաղթ կա, գյումրեցիներին ռուսական անձնագրեր են բաժանում, ուղիղ չվերթ կա դեպի ՌԴ, ՌԴ նախագահ Պուտինն էլ Հայաստան այցելելիս`Գյումրիում իջավ:
Այլ մանրամասները`տեսանյութում
Գեւորգ Մելիքյանը մի պատկերավոր օրինակ էլ բերեց` հայ որեւէ քաղաքացի մոտենում է ռուս ՌՈ ներկայացուցչին ու նկատողություն անում իր ոչ կոռեկտ պահվածքի համար, նա էլ պտտվում եւ ասում է`դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, ձեր երկրում մենք կղզի ենք, ու մենք ինքներս մեր հարցերը կկարգավորենք, դուք մի խառնվեք։ «Այսինքն, ստացվում է` մեր օրենքներից վեր են սկսելու իրենց դասել»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ