Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիգեն Սարգսյան, բա քո արևմտյան կրթությունն ինչի՞ն ես ծառայեցնելու». Ժաննա Ալեքսանյան

Մարտ 30,2018 15:24

Ալիկ Միրզաբեկյան, գեներալ- մայոր Կոմիտաս Մուրադյան, Արշակ Կարապետյան, Յուրի Խաչատուրով, Հայկազ Բաղմանյան. ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝այս և այլ պաշտոնատար անձինք պիտի պատասխանատվության ենթարկվեին ապրիլյան պատերազմի համար, մինչդեռ նրանցից ոմանք միայն պաշտոնանկ եղան, իսկ մյուսներն էլ, ավելին, նոր պաշտոն ստացան:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Սաքունցը վստահեցրեց՝ ապրիլյան պատերազմից որևէ դաս չենք քաղել, ավելին, իշխանությունները շարունակում են որդեգրել խոշոր, համակարգային հանցագործությունները կոծկելու վարքագիծը:

Արթուր Սաքունցի պնդմամբ՝ սոցիալական անարդարության և խնդիրների մյուս խումբը բխում է ազգ-բանակ հայեցակարգից, որը շրջանառության մեջ դրվեց ապրիլյան պատերազմից հետո:

Այս առիթով պարոն Սաքունցը վրդովվեց. «Ստացվում է՝ ով աղքատ է և զրկված կրթություն ստանալու հնարավորությունից, պետք է ծառայի, իսկ ով հարուստ է և կարող է վճարել ուսման համար, պետք է չծառայի: Փաստորեն, բանակը միայն աղքատների համար է»:

Վերադառնալով ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատվության խնդրին՝ Արթուր Սաքունցը հայտարարեց. «Ի վերջո այդքան մարդկային զոհեր են եղել, բայց ոչ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրել: Սա որակում եմ ՀՀ քաղաքացիների նկատմամբ բացարձակ անպատասխանատու վերաբերմունք»:

Իրավապաշտպանը ցավով նշեց, որ զինծառայողներն ավելի շատ զոհվում են բանակի ներսում դժբախտ պատահարների՝ օրինակ՝ ավտովթարների, զենքի հետ կանոնների խախտումների և այլ պատճառներով, քան սահմանային միջադեպերի: Սա կապված է պատրաստելու, տեխնիկական վիճակի պատշաճ ապահովման և հրահանգավորման հետ»:

Արթուր Սաքունցի բնորոշմամբ՝ հինգ միլիոն դրամի դիմաց զինծառայության ժամկետը դարձավ երկուսից երեք տարի. «Աստիճանաբար երկու տարվա ծառայությունը ժամանակի ընթացքում կդառնա երեք տարի, ուղղակի կդառնա կամավոր պարտադիր: Կամավոր է, բայց պարտադիր է դառնում փողի միջոցով: Սա՞ էր ձեր առաջարկած բարեփոխումը, սա՞ էր ապրիլյան պատերազմի դասը: Սա նպաստելու և խթանելու է արտագաղթին: Մարդիկ գլխապատառ փախչելու են միլիտարիզացված համակարգից»:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հավաստմամբ՝ հենց ապրիլյան պատերազմի օրերին էլ երևում էր, որ իշխանություններն այդքան մտահոգված չեն: Նա հիշեց, որ ՀՀԿ-ն զբաղված էր ընտրություններով, երբ մարդիկ իրոք սգի մեջ էին:

Ժաննա Ալեքսանյանը ներկայացրեց իրենց ուսումնասիրության արդյունքները՝ ականի պայթյունից վիրավորված կամ մահացած զինծառայողների մասին. «Ուսումնասիրել ենք ականի պայթյունից մահվան վեց դեպք: Միայն նրանցից մեկն է հիմնադրամից գումար ստացել: Նոյեմբերի 21-ին, երբ ականի պայթյունից երեք զինվոր է զոհվել, մեկը վիրավոր, հարցում ենք ուղարկել, թե ինչու մնացածներին գումար չեն տրամադրել: Ում հատկացրել են գումար, հանդիպել ենք նրա հարազատներին, տեղեկություններ չունեին իրենց որդու մահվան մասին: Միայն պատմեցին, որ հայրն ուզել էր տեսնել, թե որտեղ է մահացել իր որդին, ասել են, թե իբր ոտքը սահել է, ընկել ականի վրա, պայթել: Դեպքի վայրում, երբ զինվորի հայրը տեսել է զինվորի գլխարկ, մտածել է իր որդունն է, սակայն ասել են, թե ուրիշ զինվորի գլխարկ է: Այ քեզ ցինիկ վերաբերմունք»:

Ժաննա Ալեքսանյանը վրդովվեց՝ գոնե այս գործերով քննություն իրականացվի և ծնողներին պատասխան տրվի:

Անդրադառնալով ԿԳ նախարարության՝ e-draft.am կայքում հրապարակված՝ սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությանը՝ տիկին Ալեքսանյանը վրդովվեց, թե ամաչել ու երկու օր է չի կարողանում հանգստանալ. «Ցնցված եմ, որ կարելի է նման հետադիմական փաստաթուղթ ներկայացնել: Ինտերնետի, զարգացող, առանց սահմանների աշխարհում սրանք դրել բաներ են գծել: Դուք ո՞վ եք, որ մեզ նման բաներ թելադրեք: Պարո′ն ԿԳ նախարար, ի՞նչ իրավունք ունես նման փաստաթուղթ դնել ու պարտադրել երեխաներին այդ փաստաթղթով անցնել: Այս կեղծ ռազմահայրենասիրական տեքստերը թքած ունեն բանակի, զինվորի կյանքի վրա: Եթե այդքան մտածող էին, թող մի կոնցեպտ մտածեին, ասեին, թե ինչ անել, որ տարեկան այդքան երեխա դժբախտ պատահարներից չզոհվի բանակի ներսում»:

Դիմելով Վիգեն Սարգսյանին՝ Ժաննա Ալեքսանյանն ասաց. «Վիգեն Սարգսյան, բա քո արևմտյան կրթությունն ինչի՞ն ես ծառայեցնելու: Ինչո՞ւ ես օտար մշակույթից զրկում երեխաներին: Այս փաստաթուղթը սպառնալիք է»:

Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով այն, թե վերջին օրերին խոսվում է նաև այն մասին, որ հնարավոր է Վիգեն Սարգսյանը լքի պաշտոնը, պարոն Սաքունցը պատասխանեց, թե դա համակարգային խնդիր է. «Վիգեն Սարգսյանի մասին չէ խոսքը: Խնդիրը համակարգային է: Սա մարտահրավեր է ՀՀ -ին որպես պետություն: Եթե չգիտակցենք սա, գնալու ենք դեպի Հյուսիսային Կորեա, ինչը կատաստրոֆա է»:

Ժաննա Ալեքսանյանի պնդմամբ՝ Վիգեն Սարգսյանը պետք է հեռանա. «Ինքն այս երկու տարվա մեջ ցույց է տվել միայն անտարբերություն: Նախկին ղեկավարությանն էլ էինք քննադատում, բայց նրանց ժամանակահատվածում սահմանին զոհերն ավելին էին, քան ներքին կանոնադրային հարաբերությունների պատճառով: Վիգեն Սարգսյանը պարտավոր է բացատրություն տալ, թե ինչու է այս վիճակը բանակում տիրում, բայց նման բան չենք տեսել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031