Լրահոս
Օրվա լրահոսը

Կապույտ հազով 1 ամսական երեխա է վարակվել. վիճակը շատ ծանր է

Մարտ 30,2018 15:20

Կապույտ հազով 1 ամսական երեխա է վարակվել, նա այս պահին գտնվում է Սուրբ Աստվածամայր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Նա ասաց, որ փոքրիկի վիճակը շատ ծանր է. «Ցավոք, հնարավոր է վատ ելք ունենանք»:

Այս տարի կապույտ հազի դեպքերն ավելացել են: Սահակյանն ասաց, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, այս տարի կապույտ հազի հիվանդացության դեպքերը 7,5 անգամ ավելի են. «Հիվանդների 80%-ը չպատվաստված երեխաներն են, իսկ երեխաների 60%-ը մինչեւ 1 տարեկան են, որոնք շատ ռիսկային են»:

Գայանե Սահակյանը հիշեցրեց այս տարվա փետրվար ամսին կապույտ հազից եւս մեկ փոքրիկի մահացության դեպքը, երբ 2 ամսական փոքրիկը վարակվել էր չպատվաստված քույրիկից, որին ծնողները չէին հոսպիտալացրել, երեխան տանը ոտքի վրա էր տանում հիվանդությունը:

Կարմրուկի 14 դեպք կա՝ լաբորատոր հաստատված, եւ ինչպես Սահակյանն ասաց, 12-ն ընդհանրապես պատվաստված չեն եղել, 2-ն էլ՝ մեկ դեղաչափ ունեն. «Նրանք ոտքի վրա թեթեւ տարան, բայց մեզ համար շատ վտանգավոր է, ու շատ, ահավոր շատ շփումներ են ունեցել ու տարածում կունենանք: Ռուսաստանից էր սկզբնաղբյուրը, առաջին խումբը եւ առաջին դեպքերը գրանցվել էին նրանց հետ շփումից հետո: Իրենք նորից շատ-շատ շփումներ են ունեցել, այդ խումբն էլ շատ շփումներ է ունեցել ու այդպես տարածվեց: Կարմրուկի առումով վիճակն անմխիթար է: Աշխարհագրությունը տարբեր է, ու այս տեսակետից դժվար է կառավարել, տարածումը շատ հեշտ է»:

Ըստ Սահակյանի, այդ հիվանդությունների տարածման պատճառը չպատվաստվելն է, տարիների ընթացքում մեր երկրում կուտակվել էին չպատվաստվածները, սա մանրէի տարածման համար պարարտ հող է առաջացրել. «Մարդիկ, որոնք պաշտպանված չէին՝ հարուցիչների համար բարենպաստ պայմաններ են ստեղծել: Հիմա էլ մենք չպատվաստված մարդիկ ունենք ու վիրուսը նրանց կգտնի, ուստի նրանք, ովքեր ժամանակին հրաժարվել են պատվաստումներից, իրավունք չունեն իրենց երեխայի փոխարեն որոշում կայացնել: Պատվաստեք երեխաներին»:

Տիկին Սահակյանը նաեւ նշեց, որ պատվաստումների հակաքարոզչությունն էլ ազդեցություն է թողել ու մարդիկ խուսափում էին պատվաստումներից, ուստի դրա հետեւանքով կարմրուկի եւ կապույտ հազի դեպքերն ավելացել են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031