«Եթե մեր կառավարությունն ուզում է ռուսական ռազմական ոստիկանության ներկայություն, ապա պետք է բերի համապատասխան պայմանագիր, քննարկենք`բոլոր փուլերով, նաեւ խորհրդարանում թող քաղաքական ուժերն իրենց կարծիքը հայտնեն եւ քվեարկեն»,- «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Միակողմանի դաշինք. ՀՀ-ում «Ռուսական ռազմաբազայի մասին» պայմանագրի խախտմամբ տեղակայվելու են Ռուսաստանի ՌՈ ստորաբաժանումները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Բանախոսն ասում է`պետք է ամեն ինչին նայենք մեր շահերից ելնելով եւ նկատում` 1990-ականներին ստորագրված հայ-ռուսական բազային պայմանագրում չկա ռազմական ոստիկանություն հասկացողությունը:
Բոլոր այն փաստարկներին, որ այդ ոստիկանությունը պետք է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում կարգուկանոն հաստատելու համար, մեր զրուցակիցը հակադարձում է`ամեն ինչ պետք է պայմանագրով սահմանել, այդ թվում նաեւ թվաքանակը։ «Ինչպես հասկացա` պլանավորվում է նաեւ Երեւան բերել, որտեղ կա իրենց ռազմաբազայի շտաբ: Սպայական կազմ է, ի՞նչ կարգուկանոնի մասին է խոսքը»,- իր վրդովմունքը հայտեց քաղաքագետը`հիշեցնելով պատմությունը. «Հայ բոլշեւիկները կազմալուծում էին մեր բանակը, քանի որ մտածում էին, որ գալու է Կարմիր բանակն ու ամեն ինչ լավ է լինելու: Սակայն, եկան ու հանձնեցին Կարսը: Բարեբախտաբար, հիմա հինգերորդ շարասյուն չկա, բայց ՌԴ-ի տրիվիալ քայլերի վտանգը կա»:
Ստեփան Գրիգորյանը վստահ է`ՀՀ իշխանություններն էլ են ռուսական մամուլից իմացել ոստիկանական այդ ստորաբաժանումը Հայաստան բերելու`ռուսական ցանկության մասին:
Քաղաքագետի գլխավոր մտահոգությունն այն է, որ այս ստորաբաժանումը ՌԴ-ն կարող է ինչ-որ իրավիճակում օգտագործել`Հայաստանից Արցախ տանող ճանապարհները փակելու համար: Հիշեցնում է, 2016-ի ապրիլին 25 հազար հայ գնաց Արցախ. «ՌԴ-ն էլ հասկացավ, որ դա գործոն է»: Մտավախություն ունի, որ այդ ստորաբաժանումը, որն ի դեպ, ռուսական բանակի ենթակայությունից դուրս է լինելու, սկզբում կկատարի իր ոստիկանության ֆունկցիան, բայց ինչ-որ մի պահի կօգտագործվի այլ նպատակներով:
Մանրամասները`տեսանյութում
Քննարկմանը ներկա ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն էլ վստահեցրեց. «Միգուցե պարոն Գրիգորյանի պարտքն է այդ մասին նշելը, իմ պարտքն էլ ասելն է, որ ՀՀ ԶՈՒ ճանապարհն ով կփորձի փակել ՀՀ տարածքում`կարժանանա վերաբերմունքի` ռազմական պայմաններից ելնելով ու կապ չունի, թե ո՞ր պետության մասին է խոսքը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ