Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարին

Մարտ 30,2018 15:11

Մարտի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով` պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը ջերմությամբ վերհիշեց անցյալ դեկտեմբերին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում պետքարտուղար Լեմուանի հետ Փարիզում տեղի ունեցած հանդիպումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժան-Բատիստ Լեմուանը ասաց, որ ուրախ է գտնվել բարեկամ Հայաստանում՝ընդգծելով, որ իր պատվիրակության այցն ունի բավականին հագեցած օրակարգ:

Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկումներ ունեցան հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, արտգործնախարարների համաժողովի, մշտական խորհրդի, նաև հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, անդրադարձան գագաթաժողովի շրջանակներում ընդունվելիք փաստաթղթերին, ինչպես նաև նախատեսվող միջոցառումներին և քննարկումներին վերաբերող հարցերին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և ըստ հաստատված ժամանակացույցի՝ ՀՀ պետական բոլոր շահագրգիռ գերատեսչությունների և ՖՄԿ քարտուղարության հետ սերտ համագործակցությամբ:

Հանդիպման օրակարգում էին նաև հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ նշեցին, որ հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությունը շարունակական և համակողմանի զարգացում է ապրում՝ նշանավորվելով բազմաթիվ, այդ թվում` նախագահական փոխայցերով, միջխորհրդարանական կապերի սերտացմամբ, նոր բարեկամական կապերի հաստատմամբ՝ Հայաստանի և Ֆրանսիայի շրջանների ու քաղաքների միջև, տնտեսական համագործակցության խորացմամբ, Հայաստանում Ֆրանսիական բիզնեսի ներկայության ընդլայնմամբ, մշակութային և գիտակրթական կապերի ամրացմամբ։

Կողմերն քննարկեցին նաև Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բազմակողմ և երկկողմ ձևաչափերով համագործակցության համար ընձեռվող հնարավորությունները:

ՀՀ արտգործնախարարը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ գործադրվող ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք խնդիրներ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031