«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ՄԱԱ-ում ասուլիս էր հրավիրել: Նա հայտարարեց, որ վաղը կհրապարակեն իրենց դիմադրության պլանի ճանապարհային քարտեզը: Մենք հետաքրքրվեցինք՝ դուք ասում էիք, որ քաղաքացիներին իշխանափոխություն կխոստանաք միայն մի անգամ, հիմա դուք հանրահավաքի կանչելով մարդկանց՝ խոստանո՞ւմ եք իշխանափոխություն: Փաշինյանը պատասխանեց. «Ես ասել եմ, որ այն ժամանակ, երբ մենք ՀՀ ժողովրդին կհրավիրենք հրապարակ՝ Սերժ Սարգսյանին հեռացնելու, դրանից հետո ինքը 10 օրվա ընթացքում հեռացած պետք է լինի: Կես կատակ-կես լուրջ պատասխանեմ՝ վաղը մենք մեր ճանապարհային քարտեզը կներկայացնենք եւ դրանից ուղիղ 10 օր հետո Սերժ Սարգսյանը հեռացած կլինի: Ապրիլի 10-ին նա իշխանություն չի ունենալու, որեւէ ֆորմալ կարգավիճակ չի ունենալու եւ մեր խնդիրն այս քաղաքական պրոցեսի ոչ թե Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից հեռացնելն է, այլ Սերժ Սարգսյանի վերադարձն իշխանության թույլ չտալն է, որովհետեւ ամսի 9-17-ը նա ՀՀ-ում որեւէ պետական պաշտոն առնվազն այդ ժամանակ չի ունենալու, ՀՀ-ում կառավարություն չի լինելու, լինելու են պաշտոնակատարներ, Արմեն Սարգսյանը ստանձնելու է պաշտոնը, բայց նա ոչ մի գործառույթ չունի տվյալ դեպքում՝ ո՛չ ուժային կառույցների, ոչ մյուս կառույցների նկատմամբ եւ գործելու է ԱԺ-ն, որը էլի լիազորություն տվյալ կոնտեքստում չունի: Հետեւաբար, ամենագործուն ուժը մնում է ՀՀ քաղաքացին: Եթե ՀՀ քաղաքացին որոշի հաղթել, ինքը կհաղթի, ես ինձ համարում եմ դրա երաշխավորը»:
Խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանն ասել էր, որ 10 հազար դրամով մարդիկ գնացել եւ քվեարկել են ՀՀԿ-ի օգտին: Մեր հարցին՝ խոսելով դրանից հետո փողոցային պայքարի մասին՝ ասում էիք, որ այն մարդը, որը գնացել եւ 10 հազար դրամով քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, այդ մարդուն 10 հազար դրամով էլ կարող են տանել տուն, հիմա այդ մարդիկ վերափոխվե՞լ են այս մեկ տարվա ընթացքում, որտե՞ղ է երաշխիքը, որ չեն տանի տուն՝ Փաշինյանը պատասխանեց. «Ընդհանրապես, հանրային զարգացումները, քաղաքական զարգացումները փոփոխությունների գործընթաց են: Ինչու միայն քաղաքացիները, մենք էլ ենք փոխվում, մենք էլ ենք փոխվել եւ մենք կփորձենք քաղաքական այնպիսի պրոցես հարուցել, որը ինչպես մեզ կփոխի դրական առումով, այնպես էլ ՀՀ քաղաքացուն կտա հնարավորություն ազատագրվել ընտրակաշառքի գերությունից»:
Հարցին՝ ինչպե՞ս եք բնութագրում Սերժ Սարգսյանի կառավարման տարիները, ինչո՞ւ նա չպետք է ղեկավարի՝ Փաշինյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը ձեւավորել է ստահոդ պետություն՝ իր բոլոր ատրիբուտներով: Այդ գործընթացը նա պիտի շարունակի այնքան, որ ՀՀ-ում չմնա նույնիսկ մի բջիջ, որն այս տրամաբանությունից դուրս է: Սերժ Սարգսյանը պետք է չլինի վարչապետ, ի թիվս այն փաստարկների, ինչ ես նշել եմ բազմիցս, առաջին անգամ նրա կառավարման օրոք հայկական կողմը Ղարաբաղի կոնֆլիկտի ընթացքում տարածքային կորուստներ է ունեցել, ՀՀ ՀՆԱ-ն ոչ թե աճել է, այլ նվազել, արտագաղթը մեծ տեմպերով շարունակվել է, նրա վարչապետ դառնալուց հետո էլ ավելի մեծ թափով է շարունակվելու: Սերժ Սարգսյանը վարչապետ պիտի չդառնա, ինքն է ասել, որ ՀՀ-ում որեւէ մեկը չպետք է երկու անգամից ավելի հավակնի պետության ղեկավարի կարգավիճակին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ