Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը նոր ձեւ է մտածել, թե ինչ պիտի անեն, երբ ոստիկանները որոշեն ցրել հավաքի մասնակիցներին

Մարտ 30,2018 14:18

Այսօր ՄԱԱ-ում հրավիրած ասուլիսում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք բռնի ուժի կողմնակից չեն, անգամ չեն ընդունում բռնի ուժի կիրառումը՝ որպես հակազդեցություն:

Լրագրողները հարցրեցին՝ ենթադրենք, հավաքված եք Ազատության հրապարակում, իշխանությունը ձեր խաղաղ, օրինական հավաքներին որոշում է մարդկանց ցրել, բռնի ուժ կիրառել, ի՞նչ եք անելու, մարդիկ կգնան: Փաշինյանը պատասխանեց. «Երբ որ նրանք կգան այդ ցույցը ցրելու, մենք կփորձենք ոչ թե նրանց նկատմամբ հակաբռնություն գործադրել, մենք կփորձենք ուղղակի չցրվել»:

Դիտարկմանը, որ գուցե փորձեք բարձրանալ տանիքներ՝ Փաշինյանը ծիծաղեց՝ ասելով, որ Օպերայի տանիք ոնց են բարձրանում, դեռ չգիտեն:

Այնուամենայնիվ, Փաշինյանի նկարագրությամբ, երբ փորձեն հավաքի մասնակիցներին ցրել, իրենք կանեն հետեւյալ գործողությունը. «Օրինակ, մենք բոլորս կդառնանք մի մեծ մարդկային զանգված, իրար պինդ կպահենք, ամենահամարձակներն իրենց վրա կվերցնեն հարվածները եւ կփորձեն պաշտպանել մյուսներին: Այսինքն, կփորձենք ֆիզիկապես չցրվել: Իրենք ինչի՞ համար են խփում ռետինե մահակներով, որ մենք այդտեղից գնանք, մենք կփորձենք չգնալ»:

Լրագրողները հետաքրքրվեցինք՝ ինչքա՞ն պինդ տղաների պետք է հավաքեք՝ Փաշինյանը պատասխանեց. «Նայած պինդ ասելով ինչ նկատի ունեք, կամայինը ավելի ճիշտ բնորոշում է, որովհետեւ ֆիզիկապես բազմաթիվ պինդ մարդիկ կան, հոգեպես այդքան էլ ուժեղ չեն»:

Փաշինյանն ասաց, որ եթե 5000 հոգով Ազատության հրապարակում լինեն եւ գան իրենց ցրելու, իրենք նախ, լինելով իրարից հեռու, կփորձեն բոլորով խումբ դառնալ. «Իրար թեւերից բռնած, իրարից բռնած կկանգնեն, որ նաեւ չկարողանան թեւերից քաշել, թող խփեն»:

Aravot.am-ը հարցրեց՝ դուք քաղաքական պայքարի մեծ փորձ ունեք, գիտեք իշխանության մեթոդները նաեւ՝ էլեկտրաշոկ, ջրցան եւ այլն, ջրցանը միացնեն՝ դուք կամ մյուսները կարող եք թռչել մի կողմ, ոնց պետք է այդպես ուս ուսի տաք ու պայքարեք, ռեմբոնե՞ր եք՝ Փաշինյանը պատասխանեց. «Այո, հույս ունենք, այս քաղաքական պրոցեսի ընթացքում նաեւ թռնել կսովորենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031