Եթե չստացվեց ձեր պայքարը, դուք ի՞նչ բացատրություն եք տալու հանրությանը, որ չստացվի, թե հանեցիք զբոսանքի, գնացին: Այսօր ՄԱԱ-ում լրագրողները այս հարցն ուղղեցին հանրահավաք նախաձեռնող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին:
Նա պատասխանեց, որ իրենց ճանապարհային քարտեզը փորձել են այնպես գծագրել,որ դա հանրային վստահություն, հետաքրքրություն, լավատեսություն գեներացնի. «Կփորձենք այդ լավատեսությունն իսկապես գեներացնել եւ մարդկանց հույս եւ վստահություն ներշնչել առաջին հերթին իրենց ուժերի նկատմամբ: Բնականաբար, ցանկացած գործողություն ունի լավատեսական եւ հոռետեսական կանխատեսումներ: Ինչպես ենք մենք խուսափելու քաղաքական զբոսանքից՝ մենք կփորձենք շատ արագ արձանագրել ե՛ւ մեր հաղթանակը, ե՛ւ մեր պարտությունը եւ այլ մարդկանց զբոսանքի չտանել: Ակնհայտ է, որ պարտվել ես, բայց այդ պարտությունը չես խոստովանում, մարդկանց անընդհատ ասում ես՝ եկեք մի հատ էլ երթ անենք, մի հատ էլ երթ անենք, նույն երթուղով գնում պտտվում, գալիս են: Մենք մտածում ենք, որ մեր քաղաքական գործընթացը պետք է լինի գործողությունների գործընթաց: Մենք պետք է անենք գործողություններ: Այն պահին, երբ հստակ լինի, որ մենք պարտվել ենք, մենք մեր պարտությունը կարձանագրենք»:
Հարցին՝ 2015-ին Սահմանադրական փոփոխությունները հայտարարեցիք կեղծ օրակարգ ու չմասնակցեցիք պայքարին, իսկ սահմանադրական փոփոխություններով փաստացի ՀՀ-ում այսօր այլ իրավիճակ է ստեղծվել՝ Փաշինյանը պարզաբանեց, որ իրենք այն ժամանակ ասել են՝ պետք է չմտնել Սերժ Սարգսյանի ստեղծած քաղաքական ծուղակի մեջ. «Մենք ասում էինք՝ բոլոր այն ուժերը, որոնք կմտնեն այդ ծուղակի մեջ, ջախջախված կլինեն եւ ոտի վրա կանգնած չեն լինի: Սերժ Սարգսյանի նպատակը հենց դա է՝ բուն քաղաքական պրոցեսից 2-3 տարի առաջ ջախջախել քաղաքական ուժերին, որպեսզի բուն վերարտադրության ժամանակ ոտքի վրա կանգնած քաղաքական ուժ չլինի, ով հնարավորություն ունենա դիմադրել այդ վերարտադրությանը: Հիմա եկեք նայենք՝ այդպե՞ս է իրականությունը, թե՞ այդպես չէ: Իհարկե, այդպես է, մենք գործում ենք այն ժամանակ գծագրած մեր ծրագրի համաձայն: Մենք այն ժամանակ ասում էինք՝ մենք այս ծուղակից պետք է խուսափենք, որովհետեւ եթե ճակատամարտ է, ուրեմն դա պետք է տեղի ունենա բուն վերարտադրության պրոցեսի ժամանակ, որովհետեւ կեղծ է այն պնդումը, որ եթե Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխություններում պարտվի, դա բերում է իշխանափոխություն»:
Ըստ Փաշինյանի, եթե Սահմանադրությունը մնար նույնը, դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը հեռանալու էր իշխանությունից. «Ենթադրենք, այսօր հին Սահմանադրությունն է, չի փոխվել, մեր այսօրվա քննարկման թեման ինչո՞վ էր փոխվելու՝ ոչնչով: 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը դառնալու էր վարչապետ եւ լինելու էր թիվ մեկ ֆիգուրը, եթե ամեն ինչ այսօրվա պայմաններում է: Այնպես, ինչպես ՌԴ-ում Պուտինն էր թիվ 1 ֆիգուրը, երբ Մեդվեդեւը նախագահ էր»:
Ուշագրավ է, որ Փաշինյանը Բորոդինոյի ճակատամարտի հետ համեմատեց Սահմանադրական փոփոխություններն ու դրան հաջորդած պայքարը՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ. «Նապոլեոնի բանակը մտավ Ռուսաստան եւ Կուտուզովը որոշեց, որ ամբողջ ՌԴ-ի տարածքը զիջում է, եթե հիմա ինքը ճակատամարտի բռնվի, կջախջախվի ողջ ռուսական զորքը: Ինքը նույնիսկ Մոսկվան զիջեց, բայց Բորոդինոյի ճակատամարտում ի վերջո կարողացավ բեկման հասնել: Մենք այն ժամանակ ասում էինք՝ ով մտավ այս ծուղակի մեջ, ջախջախվելու է եւ վերարտադրության պրոցեսում չի կարողանալու կազմակերպել դիմադրություն»:
Փաշինյանն ասաց, որ վաղը կհրապարակեն իրենց դիմադրության պլանը: Դիտարկմանը՝ այսինքն, վաղը կիմանանք, թե որն է լինելու ձեր Բորոդինոյի ճակատամարտը՝ Փաշինյանն արձագանքեց. «Դուք արդեն այսօր գիտեք, որ առաջիկա 14+4-ը մեր Բորոդինոյի ճակատամարտն է: Բորոդինոյի ճակատամարտն էլ է չէ՞ կոչվել Հայրենական…»: Թե ինչու է ռուսական ճակատամարտերի հետ համեմատում՝ Փաշինյանն ասաց. «Կարող ենք Սարդարապատի հետ էլ համեմատել, որեւէ խնդիր չկա»:
Փաշինյանը հույս հայտնեց, որ դա մեր ժողովրդի համար կդառնա հայրենական քաղաքացիական ճակատամարտ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ