Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան վերջնագիր է ներկայացնում Սիրիայի քրդերին». Ռուբեն Սաֆրաստյան

Մարտ 30,2018 13:04

«Սիրիայում առայժմ հաջողվում է խուսափել ռուսական ու ամերիկյան զինուժերի ուղղակի առճակատումից: Երկու երկրներն էլ լուրջ են տրամադրված եւ ամեն ինչ անում են, որ աշխարհին սպառնացող նոր վտանգը դուրս չգա Սիրիայից»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերլուծելով իրավիճակը Սիրիայում, ասաց թուրքագետ, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա ընդգծեց, որ Աֆրին քաղաք ներխուժած Թուրքիան շարունակում է Սիրիայի դեմ ռազմական ագրեսիան՝ գործողությունների շրջանակներն ընդլայնելով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի աջակցության շնորհիվ:

«Թուրքիան, ըստ էության, սկսում է պահանջներ ու վերջնագրեր ներկայացնել նաեւ Սիրիայի այլ տարածքների, օրինակ՝ Մամբիջ բնակավայրի նկատմամբ: Պահանջում է, որ քրդական ուժերը լքեն այն: Կարելի է ասել, որ սա վերջնագիր է: Ու, կարծես թե, այդ հարցում համաձայնություն կա ԱՄՆ-ի հետ, որն ընդունել է Թուրքիայի այդ տեսակետը: Եթե դա տեղի չունենա, Թուրքիան սպառնում է այստեղ եւս սկսել ռազմական գործողություններ»,-տեղեկացրեց փորձագետը:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությանը, թե ամերիկյան զինուժը դուրս է գալու Սիրիայից, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց. «ԱՄՆ-ն մինչ օրս չունի քաղաքական գիծ Սիրիայի հանդեպ: Փնտրտուքների մեջ է, վերջնական չի որոշել, թե Սիրիայում ինչ կարգավիճակով է մնալու՝ շարունակելո՞ւ է քրդերին աջակցել, թե հերթական անգամ լքելու է նրանց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031