ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանն, անդրադառնալով Փաշինյանի կողմից անընդհատ շրջանառվող Սերժ Սարգսյանի՝ 2014-ին արած հայտարարությանը, որ ինքը չի հավակնում ԱԺ նախագահի, վարչապետի պաշտոնին, ասել է, որ դա չէր դառնա այսքան քննարկման թեմա,եթե ընդդիմադիրներն այդ «հավակնել-չհավակնել» բառը վերլուծեին լեզվատրամաբանական տեսանկյունից:
Այսօր ՄԱԱ-ում հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Կոստանյանի այս խոսքերը, սա ՀՀԿ-ի հերթական արդարացո՞ւմն է՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես ուզում եմ իմանալ՝ Գեւորգ Կոստանյանն ի վերջո կողմնորոշվե՞ց, հիմա Ռոբերտ Քոչարյանի ասած ցուցարարների մասին, որոնք դուրս էին գալիս, կրակում էին եւ թաքնվում էին, այդ տեսանյութը կա՞, թե՞ չկա, որովհետեւ նա 3 օրվա ընթացքում 6 հայտարարություն արեց իրար հակասող: Այ երբ որ ինքը կկողմնորոշվի այդ հարցում, նոր արժի իր որեւէ հայտարարություն մեկնաբանել, որովհետեւ մեկնաբանենք՝ ինքը կկանգնի կասի՝ ես էդ նկատի չունեի, ես նկատի ունեի էն: Էն մյուսը մեկնաբանեմ,կասի՝ չէ, էդ նկատի չունեի, նկատի ունեի լրիվ ուրիշ բան: Ընդհանուր առմամբ մտքի այդ ընթացքը շատ բնորոշում է ՀՀԿ-ի տրամաբանությունը: Երբ նրանք խոսում են, ասում են, օրինակ, ժամացույց, պետք է գիտահետազոտական վերլուծություն իրականացնել, թե ինչ են նրանք ասում, նրանք ասում են ժամացո՞ւյց, թե՞ նրանք ասում են տրամվայ, թե՞ նրանք ասում են ընդհանրապես լրիվ ուրիշ բան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ