Լրահոս
Օրվա լրահոսը

Էստոնական մամուլի արձագանքն Ադրբեջանի կողմից Էստոնիայի քաղաքացի Կարինե Օգանեսյանին Բաքվի օդանավակայանից հետ ուղարկելու առնչությամբ

Մարտ 30,2018 12:46

Էստոնական մամուլը բավականին բուռն է արձագանքել օրերս Էստոնիայի քաղաքացի, Տալլինի քաղաքային խորհրդի նախագահի խորհրդական Կարինե Օգանեսյանին Ադրբեջան մուտքն արգելելու և Բաքվի օդանավակայանից հետ ուղարկելու դեպքի առնչությամբ: Երկրի հեղինակավոր պարբերականներն իրենց բողոքն ու անհանգստությունն են արտահայտել և հանդես եկել քննադատական հոդվածներով:

Դեպքի առնչությամբ էստոնական news.err.ee լրատվական կայքը մասնավորապես հաղորդում է, որ մարտի 23-ին Էստոնիայի պատվիրակության կազմում գտնվող Կարինե Օգանեսյանին, ով եկել էր միջազգային մանկավարժական կոնֆերանսին մասնակցելու համար, արգելել են մուտք գործել Բաքու, ինչի հիմնական պատճառը նրա հայկական ազգանունն էր, որի արդյունքում, 12 ժամ պահելով հատուկ չեզոք գոտում ,հետ են ուղարկել Էստոնիա։ Կայքը մեջբերում է նաև Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի արձագանքը. մասնավորապես դեսպանի խոսքով նման վարքագիծը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Բաքվի իշխանությունների անհանդուրժող և ռասիստական քաղաքականությունը։

Էստոնական ամենաազդեցիկ լրատվական կայքերից մեկը՝ delfi.ee-ն նույնպես անդրադարձել է միջադեպին՝ հայտնելով, որ չնայած Կարինե Օգանեսյանը էլեկտրոնային մուտքի արտոնագիր է ունեցել, նրան թույլ չեն տվել մտնել երկիր։ Կայքը մեջբերում է նաև Էստոնիայի ազգային փոքրամասնությունների պալատի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանի խոսքերը, ով իր դժգոհությունն է հայտնել սոցիալական ցանցերի միջոցով:

Դեպքի մասին գրել է մեկ այլ հայտնի լրատվական կայք՝ baltnews.ee-ը, որի փոխանցմամբ Կարինե Հովհաննիսյանի այցի ժամանակ ադրբեջանական իշխանությունների կողմից «հայտնաբերվել է սխալ»՝ հայտնաբերելով հայկական ազգանուն, ինչի արդյունքում Կարինե Հովհաննիսյանին կես օր օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել Էստոնիա։ Կայքը մեջբերում է դեսպան Տիգրան Մկրտչյանի թվիթերյան գրառումը, որ էստոնական կողմը պետք է համապատասխան կերպով կարձագանքի Ադրբեջանի կողմից Էստոնիայի քաղաքացու նկատմամբ նման վատ և ստոր վերաբերմունքի համար։

Էստոնիացի հայտնի լրագրող, EEA news-ի նախկին խմբագիր, և Estonian Warld online պորտալի գլխավոր խմբագիր Սիլվեր Տամբուրը դեպքի առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ այս միջադեպից հետո ոչ մեկի մոտ չպետք է պատրանքներ առաջանան, թե ի դեմս Ադրբեջանի, ինչ երկրի հետ գործ ունեն իրենք։ Հեղինակը նաև հավելում է, որ էստոնացի քաղաքական գործիչները ամբողջ աշխարհով մեկ պաշտպանում են մարդու իրավունքները, սակայն Ադրբեջանի պարագայում աչք են փակում:

ohtuleht.ee կայքը, հակիրճ ներկայացնելով դեպքի մանրամասները, նշում է, որ ի պատասխան իրենց հարցման, Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ իրենք տեղյակ են միջադեպից և միջոցներ են ձեռնարկում տեղի ունեցածը պարզելու համար: Կայքին նաև փոխանցել են, որ Էստոնիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կապի մեջ է եղել Օգանեսյանի հետ այն պահից սկսած, երբ պարզ է դարձել, որ նրան թույլ չեն տալից մուտք գործել երկիր:

postimees.ee լրատվականը ներկայացնում է ադրբեջանական իշխանությունների կամայականությունները և հայտնում, որ հայկական ազգանունը, չնայած փաստաթղթերի օրինական լինելուն, պատճառ է հանդիսացել Կարինե Օգանեսյանին երկիր մուտքն արգելելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031