«Սերժ Սարգսյանը փորձում է դրժել իր դրած պայմանը: Հիմնական մարտահրավերն այն է, որ ՀՀ քաղաքացիները կարողանան կազմակերպվել եւ պարտադրել Սերժ Սարգսյանին, որ նա կատարի իր իսկ առաջադրած պայմանագրի պայմանները». այսօր ՄԱԱ-ում հրավիրած ասուլիսում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Մենք հարցրեցինք՝ 2015-ին, երբ «Նոր Հայաստանի» հանրահավաքներն էին տեղի ունենում եւ ձեզ էլ հրավիրում էին մասնակցելու, դուք ասացիք՝ «մենք մարդկանց չենք առաջնորդելու դեպի պարտություն», հիմա դուք մարդկանց հրավիրելով հանրահավաքի, դեպի ո՞ւր եք առաջնորդում: Փաշինյանը պատասխանեց. «Կա երկու սցենար, որ Սերժ Սարգսյանը դառնում է ՀՀ վարչապետ եւ մյուս սցենարն այն է, որ մեզ հաջողվում է կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը: Եթե ենթադրենք մենք ժողովրդին ոչ մի տեղ չենք առաջնորդում եւ ոչ մի առաջարկ չենք անում եւ Սերժ Սարգսյանն առանց որեւէ խոչընդոտի դառնում է վարչապետ, դա արդեն ժողովրդի պարտությունն է: Մեր գործողության բացակայությունը արդեն իսկ ժողովրդին առաջնորդում է դեպի պարտություն, հետեւաբար մեր գործողությունը ստեղծում է հաղթանակի հնարավորություն: Եթե ՀՀ քաղաքացիները որոշեն օգտվել այդ հնարավորությունից, նրանք կհաղթեն, մենք բոլորս միասին կհաղթենք»:
Հարցին՝ ձեր պայքարը անձի՞, թե՞ կուսակցության դեմ պայքար է, եթե Սերժ Սարգսյանը հեռանա իշխանությունից եւ նույն խորհրդարանական մեծամասնությունն ունենանք խորհրդարանում, մենք ավելի լավ ուր արդա՞ր երկիր կունենանք՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես ուզում եմ մենք արձանագրենք, եւ դա հիմա արձանագրում են նաեւ ՀՀԿ-ի ներկայացուցիչները, որ ՀՀԿ-ն, բացի Սերժ Սարգսյանից, վարչապետի այլ թեկնածու չունի: Եթե մեզ հաջողվում է այնպես անել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետի թեկնածու, կամ չընտրվի վարչապետ, կամ վարչապետի ընտրություններ ընդհանրապես տեղի չունենան, դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները տասնյակ, հարյուր հազարներով արտահայտել են իրենց կամքը եւ քաղաքական պրոցեսները վերցրել իրենց ձեռքը: Եթե ՀՀ քաղաքացիները կարողացել են այնպես անել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետի թեկնածու, ուրեմն կարող են այնպես անել նույն տրամաբանության ու գործողությունների մեջ, որ ՀՀԿ-ն ընդհանրապես չունենա վարչապետի թեկնածու: Հարց է ծագում՝ այդ դեպքում ո՞վ կլինի վարչապետի թեկնածու: Եթե ժողովուրդը հարյուր հազարներով դուրս են եկել փողոց եւ իր կամքը ցուցադրել, վարչապետի թեկնածուն կլինի ժողովրդի թեկնածուն, նա, ում կընտրի ժողովուրդը հրապարակում»:
Հարցին՝ այլ ուժերի հետ բանակցո՞ւմ եք, որ միանան ձեզ հետ պայքարին՝ Փաշինյանը պատասխանեց, որ ունեն որոշակի շփումներ որոշ ուժերի հետ, բայց իրենց համար սկզբունքային հարցեր կան համագործակցության. «Հարցերից կարեւորագույնը քաղաքական պայքարի ոչ բռնի մեթոդներին է վերաբերում, մենք ոչ միայն մերժում ենք բռնությունը՝ որպես գործողություն, այլեւ մերժում ենք՝ որպես հակագործունեություն: Սա չի նշանակում, որ մենք քաղաքական պայքարի պրոցեսը պատկերացնում ենք՝ որպես փխրուն, նրբիկ, վախվորած մի բան: Մենք պատրաստ ենք գործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք հստակ ու աներկբա այս պայմանն ընդունում են եւ համաձայն են ձեւավորել երաշխիքներ, որ քաղաքական պրոցեսը կլինի այս պայմանների,այս սկզբունքների շրջանակում»:
«Հանուն Հայաստան պետության փրկության» ճակատից առաջարկել են Փաշինյանին միանալ, Փաշինյանն արձագանքեց, որ իրենց համար կարմիր գիծ է ոչ բռնի պայքարի սկզբունքը, իրենք մերժում են բռնությունը, իսկ «Հանուն Հայաստան պետության փրկության ճակատից» այդ կապակցությամբ հնչում են տարբեր գնահատականներ եւ քանի դեռ ճակատի անունից չկա միասնական հստակ հայտարարություն, այդ խնդիրը կմնա առկախված:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ