«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի առնչությամբ է հարցազրույցը բժիշկ-սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու, Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ինֆարկտային բաժանմունքի աշխատակից ՍՈՂՈՄՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:
-Իսկ ի՞նչ վիճակագրություն կա ծխողների առողջական խնդիրների վերաբերյալ` ի տարբերություն չծխողների:
-Օրինակ, ծխող մարդու մոտ, եթե նա սիգարետը սկսել է օգտագործել երիտասարդ տարիքից և արդեն 12-15 տարի ծխում է, սրտամկանի ինֆարկտի առաջացման հավանականությունը 2,5-3 անգամ ավելի բարձր է, քան նրան հասակակից մարդու մոտ, որն ընդհանրապես չի ծխում: Ինֆարկտից հետո ծխելը շարունակելու դեպքում սրտամկանի սուր ինֆարկտի կամ անկայուն ստենոկարդիայի առաջացման պատճառով կրկնակի հոսպիտալացումները կազմում են 30-32 տոկոս, իսկ ծխելը դադարեցրած անձանց շրջանում` 8-12 տոկոս, այսինքն` 3 անգամի տարբերություն կա: Սրանք արդեն ապացուցված վիճակագրական տվյալներ են, աքսիոմ, որը քննարկման ենթակա չէ:
Եթե մենք Հայաստանը համարում ենք քաղաքակիրթ երկիր, պետք է պայքարենք ծխախոտի օգտագործման դեմ: Ուղղակի մինչ օրենքի պատժիչ դրույթների կիրառումը, պետք է նախապատրաստել տեղեկատվական լուրջ հիմքեր, ընդհուպ մինչև այն, որ հասարակության գիտակցությանը հասցվի` չծխող միջավայրում ծխող մարդն անկուլտուրական է, ոչ քաղաքակիրթ:
Երբ գնում ենք եվրոպական և այլ զարգացած երկրներ, տեսնում ենք, որ այնտեղ չծխող միջավայրում ծխողին նայում են որպես ոչ քաղաքակիրթ մարդու: Մարդուն, ով գիտի, որ դա վնաս է, բայց շարունակում է ծխել, այնտեղ արդեն նորմալ չեն վերաբերվում, չեն համարում, որ իրենց հավասար մարդ է:
Իհարկե, կան փոխզիջումային տարբերակներ` ծխողների համար առանձնացված սենյակներ, վայրեր ռեստորաններում, օդանավակայաններում և այլուր:
Հիմնական ուղղությունը պետք է լինի այն, որ ծխող մարդը համարվի ոչ թե վատ մարդ, այլ ուղղակի` ոչ քաղաքակիրթ, ինչպես արտերկրում է: Նա կարող է շատ լավ մարդ լինել, պաշտոնյա, մեծ կրթություն ունեցող և այլն, սակայն ծխելով նրա կարգավիճակը, վարկը փոխվում են, տուժում:
Հարցազրույցը` Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում